«ՄԱՏԸ ԿՏՐԵԼ» ՍՊԱՌՆԱՑՈՂՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդների վրա «մատ թափ տալով» սպառնում էին կտրել նրանց մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» եւ առհասարակ գնալ, մասնակցել ցույցին: Մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիների ճանապարհը փակած, սպառնալիքներ հնչեցնողները եղել են Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:

Ինչպես հայտնի է` ապրիլի 23-ին Երեւան քաղաքում իրավիճակը թեժ էր: Բանն այն է, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ` «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: Առաջնորդների ձերբակալումը հասարակությանը պայքարի նոր ալիք հաղորդեց, եւ ապրիլի 23-ին ՀՀ բոլոր մարզերից, տարբեր վարչական շրջաններից քաղաքացիները շտապում էին Հանրապետության հարպարակ` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ այս օրերին «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալված մյուս քաղաքացիներին:
Ու մինչ իշխանությունները եւ իրավապահ համակարգը խառնված էին իրար` հասկանալու համար, թե ինչպես ստեղծված իրավիճակից դուրս գալ, Ավան վարչական շրջանից Կենտրոն վարչական շրջան շտապող քաղաքացիները հայտնվել էին խնդրի առաջ: Նրանց ճանապարհը փակել էին մի խումբ տղաներ եւ հակառակ ցուցարարներին` բղավում էին. «Քայլ արեք, միացեք Սերժին»:
Երբ «Ազատության» լրագրողը հետաքրքվում է, թե ինչու են փակում մարդկանց ճանապարհը, հավաքված տղաները նշում են, թե շառ ես անում եւ մոտենալով վարորդներին` հայհոյում են` բարձրաձայն ասելով. «Սիգնալ չտաս, մատներդ կկտրեմ»: Նրանցից մեկն ակնոց եւ գլխարկ էր դրել, որպեսզի իրեն չճանաչեին: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ անձնավորությունը Սեւան Խաչատրյանն է, որը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության բաժնի պետ: Ի դեպ, երբ լրագրողը նրանից հետաքրքրվում է, թե ո՞վ է նա, կներկայանա, վերջինս նշում է, թե շարքային Գեղամն է:
Քաղաքացիների «մատը կտրել» սպառնացող մյուս երիտասարդն էլ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցներից է (տես լուսանկարը):

Ասել է, թե Տարոն Մարգարյանն իր թիմի թափթփուկներին ոտքի էր հանել՝ ժողովրդի վրա «քսի տալու համար»: Սա, իհարկե, հասկանալի է, քանի որ իշխանափոխությունից հետո քաղաքապետարանի` այս տարիների գործունեությունն ուսումնասիրելու դեպքում աներեւակայելի չափերի հասնող կոռուպցիոն դրսեւորումների մասին բացահայտումներ կարող են լինել: Ուստի պարոն Տարոն Մարգարյանը որոշել էր իշխանափոխության դեմն առնել իր աշխատակազմի փողոցային խուժանի միջոցով: Միայն թե, նրան չհաջողվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք քաղաքապետն է հրահանգել նրանց դուրս գալ փողոց, ի՞նչ է արել Երեւանի քաղաքապետը խոլիգանություն թույլ տված անձանց նկատմամբ, ի պատասխան` Արթուր Գեւորգյանն ասաց. «Ձեր կողմից նախանշված դեպքը, եթե վերաբերում է կոնկերտ իրավախախտման, մեր երկրում իրավախախտումներով զբաղվում են իրավապահ մարմինները, հորդորում եմ դիմել իրավապահ մարմիններին»:
Այս ընթացքում, սակայն, իրավապահ մարմինները փորձում են անտեսել տեղի ունեցածը` քար լռություն պահպանելով: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն` հասկանալու համար, թե ինչ ընթացք են տվել դեպքին, սակայն մեզ հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր:
Այսպիսով` կպատժվե՞ն վերոնշյալ անձինք, դժվար չէ կանխատեսել, սակայն այս իրավիճակում չմոռանանք Նիկոլ Փաշինյանի զգուշացումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ ահազանգ էր հասել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին, որ բռնություն է կիրառվել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ցանկանում են մասնակցել ցույցերին, ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից հայտարարել էր. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, դու ի՞նչ է` ուզում ես` այլեւս Ձեր տնից դուրս չկարողանա՞ս դուրս գալ: Ես քեզ զգուշացնում եմ, Տարո՛ն, թափթփուկներին հավաքի, թե չէ մի ամիս տնից դուրս չես գա, պատուհանից էլ չես նայի»: Փաշինյանի նախազգուշացումից հետո Տարոն Մարգարյանը ոչ միայն չէր հավաքել «թափթփուկներին», այլեւ ընդհակառակը՝ նրանց նոր թափով էր «քսի տվել» մարդկանց վրա: Ասում են՝ փոշմանել է, բայց արդեն ուշ է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՔԾ-ԻՆ
Ինչպես հայտնի է` ապրիլի 16-ին «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ցուցարարների ուղղությամբ կիրառեցին ձայնային նռնակ, արդյունքում մարմնական բեկորային վնասվածքներ ստացավ 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվել. ապրիլի 16-ին ՀՀ դատախազության հանձնարարությամբ` ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների կողմից զանգվածային անկարգություններ իրականացնելու արդյունքում ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու համաչափության եւ իրավաչափության, ինչպես նաեւ այդ փորձերի ընթացքում քաղաքացիական անձանց եւ ոստիկանների վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:
Ու մինչ ՀՀ ոստիկանությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականը` հասկանալու համար, թե ինչ ընթացք պետք է տա գործընթացին, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ձայնային նռնակ կիրառելիս անվտանգության կանոնների պահպանման կապակցությամբ, որի արդյունքում վիրավորում ստացան ոչ միայն ցուցարարներ, այլեւ ոստիկաններ: Մեր հարցին ի պատասխան` ոստիկանությունից հայտնել էին. «Ձեր հարցմամբ նշված հանգամանքների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն չի նշանակվել, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 16.04.2018 թ.-ի դեպքերի կապակցությամբ կատարվում է նախաքննություն»:
Միայն թե, պետք է փաստենք, որ քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգությունների մասով ցուցարարների դեմ, այլ ոչ թե ձայնային նռնակն անվտանգության կանոնների խախտմամբ կիրառելու առթիվ: Այնպես որ, իրավապահների համար առանձին քննության առարկա պետք է դառնա հենց նռնակի կիրառման իրավաչափության, կիրառելիս անվտանգության կանոնները պահպանելու հարցը: Ինչ վերաբերում է զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործին, ապա նկատենք` այն քաղաքական նպատակ էր հետապնդում` վախեցնելու ընդդիմադիր գործիչներին եւ նրանց հետեւից գնացող ցուցարարներին: Այս օրերին իրավապահներն իրենց հարուցած քրեական գործի ձեռքն ընկել են կրակը, քանի որ գործի շրջանակներում ձերբակալված անձանց ապրիլի 23-ին ազատ արձակեցին, եւ դեռ ավելին` կա պայմանավորվածություն վերոնշյալ գործը կարճելու մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում: «Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում, բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում եւ կառուցողական երկխոսության պատրաստակամություն»,-նշել է նա:

 

 

ՄԵՐՁԱՎՈՐԻ ԴԵՄ
ՀՀ ՎՊ ստուգումների արդյունքում գյուղատնտեսության նախարարությունում բացահայտված պետական շահերի խախտման մի շարք փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրգործ է հարուցվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման եւ հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից մասամբ են հաշվի առնվել երինջների պահպանման անասնաբուժասանիտարական եւ տեխնոլոգիական պայմանները, շահառուների ֆինանսական հնարավորությունները, ծրագրի պատշաճ իրականացման համար չեն կիրառվել համապատասխան հսկողական մեխանիզմներ: Արդյունքում մի շարք դեպքերում ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները ոչ միայն չեն կատարել պայմանագրերով ստանձնած տարաժամկետ վճարման պարտավորությունները, այլեւ վերջիններիս մոտ ընդհանրապես առկա չեն ծրագրով ձեռքբերված երինջները»: «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ՎՊ բացահայտումներին: Ու հիմա եւս մեկ անգամ փաստենք՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը 2016թ. սեպտեմբերից զբաղեցնում է Իգնատի Առաքելյանը, որը Կարեն Կարապետյանի հավատարիմ կադրերից է: Ասել է, թե ՎՊ բացահայտումները, դրանց հիման վրա հարուցված քրգործը փաստում են, որ այս կառավարությունն առնվազն այս ծրագրով խախտել է ՀՀ պետական շահերը:

 

17 ԱՀԱԶԱՆԳ
Դատախազությունը հաղորդել է, որ հայտնի դարձող առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող ցանկացած տեղեկատվություն, իրավապահ մարմիններին ներկայացվող ցանկացած հաղորդում քրեադատավարական կարգով ուղարկվել է ստուգման` դրանց հետագա ընթացքը լուծելու եւ քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով: Ապրիլի 13-25-ը Երեւանում, ինչպես նաեւ երկրի այլ բնակավայրերում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ դատախազություն ստացվել է ընդհանուր առմամբ 17 ահազանգ: Դրանցից 11-ը` 13 լրագրողի վերաբերյալ, 9 դեպքի առթիվ` 11 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրգործեր: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին մնացած տեղեկությունների վերաբերյալ բավարար փաստական տվյալներ դեռ չկան կամ խիստ սահմանափակ են:




Լրահոս