ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԶԳԱԼԻ ՊԱԿԱՍԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երեք տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը աստիճանաբար նվազում է: Բացի այդ` պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը, որը վերջին տարիներին ամենափոքրն է:

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969.9 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 981.5 հազար էր: Այսինքն` 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 11 հազար 600-ով է պակասել, տարեսկզբի համեմատ՝ մոտ 3 հազարով:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից բնակիչների թվաքանակը պակասել է: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը ձախողվել է, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 3500-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 3500 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Իսկ ՀՀ կառավարությունը մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում: Անգամ Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում: Մինչդեռ կառավարությունը պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ պետք է իրականացներ հանրապետության մյուս տարածքներում` բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում: Փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:
Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց` նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե 2016 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 9 հազար 125, 2017-ի նույն ժամանակահատվածում` 8 հազար 536, իսկ 2018-ին` 8 հազար 225: Այսինքն` այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 311-ով պակասել է: Իսկ ահա 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 900-ով: Նշենք, որ այս տարվա ծնելիության ցուցանիշները վերջին տասը տարիների մեջ ամենացածրն են:
Փոխարենը նվազել է մահացածների թիվը. այս տարվա հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համամետ, մահացածների թիվը պակասել է 805-ով:
Մյուս կարեւոր, բայց դրական նորությունը` ամուսնությունների թիվն է աճել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին ՀՀ-ում գրանցվել է 3826 ամուսնություն, 2017-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 3544-ի: Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 3580 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 36-ով ավելի է: Բայց մյուս կողմից ավելացել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես 2018թ. հունվար-մարտին ամուսնալուծությունների թիվը կազմել է 1021, 49-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից ավելի: Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, ինչպես վիճակագրությունն է փաստում, տարիների կտրվածքով աճի միտում է ցուցաբերում: Ըստ ԱՎԾ-ի` ամուսնալուծությունների թիվը վերջին երեք տարիներին աստիճանաբար ավելանում է: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե ո՞ր պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Բայց աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները առաջին հերթին խանգարում են հայ երիտասարդներին ընտանիք կազմել:
Այս բոլոր տվյալներն արձանագրվել են մի կառավարության օրոք, որն, ընդհակառակը, միանգամայն հակառակ ցուցանիշներ էր խոստանում: Մեջբերենք փոքր հատված ՀՀ կառավարության ծրագրից. «Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը եւ աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»: Տեսնում ենք՝ ՀՀ-ում ինչպես է բարելավվում ժողովրդագրական վիճակը, բարձրանում ծնելիությունը եւ այսպես շարունակ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆ ԷԼ ՄԻԱՑԱՎ
Նախօրեին` ժամը 16-ի սահմաններում, Բագրատաշենի մաքսակետի հին եւ նոր շենքեր տանող ավտոճանապարհների խաչմերուկի մոտ ցուցարարները մոտ կես ժամ փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը: Ցուցարարների առաջ ելույթ է ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: Մի քանի օր առաջ Արսեն Աղաբաբյանը եւ Կողբ համայնքի ավագանին հայտարարել են, որ միանում էին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը: Մաքսակետի մոտ կայացած հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: Նա հայտարարել է, որ ինքը ՀՀԿ անդամ է, սակայն միանում է ժողովրդական շարժմանը: Վերջինս 2012 թվականից ղեկավարել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան համայնքը, 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններից հետո ընտրվել խոշորացված Այրում համայնքի ղեկավար: Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը, Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Դեղձավան, Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան գյուղերը: Ապրիլի 26-ին կայացել է Իջեւան համայնքի ավագանու նիստ, քաղաքի ավագանու 12 անդամները, ովքեր ներկա են եղել, միաձայն որոշել են միանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը: Ավագանու անդամ Վահե Ղալումյանը այդ մասին հայտնելով` հավելեց, որ ավագանու նիստից մեկ ժամ առաջ ցուցարարների երթը շարժվել է դեպի Իջեւանի քաղաքապետարանի շենք, քաղաքապետ Վարդան Ղալումյանը միացել է ժողովրդական շարժմանը: Վ. Ղալումյանը եւս ՀՀԿ անդամ է:

 

 

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԼՈՐԵՆԻՆԵՐ ԵՆ ՀԱՏԵԼ
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հատվել է 5 լորենի: Ազգային պարկի աշխատողները հատված ծառերի փայտանյութը ապրիլի 25-ին տեղափոխել են իրենց գրասենյակի տարածք, որպեսզի այն սահմանված կարգով տնօրինեն: Ազգային պարկի փոխտնօրեն Բենիկ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ անհայտ անձինք հավանաբար գիշերվա մթության մեջ փորձել են իրենց հատած ծառերի փայտանյութը տեղափոխել, սակայն վախեցել են, որ կնկատվեն ազգային պարկի տեսուչների կողմից, հատած ծառերը տեղում թողնելով` փախուստի են դիմել: Բ. Սարգսյանը հայտնեց, որ իրենք միջոցներ են ձեռնարկում ապօրինի անտառհատում կատարածներին բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկացանք, որ մինչ այժմ այդ կապակցությամբ ոստիկանությունը ազգային պարկի տնօրինությունից դիմում չի ստացել: Նշենք նաեւ, որ լորենու փայտանյութը պիտանի չէ որպես վառելափայտ օգտագործելու համար, դրանից քիչ ջերմություն է ստացվում, լորենու փայտը պետքական է որպես շինանյութ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

2.4 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել եւ արձանագրվել է 33 իրավախախտում, որոնց վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 2.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Այս ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.9 մլն ՀՀ դրամ: Մասնավորապես բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 11 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 15.9 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել գործարանի մոտ: Նրանք պահանջում են դադարեցնել գործարանի գույքի օտարումը: Նաիրիտցիները բարձրացնում են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը` դժգոհելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ եւ լսում իրենց հուզող հարցերը:
Նախկին աշխատակիցները կարծում են, որ գործարանը հնարավոր է վերագործարկել եւ ստանալ շահույթ: Նրանք նաեւ նշում են, որ այս պահին կան գործարանը վերագործարկել ցանկացող շահագրգիռ անձինք, սակայն ՀՀ կառավարությունը ընդառաջ չի գնում եւ չի աջակցում, որպեսզի վերջիններս աուդիտ իրականացնեն եւ անցնեն հետագա քայլերին:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 1200 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մեկանգամյա մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ-ում բնակվող 1200 սիրիահայ խոցելի ընտանիքներին սննդի փաթեթների տեսքով: «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով եւ հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: Պետք է նվազեցնել բնակչության խոցելիությունը մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց»:




Լրահոս