ՄՈՍԿՎԱՆ ՉԷՐ ԽԱՌՆՎՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրացի փորձագետ Գելա Վասադզեի հետ:

-Պարո՛ն Վասադզե, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին Հայաստանում կատարված իրադարձությունները:
-Հայաստանում քանի որ իշխանությունն այսօրվա դրությամբ չի փոխվել, չենք կարող ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ, հեղափոխություն էր: Մյուս կողմից` ո՞րն է իշխանությունը Հայաստանում. կոնկրետ կուսակցությո՞ւնը, կոնկրետ քաղաքական ուժե՞րը, թե՞ իշխանություն` կառուցված ինչպես բուրգ` ձեւավորված մեկ անձի շուրջ: Գլխավոր հանգամանքն այլ է. այս իրադարձություններից հետո Հայաստանն այլեւս երբեք չի լինի այնպիսին, ինչպես նախկինում էր: Հայաստանը փոխվել է եւ փոխվել է դեպի լավը: Ես չեմ խոսում վերեւում կատարվող քաղաքական դասավորությունների մասին: Ես խոսում եմ այն մասին, որ ժողովուրդը զգաց իր քաղաքական ուժը: Իսկ դա ամենակարեւորն է:
-Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եւ շարունակվող պայքարն ինչպե՞ս եք գնահատում:
-Այն, որ նա այս օրերի ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում դարձավ լուրջ քաղաքական դեմք, անհատ, դա փաստ է: Թե ինչ կլինի վաղը, որքանով կհերիքի նրա իմաստնությունը եւ քաղաքական փորձը, բարդ է ասել: Որքանո՞վ իրեն կհաջողվի պահպանել իր քաղաքական հանրաճանաչությունը եւ քաղաքական կշիռն այս պայմաններում, շատ բարդ է կանխատեսել: Իհարկե, կցանկանայի նրան եւ բոլոր այն մարդկանց, ում ժողովուրդը վստահում է, մաղթել հաջողություն:
-Ձեզ մոտ` Վրաստանում, նույնպես մեծ փոփոխություններ եղան, եւ հեղափոխությունն իսկապես կայացավ: Եթե մի փոքր համեմատական անցկացնեք, ի՞նչ կարող եք ասել:
-Չնայած մեր երկրների որոշակի նմանությանը, ներքին գործընթացները մի փոքր տարբեր են: Վրաստանում հեղափոխության ընթացքում մասնակցում էին հենց համակարգից քաղաքական գործիչներ, այսինքն` գործիչներ, որոնք իշխանությանն էին: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է, բայց դա մի փոքր այլ բան է: Վրաստանում հեղափոխության լիդերներից մեկը Ազգային ժողովի խոսնակն էր, մյուսը` նախկին խոսնակը, մեկ այլ լիդեր` արդարադատության նախկին նախարարը: Եվ իրենք իրենց քաղաքական ու ֆինանսական ռեսուրսներով մասնակցում էին այդ գործընթացին: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին եւ մեկ ուրիշ օլիգարխ աջակցեցին հեղափոխությանը: Դա շատ լուրջ է: Բացի դրանից` հեղափոխությանը գրեթե միանգամից աջակցություն հայտնեցին Ռուսաստանը եւ Արեւմուտքը: Եվ Վրաստանում իշխանափոխություն եղավ: Հայաստանում մի փոքր այլ է. համակարգը ձեւավորված էր Սերժ Ազատիչի շուրջ: Հիմա շատ բարդ կոնֆիգուրացիա ենք ստացել. մի իրավիճակ, որտեղ շատ լուրջ սեփականատիրական պայքար կընթանա: Հիմա շատ բան արդեն տեղի է ունենում, այսպես ասած, գորգի տակ: Ի՞նչ պայմանավորվածություններ են, ի՞նչ է քննարկվում ֆինանսական խմբերի կողմից, որքանո՞վ այս ամենի մեջ դերակատարում ունեն մոսկովյան շատ հարուստ հայերը: Սրանք բավական լուրջ հարցեր են, որոնց վերաբերյալ չենք կարող հստակ գնահատական տալ, քանի որ տեղեկության չենք տիրապետում: Հիմա քննարկումներ են նաեւ Հանրապետական կուսակցության ներսում: Ոմանք ընդունում են Կարեն Կարապետյան կերպարին, ոմանք` մերժում: Եվ այս ամենի մասին չենք կարող հստակ խոսել, քանի որ տեղյակ չենք, եւ շատ քիչ անձինք են տեղեկության տիրապետում:
-Իսկ ի՞նչ եք կարծում` այլ երկրներ պե՞տք է որեւէ քայլ իրականացնեն, խառնվեն այս գործընթացներին:
-Չպետք է խառնվեն, բայց խառնվում են: Միամիտ կլիներ կարծել, որ նրանք չեն խառնվի: Սակայն պետք է ասել, որ երկիր, որը ռեսուրս ունի խառնվելու այդ ամենին, Ռուսաստանն է: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն չունեն այդպիսի ռեսուրս: Նրանք կարող են իրենց կարծիքն արտահայտել, կամ եթե ուժ կիրառվեր, ես վստահ եմ, որ բոլորը պատժամիջոցների տակ կընկնեին: Ինչ մնում է Ռուսաստանի ղեկավարությանը եւ Մոսկվային, իրենք բավական ամուր կառավարում են այս գործընթացը, եւ Կարապետյանի` Պուտինի հետ խոսակցությունը փաստում է այդ մասին: Այնտեղ հստակ ասվում էր, որ բոլոր գործընթացները պետք է կարգավորվեն սահմանադրական դաշտում եւ անցած խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչի մասին է խոսքը գնում: Սակայն իրականում կանխատեսել, թե ինչ կլինի վաղը, պրակտիկորեն անհնար է: Իրավիճակը փոխվում է: Իհարկե, վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ցանկալի է, մյուս կողմից` նախընտրական պայմանների հստակ կառուցվածքի բացակայության պայմաններում ինչի դա կհանգեցնի, նույնպես չգիտենք:
-Ակնհայտ է, որ երբ շարժումը նոր սկսվեց, Ռուսաստանը, բացի զսպվածության կոչ անող հայտարարություններից, որեւէ այլ բան չէր ասում: Եվ միայն Ս. Սարգսյանի հրաժարականից հետո հստակ մեսիջներ սկսեցին ուղղվել:
-Այո: Նրանք չեն խառնվել այդ ժամանակ: Եվ պետք է քննարկել, թե ինչու: Մոսկվան չէր խառնվում, որովհետեւ իր համար նախընտրելի չէր Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում, կամ սպասում էին, թե ինչով այս ամենը կավարտվի: Տվյալ պահին մենք կարող ենք միայն ենթադրել այդ ամենը: Իսկ այն, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի համար նախընտրելի է, դա, կարծում եմ` փաստ է, որը բոլորն են տեսնում:
-Այժմ մի կողմից` Ն. Փաշինյանը հայտարարում է, որ ժողովուրդը պետք է վարչապետ ընտրի, մյուս կողմից` իշխանությունը կարծես թե պատրաստվում է վարչապետի սեփական թեկնածուին առաջադրել:
-Սահմանադրական դաշտում ժողովրդի ընտրություն կազմակերպելն անհնարին է: Հեղափոխություն նշանակում է ամբողջ իշխանության փոփոխություն, եւ որքանով է դա այժմ հնարավոր, դժվար է ասել: Կարեւոր հարց է նաեւ, թե արդյո՞ք վաղաժամ խորհրդարանական ընտրություններ կլինեն եւ ի՞նչ համակարգով դրանք տեղի կունենան: Արդյո՞ք հին մեխանիզմները կկիրառվեն Հանրապետական կուսակցության կողմից, որի մասին մենք գիտենք: Ն. Փաշինյանն ընդհանրապես ասում է, որ ՀՀԿ-ին պետք է հեռացնել, բայց արդյո՞ք հանրապետականները կհեռանան: Կասկածում եմ: Հեղափոխության համար երկրի ներքին ուժերն են անհրաժեշտ, իսկ Հայաստանի դեպքում, ուղիղ ասենք` Մոսկվայի աջակցությունն է անհրաժեշտ: Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ` Հայաստանում մի լավ բան արդեն տեղի է ունեցել. ժողովուրդը գիտակցեց իր ուժը, եւ ինչ իշխանություն էլ գա, կիմանա, որ եթե կարիք լինի` ժողովուրդը վաղը նույն ձեւով դուրս կգա փողոց` իրենց հեռացնելու համար:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը երեկ աննախադեպ բազմամարդ էր. Վարդանանց հրապարակում, առանց չափազանցնելու, կանգնելու տեղ չկար: Մինչ այդ, գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են դհոլ-զուռնայով, երգ ու պարով: Գյումրու մուտքի մոտ Փաշինյանն իջավ ավտոմեքենայից ու ոտքով շարժվեց դեպի քաղաքի կենտրոն: Վարդանանց հրապարակ նա հասավ ֆայտոնով:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է անվերապահորեն»,- իր ելույթում հայտարարել է Փաշինյանը: Խոսելով զարգացող իրադարձությունների մասին` Նիկոլ Փաշինյանը կոչ է արել գյումրեցիներին չկոտրվել, չվախենալ ու պայքարել մինչեւ լիակատար հաղթանակ ու հատուկ կոչով դիմել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին. «Կա մի պարզ գործողություն՝ բացատրել Կարեն Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ, որովհետեւ այն երկիրը, որտեղ վարչապետը կարող էր լինել ՀՀԿ անդամ, այդ երկիրն այլես գոյություն չունի: Եթե Կարեն Կարապետյանը առաջադրի իր թեկնածությունը, նշանակում է, որ իրեն հռչակում է ժամեր շարունակ այս տեղատարափ անձրեւի տակ կանգնած ժողովրդի թշնամին: Կարե՛ն, դու որոշիր` ուզու՞մ ես, արդյոք, ունենալ այսպիսի հզոր թշնամի: Եթե ուզում ես, քեզ սպասում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանին: Եւս երեք րոպե, եւս 5 րոպե կարող եք ձգել, բայց ձեր սուլիչը՝ եզրափակիչ սուլիչը սուլելու է անխուսափելիորեն»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, թե ժողովրդի այս հաղթանակը անշրջելի է: «Եւ այն երաշխավորված դարձնելու համար կա մի ճանապարհ. այն է՝ ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելը։ Եթե ես իմանամ, որ կա որեւէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը եւ հաղթանակի զգացողությունը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից»։ Նա նաեւ ասաց, որ ժողովրդի հաղթանակը պետք է դե յուրե հաստատվի մայիսի 1-ին Աժ-ում տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում։
Ելույթներից հետո ցուցարարներն ավելի են ոգեշնչվել ու դուրս եկել քայլերթի: Մեկ ժամ շարունակ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ քայլել է Գյումրու փողոցներով ու հիշեցրել, որ 28 օր առաջ իր քայլը սկսեց Գյումրիից՝ վստահ լինեով, որ «Իմ քայլը» նախաձեռնությունը հաղթանակով է պսակվելու:

ՇՈՒՇԱՆ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

ԴՈԼԱՐՈՎ ՆՎԵՐ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Լոռու մարզի Ստեփանավանի հավերժ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի դրամական միջոցները մեկ տարում զգալի ավելացել են: Ավելին` պարզվում է, որ անցած տարում Ղարաքեշիշյանները դոլարի տեսքով «նվերներ» են ստացել:

Ղարաքեշիշյանի` պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ, 55 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է, որ ստացել է 10 հազար դոլար «նվեր»: Նշված է նաեւ, որ ունի մեկ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք, անհատական բնակելի մեկ տուն, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական շինություն, 4 հատ հողամաս, Լեքսուս եւ Մոսկվիչ ավտոմեքենա:
Սակայն քաղաքապետի տարեկան հայտարարագրում ե՛ւ դրամական միջոցներն են զգալի ավելացել, ե՛ւ ստացած «նվերը»: Այսպես` քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ներկայացրած տարեկան հայտարարագրում նշված է, որ ունի 9 մլն 850 հազար դրամի եւ 85 հազար դոլարի չափ դրամական միջոց: Նա անցած տարում որպես նվիրատվություն ստացել է 30 հազար դոլար: Նույն տարում քաղաքապետը որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը եւ վարձակալության դիմաց ստացած 138 հազար դրամը: Ղարաքեշիշյանի տիկինը` Լարիսա Լավրենովան, ամուսնուց հարուստ է: Նրա դրամական միջոցները կազմում են 17 մլն 247 հազար դրամ, 70 հազար դոլար եւ 9.2 մլն ռուսական ռուբլի: Քաղաքապետի տիկինը որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 9 մլն 646 հազար դրամի շահաբաժինը: Խոսքը «Ալբերտ Ղարաքեշիշյան» ընկերության մասին է: Այն պատկանում է քաղաքապետի որդուն` Ալբերտ Ղարաքեշիշյանին: Ի դեպ, տեղեկացնենք, որ քաղաքապետի մյուս` 23-ամյա որդին` Արտյոմ Ղարաքեշիշյանը, անցած տարում եւս «նվեր» է ստացել 12 մլն 752 հազար դրամի չափով: Թե ինչ նվերների մասին է խոսքը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս