Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մայիսի 15-ին այցելել է Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին, ով կուսակցության կողմից պաշտոնապես գրանցված է որպես առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն: Փայլանն այցելության ավարտին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Էդիրնեի բանտում այցելեցի նախագահի մեր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին: Ժամերով աշխատեցինք: Նրան փոխանցեցի հազարավոր ողջույններ: Նա ևս բոլորիդ բարևներ էր ուղարկում»,- նշել է Փայլանը՝ հավելելով, որ Էդիրնեից մեծ ոգևորվածությամբ է վերադարձել:
Հայ պատգամավորը հրապարակել է նաև Դեմիրթաշի կողմից արված գրության լուսանկարը, որում ասվում է. «Սիրով ստացա Գարո Փայլանի կողմից ինձ փոխանցված բարևները: Ձեզ եմ ուղարկում իմ անկեղծ ողջույններն ու սերը»:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը միայն 18 ամիս անց էր թույլ տվել Փայլանին այցելել Դեմիրթաշին:
Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Նա Թուրքիայի պատմության մեջ առաջին գործիչն է, ով կալանավորված լինելով հանդերձ պաշտոնապես գրանցել է իր նախագահի թեկնածությունը:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի: