Սուրենավանցիները փակել էին միջպետական ավտոճանապարհը. կարկտակայանը չի աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչները երեկ փակել են Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը։ Պատճառը տեղացած կարկուտի հետեւանքով ստացված մեծ վնասներն են։ Սուրենավանցիները պահանջում են փոխհատուցել կրած վնասները, առավել եւս, երբ գյուղում եղած հակակարկտային կայանները չեն կրակել, քանի որ դրանք գազով լիցքավորված չեն եղել։ Արդյունքում` սուրենավանցիների ծիրանենիները վնասվել են։

Գյուղի բնակիչների մի մասը պնդում է` կայանը չի աշխատել լիցքավորված գազի արտահոսքի պատճառով։ Իսկ ահա մի մասի կարծիքով, պատճառը եղել է հոսանքի մատակարարման խափանումը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ գյուղի բնակիչները հակակարկտային կայանների չաշխատելու հարցում մեղադրում են գյուղապետ Կարո Կարապետյանին, ով պարբերաբար խոստացել է գազ գնել կայանի գործարկման համար, բայց այդպես էլ չի կատարել խոստումը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում Սուրենավանի գյուղապետն «անհետացել է».. գյուղացիների հետ անգամ չի բարեհաճել հանդիպել։ Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը եւս չկարողացավ կապ հաստատել. նրա հեռախոսահամարն անջատված էր։ Թե որտեղ է այժմ գտնվում գյուղապետը, այդպես էլ անհայտ է։ Բնակիչների պնդմամբ, նա «փախած է»։

Մինչ այդ, տեղեկացնենք` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն հաշվառում է կարկուտի հետեւանքով կրած վնասները, եւ շուտով կհրապարակվեն ուսումնասիրությունների արդյունքները։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս