ՁԱԽՈՂԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԵՌ ԾՐԱԳՐԵՐԻՑ Է ԽՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր երեկվա հեռուստահարցազրույցում հայտարարել է. «Ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, կարող է` իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է եւ ոչ: Կարող է` նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է եւ պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Եկեք ԱԺ ձեր ծրագրով, եւ եթե ունեք այդ քվեն, ստացեք այն եւ դարձեք վարչապետ»:
Կարապետյանի խոսքերն իսկապես զավեշտի ժանրից են: Այս տարիների ընթացքում իշխանությունները միշտ էլ շռնդալից զարգացման խոստումնալից ծրագրեր են ներկայացրել: Բայց դրանք երբեւէ իրականություն չեն դարձել: Նույն Կ. Կարապետյանի կառավարությունը խոստացել էր բարելավել ժողովրդագրական վիճակը, բարձրացնել ծնելիությունը: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է ժողովրդագրական վիճակի մասին առաջին եռամսյակի տվյալները: Պատկերն իսկապես ողբերգական է: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ երկրի բնակչության թիվը կազմել է 2 մլն 969.9 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11 հազար 600-ով պակաս: Ծնելիության ցուցանիշը եւս նվազել է, ընդ որում՝ վերջին տարիների ընթացքում ամենացածրը. այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 8 հազար 225 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 536 էր: Ասել է, թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերը մնացել են թղթի վրա, չիրագործված: Եւ հիմա այս ձախողումից հետո խոսել ծրագրերի մասին, ոչ այլ ինչ է, քան սոփեստություն:
Մեկ փաստ էլ. Կարապետյանն արդեն երկրորդ անգամն է խուսափում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից, թեեւ ՀՀԿ-ն հենց նրան է լիազորել այս հարցում: Հավանաբար վախենում է, այլապես ուղիղ եթերում բանակցությունները շոուների սիրահար Կարապետյանը չէր մերժի:

 

 

 

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաեւ մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով: Իսկ կուսակցությունները, հատկապես, խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր` ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, եւ որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան: Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ հինգ տարիներին հանգիստ ապրելու են եւ կարողանալու են այդ գումարները ետ բերել: Բայց հիմա հակառակն է: Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն` իշխող ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եւ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը:

 

 

 

Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդներին սպառնում էին, որ կկտրեն մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» եւ առհասարակ մասնակցել ցույցին: Ավելին` նրանք կազմակերպել էին վանկարկել «քայլ արա, միացիր Սերժին»: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քաղաքացիների հասցեին սպառնալիքներ հնչեցնողները եղել են ոչ ավել, ոչ պակաս՝ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները՝ բաժնի պետ Սեւան Խաչատրյանի գլխավորությամբ: Ու որպեսզի մարդիկ իրեն չճանաչեին, Ս.Խաչատրյանը եղել էր ակնոցներով, գլխարկով, լրագրողի հարցին ի պատասխան` ներկայացել էր «շարքային Գեղամ»: Այլ կերպ ասած` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր ցուցարարների դեմն առնել իր աշխատակազմի փողոցային խուժանի միջոցով: Միայն թե չհաջողվեց:

 

 

Հայտնի երգիչ, դերասան Արամ MP3-ը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ նա մասնակցել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը, ցույցերին, բայց առանց իրեն գովազդելու: «Միակ բանը, որ չեմ անում, ամբիոնից խոսելն է։ Դա իմը չէ։ Բայց միանշանակ հետաքրքրված եմ այս պրոցեսներով։ Ժողովուրդը հոգնել է երկրում տիրող վիճակից։ Ինչպես ասում են՝ ժողովուրդը միշտ ճիշտ է»,-պնդել է Արամ MP3-ը: Նա նաեւ խոստովանել, որ այս օրերին ցանկացել է քաղաքական պրոցեսների վերաբերյալ գրառում անել, բայց հետո հետ է կանգնել այդ քայլից. «Հասկացա, որ դա անիմաստ է, քանի որ ով հասկանում է՝ ինչ է կատարվում, նա դրա կարիքը չունի, ով չի հասկանում՝ իմաստ չունի որեւէ բան ասելը։ Իհարկե, ամեն մեկս մեր ձեւով ենք արտահայտում մեր մտահոգությունը, եւ ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով անտարբեր կլինի երկրում տիրող իրավիճակի նկատմամբ»:

 

 

ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ
Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առնետավազքի դրսեւորումների բազմիցս ենք ականատես եղել: Առաջին լուրջ առնետավազքը 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո էր, երբ «իշխանության հայտնի մարմինների պահանջով» նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց: Ընդ որում, առաջին նախագահին հրաժարական պարտադրեց ոչ թե ժողովուրդը, այլ իշխանության մի մասը, ու մեկ գիշերում շատերը ՀՀՇ-ից հայտնվեցին Երկրապահում: Առնետավազք եղավ հոկտեմբերի 27-ից հետո, երբ ՀԺԿ-ն գնաց ընդդիմադիր ճանապարհով ու տեսնելով, որ Ռոբերտ Քոչարյանն իրենով է արել ՀՀԿ-ն, մի մասն անցավ այդ կուսակցության շարքերը: Առնետավազք էր 2002թ., երբ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից` հայտարարելով ընդդիմադիր դառնալու մասին. այն ժամանակ էլ երդվյալ ՕԵԿ-ականները հանգրվան գտան ՀՀԿ-ում: Առնետավազք էր նաեւ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն չմտնելով կոալիցիա` Քառյակի, հետո նաեւ Եռյակի շրջանակներում իշխանության դեմ դուրս եկավ, չհաջողեց, ու երբ Ծառուկյանը 2015թ. հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, ԲՀԿ-ականների մի մասը, առանց վայրկյան կորցնելու, շտապեցին հավատարմության երդումներ տալ ՀՀԿ-ին:
Այս բոլոր գործընթացները տեղի են ունեցել առանց ժողովրդի մասնակցության, այլ ժողովրդի թիկունքում, հաճախ ժողովրդի կամքին հակառակ: Մինչդեռ հիմա իրար հաջորդող գործընթացները միանգամայն ուրիշ տրամաբանության շրջանակներում են. իշխանության տարբեր թեւերից միանում են համաժողովրդական շարժմանը: Արդյո՞ք սա կարելի է համարել առնետավազք: Կամ արդյո՞ք առնետավազք կարելի է համարել, եթե ՀՀԿ մի մասը մայիսի 1-ին որոշի քվեարկել ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին: Միանշանակ ոչ: Ոչ, որովհետեւ այս դեպքում նրանք ոչ թե ժողովրդի թիկունքում ճամբարափոխ են լինում` հավատարմության երդումներ տալով իշխանության` տվյալ պահին ուժեղ թեւին, այլ ընդհակառակը` կատարում են հասարակության որոշումը: Հատկապես պատգամավորները, որոնք ներկայանում են որպես ժողովրդի ընտրյալ, հիմա պարտավոր են քվեարկել համաժողովրդական թեկնածուի օգտին:
Հիշեցնենք` ճիշտ նույն կերպ վարվեցին կոմունիստները 1990թ., երբ տեսնելով հայոց համազգային շարժման հաղթանակը` ԳԽ նախագահի պաշտոնում, ի վերջո, քվեարկեցին ՀՀՇ թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Հիմա մեզանում նման իրավիճակ է ստեղծվել: Եվ ՀՀԿ-ականները, որոնք դեռ ապրելու են Հայաստանում, այլ ոչ թե եկել են արտերկրից ու հարմար պահի կրկին փախչելու են արտերկիր, պետք է մտածեն այդ ուղղությամբ, այլ ոչ թե բարդույթավորվեն:




Լրահոս