ՀՀԿ-Ն ԼՈՒՐՋ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կատարվող իրադարձությունների հանկարծակիությունը շատերի մոտ թյուր տպավորություն է ստեղծել, թե իրադրությունն աննախադեպային է: Մինչդեռ հայ հասարակությունն արդեն իսկ անցել է այս շրջանը 1988-1990թթ., երբ կոմունիստական կուսակցությունը ստիպված եղավ հանձնել իշխանությունը: Թերեւս անհամեմատելի է միայն շարժումների տեմպը, քանզի այսօր այն շատ արագ է զարգանում: Սակայն ինչպես 1990թ., այսօր նույնպես իշխող վարչախումբը ատամներով պիտի կառչած մնա իշխանությանը այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին չի սպառել իրեն եւ չի հեռացել վարչական լծակներից:

Թվում էր` Սերժ Սարգսյանի հեռանալը քարուքանդ պիտի անի ՀՀԿ-ին ու իշխող վարչակազմը: Եվ սա լիովին տրամաբանական էր մի քանի պատճառներով: Նախ` ցանկացած հեղափոխություն իր տրամաբանության մեջ պետք է իշխանության բազմեցնի իր առաջնորդին, ուստի Սարգսյանի հեռանալով պետք է ինքնըստինքյան հեռանային նաեւ իր շքախումբը եւ առաջին հերթին այն անձինք, որոնք նրան հռչակել էին անփոխարինելի ու նախկին կոնֆիգուրացիան պահպանելու ջատագովն էին` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Եվ սա պետք է տեղի ունենար հեղափոխության չգրված կանոնով ճիշտ այնպես, ինչպես ամբողջ աշխարհում եղել է դարերի ընթացքում: Այնուհետեւ, քանի որ իշխանությունն ամբողջովին կառուցված էր Սերժ Սարգսյանի շուրջ, վերջինիս հեռանալը պիտի կազմաքանդեր նաեւ ՀՀԿ-ի միակուսակցականությունը: Սա ինչ-որ առումով տեղի ունեցավ, քանի որ առանց Սերժ Սարգսյանի, ուժային կառույցները ներփակվեցին` հրաժարվելով ճանաչել Կարեն Կարապետյանի գերիշխանությունն իրենց նկատմամբ: Ավելին` ՀՀԿ-ի զգալի մասը այսօր գտնվում է անորոշ վիճակում, ինչը լիովին բնական է: Եթե Սերժ Սարգսյանը չդիմացավ ճնշմանը, ապա ինչպես պետք է դիմադրի «օտար ու միայնակ» Կարապետյանը` ապահովելով անվտանգության հստակ երաշխիքներ ՀՀԿ-ի համար: Ի վերջո, Կարապետյանը երբեւէ չի մոռանալու, որ ՀՀԿ-ն իրեն մերժեց ու ստորացրեց Սերժ Սարգսյանի անփոխարինելիության դատարկախոսությամբ, իսկ ՀՀԿ-ն էլ չի կարող ներել իրեն արհամարհանքով վերաբերվող օտար առվակների շռնդալից մուտքը: Բայց եւ այնպես, համատարած այս անորոշության մեջ օրինաչափորեն աշխատում է ՀՀԿ-ականների բնազդը, որոնք զրկվել են Սերժ Սարգսյանի ամենակարող հովանավորությունից, բախվել են ինքնահաստատվող Կարեն Կարապետյանի պարտադրված ներկայությանը` չունենալով վերջինիս հանդեպ նվազագույն իսկ վստահություն, բայց նաեւ չիմանալով` արդյո՞ք կարելի է վստահել Շարժման ղեկավարությանը:
Իրավիճակը չափազանց նման է 1990թ. իշխանափոխության շրջափուլին: 2 տարի դիմադրելով հրապարակին` Կոմկուսը, ի վերջո, ստիպված եղավ զիջել իշխանությունը` օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրելով ՀՀ ԳԽ նախագահ: Սակայն Կոմկուսը միանգամայն հեշտ ու կամավոր չէր, որ զիջեց իշխանությունը ներկայիս փոթորկահույզ իրադարձություններից էլ ավելի լարված այն օրերին: Դեռեւս 1990թ.` մայիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, Մոսկվան Շարժման դեմ հանեց իր ողջ արսենալը` պիտակավորումների, հակաքարոզչության ու մեղադրանքների հսկայական ծավալով փորձելով վարկաբեկել Շարժումն ու առաջնորդներին քվեարկությունից առաջ: Այսօր նույն ձեւով է վարվում Կարեն Կարապետյանի շրջապատը, ինչը հուշում է միանման ձեռագրի մասին: Այսօր արդեն համացանցում տիրող արշավը Շարժման դեմ, փողոցներում կազմակերպված անօրինությունները գալիս են մեկ կենտրոնից` փորձելով վճռական ճակատամարտին ընդառաջ առավելագույնս թուլացնել Շարժումը: Նույն գիծն էր տարվում նաեւ 1990թ., երբ խորհրդարանական ընտրություններում Կոմկուսը ամեն ջանք գործադրելով ստացավ խորհրդարանի մոտ կեսը: Իշխանությունը զիջելու անկամությամբ` Կոմկուսը ԳԽ նախագահի թեկնածու առաջադրեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանին: Սուրեն Հարությունյանի պաշտոնազրկությունից հետո Մովսիսյանը, ինչպես այսօր Կարեն Կարապետյանը, լայն հեղինակություն չէր վայելում ՀԿԿ շարքերում: Մովսիսյանը չէր համարվում այն թեկնածուն, որին ընտրելով` երաշխավորված էր Կոմկուսի հետագա պաշտոնավարումը: Ավելին` փողոցում կանգնած էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք չէին կարող հանդուրժել Կոմկուսի հաղթանակը: Խաղաղ հեղափոխությունը հաղթել էր, եւ Կոմկուսի պատգամավորներին մնում էր համակերպվել այդ իրավիճակի հետ: Ի դեպ, Կոմկուսը այնժամ էլ լուրջ հակազդեցություն ցույց տվեց, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց միայն 4-րդ փուլում: Սակայն ՀԿԿ-ի պարկեշտ ու պետականամետ ներկայացուցիչները գիտակցեցին պահի լրջությունը` հանդես գալով Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանությամբ: Մարդիկ ընկալեցին, որ հեղափոխությունը հաղթել է, որի առաջնորդին պետք էր հանձնել պետության ղեկը: Կոմկուսը, վայելելով Կրեմլի ջերմագին աջակցությունը, անշուշտ կարող էր դիմադրել ու ձեռքից բաց չթողնել իշխանությունը, բայց դա անխուսափելիորեն հանգելու էր քաղաքացիական պատերազմի: Դա կլիներ հեղաշրջում` ընդդեմ հրապարակի, կամ որ նույնն է` ժողովրդի իշխանության:
Այսօր Կարեն Կարապետյանը փորձում է Սերժ Սարգսյանի դեմ իր սկսած կուլիսային հեղաշրջումն ավարտին հասցնել` փաստի առաջ կանգնեցնելով հրապարակին: Սակայն դա հղի է ծայրահեղ վտանգավոր հետեւանքներով թե՛ Հայաստանի համար, թե՛ անձամբ Կարապետյանի: Վերջինս անկարող է ապահովել հանրապետականների իշխանավարության շարունակականությունը, քանզի համակարգը պարտվել է հեղափոխությանը: Այստեղ այլեւս Սահմանադրություն չի աշխատում, ինչի պատճառով ՀՀԿ-ն պետք է խորհրդարանում ընտրի հրապարակի թեկնածուին: ՀՀԿ-ն կամ Հայաստանը կհասցնի քաղաքացիական պատերազմի, կամ իրավական արձանագրում կտա հեղափոխության հաղթանակին: Կախված որոշումից` պարզ կդառնա նաեւ ՀՀԿ-ի ճակատագիրը: Ի դեպ, որպես հիշեցում, 1990թ. հետո Կոմկուսը ինքնակազմակերպվեց ու դարձավ լուրջ ընդդիմադիր կուսակցություն: Խորհրդային տարիներին հայ ժողովուրդը նաեւ երջանիկ օրեր է ունեցել, ինչը օգնեց Կոմկուսին չմերժելուն, բայց նույնը չես ասի ՀՀԿ-ի մասին, այն ասոցացվում է չարիքի հետ, անկախ նրանից` ո՞վ է ՀՀԿ ղեկին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԽՆԱ ՀԱՐՍՏԱՆԱԼ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի տարեկան հայտարարագիր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա սկզբին քաղաքապետը իր ունեցած 25 հազար դրամ բաժնեմասը տարեվերջին վաճառել է 1.8 մլն դրամով: Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո: Մարգարյանն այսքան ունեցվածք է կուտակել այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմել է մոտ 677 հազար դրամ: Քաղաքապետը հայտարարագրել է նաեւ երկու բնակարան, անհատական բնակելի մեկ տուն, մեկ ամառանոց, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական շինություններ, երկու հատ ավտոտնակ եւ մեկ հատ «MERCEDES-BENZ S 450» մակնիշի ավտոմեքենա:
Եւ որպեսզի պարզ լինի մեր ընթերցողի համար, նկատենք, որ քաղաքապետը Երեւանի Թումանյան փողոցում ունի բնակելի շենքի մի ամբողջ հարկ` 190.2 քմ մակերեսով, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում` 137.9 քմ բնակարան, Ավանի Բաբաջանյան փողոցում` 1578.3 քմ տարածք, առեւտրի կենտրոնի տարածք` 761.24ք/մ մակերեսով: Բացի այդ` Աճառյան փողոցում` 3729.8 ք/մ, իսկ Չարենցի թաղամասում` 44ք/մ շինություն, մեկ ամառանոց Ջերմուկում, երկու ավտոտնակ: Ըստ շրջանառվող լուրերի` քաղաքապետին է պատկանում նաեւ «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տարոն Մարգարյանը 2011 թվականին ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո: Ի դեպ, նկատենք, որ տարիների ընթացքում նրա աշխատավարձը կրկնակի անգամ ավելացել է. 2011 թվականին այն ամսական կազմել է 336 հազար դրամ: Ավելին` 2014 թվականին քաղաքապետի ունեցած 115 մլն դրամը վերածվել է 250 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա այդ տարում 156.5 մլն դրամով հողամաս է վաճառել, իսկ 15 մլն դրամով` RANGE ROVER Supercharged 4.2 VOGUE մակնիշի ավտոմեքենա: Թե ինչպես է Տարոն Մարգարյանը հասցնում տարեցտարի ավելացնել ունեցվածքը, այդպես էլ անհայտ է մնում: Եւ սա այն դեպքում, երբ մեր հանրապետությունում պաշտոնապես աղքատությունը կազմում է մոտ 30 տոկոս:
Քաղաքապետի տիկինը` Գոհար Մարգարյանը, անցած տարում ունեցել է 50 մլն դրամ, այն դեպքում, երբ նրա հայտարարագրում նշված չէ` աշխատում է, թե ոչ: Նշված կլորիկ գումարը Գոհար Մարգարյանը հայտարարագրել է նաեւ 2016-ին, 2015-ին, 2014-ին, 2013-ին, 2012-ին եւ 2011 թվականներին: Կարելի է ասել` 50 մլն դրամը քաղաքապետի տիկնոջ թալիսմանն է. ո՛չ ավելանում է եւ ո՛չ էլ պակասում: Միայն 2012 թվականին տիկին Մարգարյանը նվեր է ստացել 39 մլն 60 հազար դրամի չափով:
Ի դեպ, այս տարվանից ապօրինի հարստացումը քրեականացվել է, եւ հիմա Էթիկայի հանձնաժողովը պետք է ուսումնասիրի՝ արդյո՞ք Մարգարյանն ու իր հարազատները հարստությունը կուտակել են օրինական ճանապարհով: Իշխանափոխությունից հետո այս առումով ուշագրավ փաստեր կարող են բացահայտվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՈՄԱՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Իշխող ՀՀԿ-ի դեմ քաղաքացիական անհնազանդությունները, բողոքի ալիքը շարունակվում է նաեւ Գյումրիում: Առավոտյան ցույցեր, հանդիպումներ, երեկոյան էլ բազմամարդ երթ Գյումրու տարբեր թաղամասերում: Կարգախոսներն էլ փոխվել են՝ մերժեք այս անգամ ոչ թե Սերժին, այլ «Մերժեք Սերժենց»:

Երեկ ցուցարարները գրոհել են Գյումրու քաղաքապետարանը: Նրանք կոչ են արել աշխատակիցներին եւս միանալ իրենց: Մի քանի ժամ ակտիվիստները նստել են քաղաքապետարանում, սակայն արձագանք աշխատակիցների կողմից այդպես էլ չի եղել: Ավելի ուշ Գյումրու ցույցերը համակարգող ու ցուցարարներին առաջնորդող մասնակիցները Թատերական հրապարակում մամուլի ասուլիս էին հրավիրել: «Գյումրին առաջիններից էր, որ միացավ համազգային շարժմանը եւ իր ուրույն մասնակցությունն ունեցավ, քանի որ մենք միշտ էլ տարբերվել ենք մեր ազատ խոսքով ու մտածողությամբ: Իհարկե, առաջին օրերին մենք դեռ այսքան շատ չէինք, ինչպես հիմա, որովհետեւ մարդիկ դժվարությամբ էին հավատում շարժմանը, գաղափարին ու հաղթանակին: Իսկ վերջին օրերին արդեն մեր ցույցերը բազմահազարանոց էին: Հաղթանակից հետո սպասելի էր, որ շարժմանը միանալու են մարդիկ, որոնք անգամ մեկ լումա ներդրում չեն ունեցել ու միայն քաղաքական ինչ-ինչ նկրտումներից ելնելով` հայտնվեցին մեր շարքերում: Պետք է սա էլ հասկանալ, նաեւ ձեւ գտնել, որ տիրապետող չդառնա»,- նշել է Կարեն Պետրոսյանը: Գյումրիում ցուցարարներին նաեւ պատգամավորներն են միացել, ինչը մի կողմից ոգեւորել է, բայց ոմանց ներկայությունը դժգոհություններ է հարուցել: Խոսքը, մասնավորապես, նախկին ՀՀԿ-ական, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է:
Ցուցարարներից Ղարիբ Հարությունյանն այս առումով նշել է. «Գյումրիում շարժումը կազմակերպեցին մարդիկ, ովքեր կուսակցական չեն, պարզապես անհատներ էին, որոնք չուզեցին անտարբեր մնալ երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Եվ բնականաբար հարթակն էլ քաղաքացիների կողմից ստեղծված է ու բնականաբար պիտի իրենց էլ ծառայեր: Գուցե սա էր պատճառը, որ խոսել ցանկացողներին չէինք մերժում՝ լրացուցիչ կոնֆլիկտներից խուսափելու համար: Բայց այսօր արդեն այլ օրակարգով կշարժվենք, հարթակում կլինեն մտավորականներն ու երիտասարդները: Հարթակը չպիտի դառնա քաղաքական շահարկման առարկա»:

ՇՈՒՇԱՆ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս