ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏ ՑԻՆԻԶՄԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ», Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնների արտիստ, «Խաչագողի հիշատակարանը», «Կյանք ու կռիվ 2», «Հոսանքին հակառակ» ֆիլմերից հայտնի դերասան Սամվել Թոփալյանը այն հայտնիներից է, որոնք միացել են Սերժ Սարգսյանի, ապա Հանրապետական կուսակցության դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը։ Սամվելը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական ներքին խնդիրներին, Նիկոլ Փաշինյանի կերպարին, նշել, թե որը պետք լինի ժողովրդի առաջիկա անելիքը։

-Սամվե՛լ, ի՞նչ տպավորություն ունեք շարժման ներկայիս փուլից, մասնավորապես երիտասարդների գերակայությունից։ Կոնկրետ Դուք ինչի՞ դեմ եք ելել պայքարելու։
-Ես կանգնել եմ երիտասարդների կողքին, որովհետեւ կարծում եմ, որ իրենց պոռթկումը, ըմբոստությունը տեղին է եւ ճիշտ, որովհետեւ մեր երկրում այնպիսի բաներ են կատարվում, որոնք ուղղակի անհանդուրժելի են։ Մենք չենք ուզում վաղը ջիպեր քշել, ընդամենը չենք ուզում, որ մեր երկրում տիրի այս բարձիթողի վիճակը, լկտիությունն ու բացահայտ ցինիզմը, որին անընդհատ ականատես ենք դառնում։ Երիտասարդները հենց դրա դեմ են պայքարում, հանուն լավ ապագայի։ Ես շատ եմ ուզում, որ երեխաներս մեր երկրում ապրեն, որ ես իմանամ, որ ապրում եմ օրինական երկրում։ Կարելի է ապրել սոված, պատերազմի մեջ, թշվառ, բայց առանց հույս՝ կոտրված եւ թեւաթափ հայրենիքում ապրել չի կարելի, ես դա անընդունելի եմ համարում։
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Կարեն Կարապետյանը չներկայացավ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությանը։
-Գիտեք՝ ես չեմ կարող գնահատականներ տալ, որովհետեւ չքաղաքականացված մարդ եմ, այս օրերին կատարվում են բաներ, որոնց ես բացարձակապես չէի սպասում։
-Երիտասարդների պայքարի մեջ ի՞նչ հուսադրող տարրեր եք նկատում, ի՞նչն է Ձեզ ոգեւորում։
-Մեր երիտասարդների մեջ շատ լուսավոր, ուժեղ բան եմ տեսնում։ Ամենակարեւորը՝ տեսնում եմ, որ նրանց պայքարն ինքնանպատակ չէ, այնպես չէ, որ մի քանի հոգի դուրս են եկել փողոց, մյուսներն էլ ասում են՝ դե, մենք էլ գնանք։ Այդ երիտասարդները ուզում են իրենց հայրենիքում ապրել, ընդ որում՝ լավ հայրենիքում. մեղավո՞ր են, որ նման ցանկություն ունեն։ Ես համոզված եմ, որ Հայաստանից լավ տեղ չկա, սա է մեր երկիրը։ Մենք ընդամենը ուզում էինք մեր երկրում ժպտացող դեմքեր տեսնել, եւ տեսանք, ես այդ ժպիտները երբեք չեմ մոռանա։ Երեւի ամենամեծ հաղթանակն այն էր, որ մարդու մեջ տարիներով ճզմված դրական, պոզիտիվ բաները դուրս պրծան։
-Դուք Նիկոլ Փաշինյանին տեսնու՞մ եք վարչապետի պաշտոնում։ Ըստ Ձեզ` ո՞վ է լավագույն թեկնածուն։
-Անկեղծ ասած՝ ոչ, չեմ տեսնում։ Ինքն այն կերպարը չէ, որին ես կուզեի տեսնել այդ պաշտոնում, ցավոք, ոչ ոքի չեմ տեսնում այդ պաշտոնում։ Ես ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի քայլը շատ արդար է, որ ժողովուրդն է իր մեջքին կանգնած, այլ ոչ թե ուրիշ ուժ։ Մենք հենց այդպիսի մարդու պակաս ունենք՝ արդար մտածող, իր անձնական շահը ժողովրդի շահից չգերադասող։ Եթե ինքն այդպիսին է, ես միմիայն ուրախ եմ։
-Ի վերջո, այս պարագայում անհատների խնդիր չի լուծվում, այլ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, համաձա՞յն եք։
-Այո, ստեղծված համակարգի դեմ է պայքարը, բացահայտ ցինիզմ էր գալիս այդ համակարգից, անդեմ, տեսակ չունեցող մարդիկ էին այդ համակարգի մաս կազմում, դա ահավոր էր, ահավոր։
-Արվեստագետների կոչերը ի՞նչ ազդեցություն ունեն շարժման ընթացքի վրա։
-Ամեն մարդ ազատ է իր որոշումների մեջ, ես ոչ ոքի չեմ կարող խելք սովորեցնել, ես դրա խնդիրը բացարձակ չունեմ։ Ամեն մարդ իր ներքին կուլտուրայով, ազնվության չափանիշներով է առաջնորդվում։
-Ո՞րը պետք է լինի ժողովրդի հետագա քայլը։
-Ամենակարեւորն այն է, որ մեր քայլերը լինեն տրամաբանված, զուտ «հաբռգելու» միտումը չլինի։ Հասկանանք՝ ուր ենք գնում եւ ինչու։ Այդքանը։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՇՈՒՏՈՎ ԳԱՐԻԿԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԵԹԵՐ. ԱՐԱՄ MP3

«Մոտ ժամանակներում Գարիկ Պապոյանը կվերադառնա եթեր։ Նրա առողջական վիճակը կայունանում է, ոչ մի խնդիր չկա, հուսով ենք՝ գալիք շաբաթ արդեն եթերում կլինի»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նրա գործընկեր, երգիչ, հաղորդավար Արամ MP3-ն։ Այնպես որ, շուտով «Լավ երեկոյի» հետեւորդները կկարողանան էկրաններին տեսնել տեւական ժամանակ բացակայած Գարիկին, ով վերջերս ենթարկվել էր ողնաշարի վիրահատության։

Հարցին, թե ստեղծագործական ինչ պլաններ ունի, Արամը պատասխանեց, որ այսօր ոչ ոքի չի հաջողվում ներքին քաղաքական պրոցեսներից անմասն մնալ՝ սկսած իրենից, վերջացրած հանդիսատեսով. «Այնպես որ, հիմա ոչ ոք համերգների, տեսահոլովակների հավես չունի։ Մեր երկրում ամեն ինչ խառնվել է։ Հուսով եմ՝ ամեն բան շուտ եւ լավ կավարտվի։ Ի դեպ, ապրիլի 26-ին համերգ էի նշանակել, հետաձգեցի»,-նշեց մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրեց, որ մասնակցում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը, ցույցերին. «Միակ բանը, որ չեմ անում՝ ամբիոնից խոսելն է։ Դա իմը չէ։ Բայց միանշանակ հետաքրքրված եմ այս պրոցեսներով։ Ժողովուրդը հոգնել է երկրում տիրող վիճակից։ Ինչպես ասում են՝ ժողովուրդը միշտ ճիշտ է»,-մեկնաբանեց Արամը։
Նա նաեւ խոստովանեց, որ այս օրերին ցանկացել է քաղաքական պրոցեսների վերաբերյալ գրառում անել, բայց հետո հետ է կանգնել այդ քայլից. «Հասկացա, որ դա անիմաստ է, քանի որ ով հասկանում է՝ ինչ է կատարվում, նա դրա կարիքը չունի, ով չի հասկանում՝ իմաստ չունի որեւէ բան ասելը։ Իհարկե, ամեն մեկս մեր ձեւով ենք արտահայտում մեր մտահոգությունը, եւ ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով անտարբեր կլինի երկրում տիրող իրավիճակի նկատմամբ»,-ասաց երգիչը։
Արամը պատմեց, որ երբեմն վիրավորական հաղորդագրություններ է ստանում, որտեղ իրեն հարցնում են, թե որտեղ է ինքը, ինչ է անում ժողովրդի համար եւ այլն. «Ես էլ պատասխանում եմ՝ իսկ դու՞ ինչ ես անում, ի՞նչ իրավունք ունես ինձ քննադատելու, դու ի՞նչ գիտես՝ ես որտեղ եմ կամ ինչով եմ զբաղված։ Շատ դեպքերում այդպիսի հաղորդագրություններ գրողները համակարգչի կողքից այն կողմ չեն գնում։ Ինչեւէ, բոլորիս համբերություն»,-եզրափակեց նա։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԿՈՄԱՅԻ ՄԵՋ Է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը ինֆարկտով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը եւ գտնվում է կոմայի մեջ, միացված է թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքին: 82-ամյա դերասանը այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է հիվանդանոց տեղափոխվում:

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԵՄ Է
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեմ է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի ռմբարկու Նեյմարի տրանսֆերին: Պորտուգալիայի հավաքականի ավագը նախընտում է Արքայական ակումբում տեսնել անգլիական «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին: Ռոնալդուն կարծում է, որ դաշտում իր համար ավելի հեշտ կլինի համագործակցել 25-ամյա Սալահի հետ, քան «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստի:
33-ամյա պորտուգալացին ցանկանում է հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում, այդ պատճառով դեմ է Ռոբերտ Լեւանդովսկու («Բավարիա») ու Հարի Քեյնի («Տոտենհեմ») տրանսֆերներին:

 

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹԻՎ
Իտալիայի առաջնության 35-րդ տուրի` «Ինտեր»-ի եւ «Յուվենտուս»-ի միջեւ կայանալիք խաղում անշլագ է սպասվում: Հանդիպման բոլոր` 78,328 տոմսերը վաճառվել են: Տոմսերի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 5 մլն եվրո, ինչը ռեկորդային է համարվում Ա Սերիայի խաղերի պատմության մեջ:
Առաջիկա խաղը երկու թիմերի համար չափազանց կարեւոր նշանակություն կունենա. «Ինտեր»-ը պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար` առաջնության ավարտից 4 տուր առաջ «Ռոմայ»-ին (3-րդ հորիզոնական) եւ «Լացիո»-ին (4-րդ հորիզոնական) զիջելով 1 միավորով, իսկ «Յուվենտուս»-ը «Նապոլի»-ի հետ պայքարում է չեմպիոնության համար` մրցակցին գերազանցելով 1 միավորով:
Հիշեցնենք` հանդիպումը կկայանա այսօր Միլանում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

 

 

ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ԹԻՄԸ
«Բարսելոնա»-ն կողմնորոշվել է, թե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ որ ֆուտբոլիստներն են հեռանալու թիմից: Ցուցակում տեղ են գտել ֆրանսիացի պաշտպան Լյուկա Դինը, կոլումբացի պաշտպան Յերի Մինան, իսպանացի Ալեյշ Վիդալը եւ պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը: «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մտադիր է ուժեղացնել թիմի կազմը:




Լրահոս