ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇՏԱՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետական դումայի մի քանի պատգամավորներ երեկ` վաղ առավոտյան, ժամանել են Հայաստան: Նրանք բացի իշխող ՀՀԿ-ի անդամների հետ հանդիպելուց` դեմ չեն հանդիպել նաեւ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք սիրով կհանդիպենք նրա հետ: Որքան մեզ հայտնի է` նա Երեւանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպումից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Հայաստան ժամանողներն էլ հենց այս պատվիրակության անդամներն են, ովքեր ժամանել են հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ:
Եվ հետաքրքիրն այն է, որ այս այցը նախապես ծրագրված չի եղել, եւ նրանք որոշել են ժամանել Երեւան՝ այստեղի գործընթացների հետ կապված: Ուշագրավ է, որ այցից ընդամենը մեկ օր առաջ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հեռախոսազրույց ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Վերջին օրերին ՌԴ-ի ակտիվությունը սպասելի է, ի վերջո, նրանք կցանկանան ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել հենց Կարեն Կարապետյանին: Այս եւ այլ հարցերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կոնստանտին Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, ինչո՞ւ որոշեցիք ժամանել Հայաստան եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
-ՀՀ խորհրդարանում տարբեր խմբակցություններ կան, եւ բնականաբար «Ելք» խմբակցության ղեկավարության հետ եւս պետք է հանդիպումներ լինեն: Եթե կոնկրետ հարցը հնչեցնում եք, թե պատրա՞ստ ենք հանդիպել նաեւ Փաշինյանի հետ, եթե նա ցանկանա հանդիպել, ապա մենք չհամաձայնելու պատճառ չունենք, խնդրեմ, մեծ սիրով:
-Ձեր հանձնաժողովի անդամների այցը Հայաստան վաղո՞ւց է ծրագրված եղել, թե՞ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն են Ձեզ Հայաստան բերել:
-Ոչ, դա պայմանավորված է այն դեպքերով, որ եղան Հայաստանում: Մենք` որպես Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի անդամներ, բնականաբար, հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, գիտենք, թե այստեղ ինչ է կատարում: Եվ մենք ցանկանում ենք հենց տեղում հասկանալ, վերլուծել իրավիճակը, հանդիպել, շփվել պատգամավորների հետ, որպեսզի պատկերացնենք ընդհանուր իրավիճակը: Մեզ համար միեւնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ միայն լավն ենք ցանկանում հայ ազգին եւ հենց այդ պատճառով էլ մենք այժմ մի քանի օրով այստեղ ենք, որպեսզի հանդիպումներ անցկացնենք:
-Նշեցիք` հետեւում եք Հայաստանում ընթացող գործընթացներին: Ըստ Ձեզ` Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն է:
-Հետեւելով գործընթացներին` մենք տեսանք, որ ժողովրդի ցույցերի արդյունքում վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հրաժավական տվեց, սակայն դա ըստ էության չբավարարեց հավաքվածների եւ պայքարողների գոնե մի մասին, եւ պայքարը շարունակվում է, պահանջներն էլ` մեծանում: Ահա թե մենք ինչ գիտենք այստեղ տեղի ունեցող գործընթացների մասին: Անձամբ Նիկոլ Փաշինյանն այս ամենն անվանում է թավշյա հեղափոխություն, դա այս պահին նրա առաջարկն ու մեկնաբանությունն է այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Իհարկե, մենք հետեւում ենք այս ամենին եւ ցանկանում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, եւ Հայաստանը ներքին իրադարձությունների արդյունքում չթուլանա եւ շարունակի մնալ Ռուսաստանի գործընկեր, դաշնակից:
-Այսինքն` անկախ հնարավոր իշխանափոխությունից` ՌԴ-ն կշարունակի՞ նույն տեմպերով համագործակցել: Որքանո՞վ է Փաշինյանն ընդունելի ՌԴ-ի համար:
-Մենք առհասարակ չենք փորձում որեւէ ազդեցություն ունենալ որոշման վրա, թե ով պետք է Հայաստանում վարչապետ լինի: Միակ բանը, որ մեզ անհանգստացնում է, եւ մենք բացահայտ ասում ենք, այն է, որ Հայաստանում տեղի ունեցող եւ ունենալիք իրադարձությունները պետք է լինեն օրենքին համապատասխան: Մինչ այս պահը համենայնդեպս ամեն ինչ այդպես է եղել, մենք հույս ունենք, որ հետագայում էլ այդպես կլինի:
-Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հեռախոսազրույց ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, հիմա էլ պատգամավորներից կազմված խումբ է փաստորեն եկել Հայաստան: Սա չի՞ նշանակում, որ ՌԴ-ն ամեն դեպքում փորձում է միջամտել եւ խառնվել այստեղ տեղի ունեցող իրադարձություններին` ընդհուպ որպես շահ ունենալով Կարապետյանին վարչպետ դարձնելու հեռանկարը:
-Ես կարծում եմ` այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հայտնի է բոլորին: Ես չեմ հասկանում, թե ինչու է մեր այցն այստեղ ինչ-որ մարդկանց զարմացրել: Իսկ ի՞նչ եք կարծում, մենք պե՞տք է միայն կողքից հետեւեինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ոչ մի կերպ չխառնվեի՞նք եւ անձամբ չտեղեկանայի՞նք, թե իրականում ինչ է կատարվում: Ես կարծում եմ, թե դա սխալ է: Ընդ որում, ես ոչ մի բառով չասացի կամ իմ խոսքերից չստացվեց, թե ես պարոն Փաշինյանին դեմ կամ կողմ եմ հանդես գալիս: ՌԴ նախագահն իսկապես խոսել է Կարապետյանի հետ, իսկ մինչ այդ գործող նախագահ Արմեն Սարգսյանի հետ էր հանդիպել, եւ դա շատ բնական է երկու երկրների ղեկավարների համար: Հայաստանն ընդհանրապես մեզ համար օտար երկիր չէ:
Հ.Գ. Երեկ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել է, թե դեմ չէ հանդիպելու ռուս պատգամավորների հետ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ ԷԻՆ

Քաղաքական դաշտում այս պահին հարցերի հարցը վարչապետի թեկնածուի շուրջ է: Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչն է խնդիրը, որ դեռեւս ՀՀԿ-ի կողմից չի հայտարարվել վարչապետի թեկնածուի անունը: Դժվա՞ր է այս շրջանում արժանի թեկնածու գտնել:
-Ես, ճիշտն ասած, չեմ կարծում` դժվար է գտնել: Կարծում եմ` ՀՀԿ-ում, ինչպես ցանկացած քաղաքական ուժի ներսում, այժմ լուրջ քննարկումներ են գնում` նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ռացիոնալ լուծումներ գտնելու համար: Խնդիրը, համաձայնեք, միայն վարչապետի թեկնածուի մեջ չի: Մեզանում ակնհայտ է, որ կա քաղաքական ճգնաժամ, որը նախեւառաջ փաստում է, որ մեր հանրային օրգանիզմն առողջացման կարիք ունի: Մենք պետք է ոչ միայն մտածենք, թե ով պետք է լինի ապագա վարչապետը, այլ նաեւ մտածենք ստեղծված իրավիճակից ավելի առողջացած դուրս գալու մասին: Եվ պետք է մտածենք, թե որոնք են այդ քայլերը, որոնք կարող են վաղը, մյուս օրը երաշխիքներ ստեղծել, որ այդ մեր իրականությունն անընդհատ մաշեցնող հիվանդություններն աստիճանաբար վերանան: Եվ երբ ՀՀԿ-ն առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ նախագահի մոտ, դա ոչ միայն նրա համար է, թե ով պետք է լինի վարչապետ, դա, կարծում եմ, մեր իրականության ամենահրատապ խնդիրը չէ, այլ ինչ ենք մենք անելու, որպեսզի այս ճգնաժամից դուրս գանք առողջացած եւ զարգացման մի նոր, ավելի բարձր գալարի վրա: Հիմա խելամիտ, խելոք կլինենք` մեր ձեռքբերածը կպահպանենք, խելոք չենք լինի` ամեն ինչ կորցնելու ենք: Այս խնդիրն արդեն ներքաղաքական չէ, ցավոք, աշխարհաքաղաքական է: Մենք բերեցինք դրան:
-Կարծիք կա, որ հենց Կ. Կարապետյանը դրան նպաստեց, քանի որ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների եւ այլ անձանց հետ քննարկումներ սկսեց:
-Անիշխանություն, քաոսին մոտիկ իրավիճակ… երկար չի կարող տեւել անհետեւանք: Հետեւանքն աշխարհաքաղաքական է: Խոսքը սրա մասին է: Ուրիշներն էլ են սկսում մտածել, իսկ իրենց ռազմավարական հետաքրքրությունները կարո՞ղ են վտանգվել: Երբ Դուք Ձեր խնդիրները չեք լուծում, ուրիշները սկսում են զբաղվել այդ խնդիրների լուծմամբ` իրենց շահերից ելնելով: Մյուս կողմից` պետք է ընդունել, եւ դրանում կա նաեւ իշխանության բացթողումը, որ, ցավոք, մեր երկրում ընդդիմության դերակատարումն ու մասնակցությունը բավական նվազեցված է, եւ այդ առումով մենք պետք է քայլեր կատարենք:
-Դուք ինքներդ սպասո՞ւմ էիք, որ այդչափ մեծ թվով մարդիկ կհավաքվեն հրապարակում:
-Անկեղծ ասած` որոշ մտահոգություններ ունեի, բայց այս իրողությունն ավելին էր, քան ես կարող էի պատկերացնել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՀԱՍՑՐԵՑ ՓԱԽՉԵԼ
Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համաբարձումյանը, Երեւանում ապրիլի 16-ին բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկել ուսանողներին: Ընդ որում, ուսանողների վրա Համբարձումյանը հարձակվել էր ոստիկանների ներկայությամբ, կան նաեւ համապատասխան տեսագրություններ: Սակայն մինչեւ հիմա կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչու դատախազությունը չհանձնարարեց քրեական գործ հարուցել Հերացի փողոցում երիտասարդների նկատմամբ Մասիսի քաղաքապետի եղբոր կողմից բռնություններ կիրառելու վերաբերյալ: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են. «Քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»: Մինչ այդ, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի` Համբարձումյանը հասցրել է ճողոպրել ՀՀ-ից. ասում են՝ փախել է Ֆրանսիա:

 

 

ԱՆՏՈՒՆ Է ՄՆԱՑԵԼ
ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի անտուն է մնացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագահի լիազորությունների ավարտից հետո կառավարության որոշմամբ նրան առանձնատուն հատկացվեց, բայց կառավարական ամառանոցներից: Սա դժգոհության ալիք բարձրացրեց: Արդեն վարչապետի կարգավիճակում Ս.Սարգսյանը կառավարության առաջին եւ միակ նիստի ժամանակ հայտարարեց, թե հրաժարվում է իր առանձնատան սեփականությունից` ասելով, թե «կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ»: Այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց վարչապետի աթոռին նստած է Կարեն Կարապետյանը, սակայն Սարգսյանի առանձնատան հարցին այդպես էլ անդրադարձ չեղավ: Մինչդեռ, հիշեցնենք, որպես պաշտոնաթող նախագահ Սարգսյանը ՀՀ օրենսդրության համաձայն` պետք է առանձնատուն ունենա: Եւ Կարեն Կարապետյանը պարտավոր էր անդրադառնալ խնդրին:

 

 

ՏԵՂԱԿԱԼԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հայտնել էր, թե հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Դրանից մոտ 20 օր անց ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մուրադ Ոսկանյանը, որը հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս