Արփի լիճն ապահովում է Շիրակի մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրային ծավալի 90 տոկոսը։ Դրանից զատ, Արփի լճից դոտացիոն կարգով ջուր է բաց թողնվում մարզի այլ ջրամբարներ եւս, մասնավորապես Կառնուտի ջրամբար։ «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ եղավ ՀՀ Շիրակի մարզում եւ արձանագրեց, որ դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են։ Ըստ Շիրակի մարզպետարանի բնապահպանության վարչության` Ախուրյան տանող շլյուզները փակված են, որովհետեւ ջուրը բաց է թողնվում դեպի Կառնուտի ջրամբար։
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Կառնուտի ջրամբարից այս տարի ջրբացթողում դեռեւս չի իրականացվել։ Իսկ ահա անցած տարի ջրբացթողումն իրականացվել է հունիսի 1-ից սկսած։ Ըստ ջրպետկոմի` այս պահի դրությամբ անձրեւոտ եղանակի շնորհիվ Կառնուտի ջրամբարում կա 16 մլն խմ ջուր։ Անցած տարվա այս ժամանակահատվածի տվյալներով, Կառնուտի ջրամբարում եղել է 15,380 մլն խմ ջուր։ «Կառնուտի ջրամբարը կարող է մինչեւ 18 մլն խմ ջուր ամբարել. եւս 2 մլն խմ ջուր ամբարելուց հետո միայն կբացվեն դեպի Ախուրյան տանող շլյուզերը»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ջրպետկոմի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Սրան զուգահեռ նկատենք, որ եթե Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են, հետեւաբար դեպի Ախուրյանի ջրամբար ջուր չի կարող գնալ։
Մեր հարցին` ի վերջո ե՞րբ են բացվելու Ախուրյան տանող շլյուզները, Մարտիրոսյանը հայտնեց. «Կախված է նրանից, թե որքան կտեւեն անձրեւները, եւ ինչ ջրապահանջ կունենան Կառնուտի ջրամբարից սնվող հողակտորները։ Այո, Ախուրյանի ջրամբար չի գնում ջուր, քանի որ այնտեղ կուտակված ջուրը, ինչպես գիտեք, 50/50 համամասնությամբ կիսում ենք թուրքական կողմի հետ։ Իսկ Կառնուտինը` ոչ։ Այդ իսկ պատճառով նախ եւ առաջ աշխատում ենք լցնել Կառնուտի ջրամբարը, հետո նոր` Ախուրյանինը»։
Մինչդեռ նկատենք, որ Կառնուտի ջրամբարում ջուր կուտակելու արդյունքում Ախուրյանի ջրամբարն է շարունակում դատարկ մնալ։ Եւ սա այն դեպքում, երբ Արարատյան դաշտավայրում սկսվել է ոռոգման սեզոնը: Տեղեկացնենք նաեւ, որ մարզում բանջարանոցային կուլտուրաների սածիլման աշխատանքը սովորաբար սկսվում է մայիսին։ Բայց այս տարի ոռոգման սեզոնը շուտ է սկսվել, քանի որ հանրապետությունում եղանակային բարենպաստ պայմաններ են։
Եւ չի բացառվում, որ առաջիկայում Արմավիրի, Արարատի մարզերի գյուղերի մի քանի հարյուրավոր բնակիչներ առաջիկայում դարձյալ ոռոգման ջրի խնդիր ունենան եւ ճանապարհ փակեն։ Իսկ ինչ է անում Ջրային տնտեսության պետական կոմիտեն խնդիրը կարգավորելու համար: Բացարձակ ոչինչ, բացի ջրամբարները սխալ շահագործելուց։ Նաեւ` այս տարի կառավարությունը մի քանի հարյուր միլիոնների չափով գումար է հատկացրել ջրպետկոմին հավելյալ պոմպակայաններ ձեռք բերելու համար։ Բայց սրա փոխարեն ջրպետկոմը կարող էր խնայողաբար օգտագործել ջուրը եւ Կառնուտի ջրամբարը չափից ավելի քանակությամբ ջուր բացթողնելու փոխարեն միաժամանակ մտածեր նաեւ Ախուրյանի ջրամբարը լցնելու մասին։
Իսկ պաշտոնապես, Ախուրյանի ջրամբարի լցվածությունն այս պահի դրությամբ 359,96 մլն խմ է, որը 80,53 մլն խմ-ով պակաս է անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից։ Ի դեպ, անցած տարի եւս Ախուրյանի ջրամբարը պակաս էր լցվել 70-90 մլն խմ-վ։ Այս տարի ըստ պաշտոնական հայտարարությունների` ջրամբարն ավելի պակաս է լցվել, սակայն, եղանակային պայմաններից ելնելով, ուզենք, թե չուզենք, ոռոգումը սկսել ենք մեկ ամիս շուտ։ Սա նշանակում է` ոռոգման սեզոնն ավելի երկար կտեւի, իսկ ջրի դեֆիցիտը` աղետալի։ Բայց ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ջրամբարներով հարուստ Հայաստանը հույսը դարձյալ կդնի Սեւանա լճից բացթողումների վրա։
Մյուս կողմից, պարզվում է, Շիրակի մարզում ջրային բացթողումները, կարճ ասած` «ջրային իշխանությունը» «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանի ձեռքում է։ Խոսքը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր մասին է, ով իր շքեղ ապարանքը ջեռուցելու համար «ձրի գազ» էր օգտագործել: Տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ինքը երբ ցանկանում է շլյուզները փակում է, երբ մտքին կա` բացում։ Բացի այս, տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ Կառնուտի ջրամբար այս ընթացքում նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, որը հետագայում ինչ-ինչ ճանապարհներով «վաճառվում է»։ Սա բնականաբար չի վերահսկվում, եւ այդպես էլ անհայտ է մնում, թե որտեղ են կորչում այդ ջրերը։ Եւ զարմանալի չէ, քանի որ նույն Ռուստամ Գրիգորյանին «Շիրակ» ՋՕԸ բերել է ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը։ Նրանք միասին աշխատել են գազամատակարարման ներտնային ծառայությունների սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունում։ Անձամբ` Ռուստամ Գրիգորյանին «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ գտնել, քանի որ աշխատանքային ժամերին աշխատանքային հեռախոսահամարներն այդպես էլ չպատասխանեցին։
Այն, որ Կառնուտի ջրամբար նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, այդ մասին է վկայում Վահրամաբերդ-Կապսի գյուղերի կամուրջի ծանրացած լինելը։ Քանի որ բաց թողնվող ջրի մեծ ծավալի պատճառով «Շիրկանալը» հնարավոր է չդիմանա. այն կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Ի դեպ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից Կառնուտի ջրամբար մայիս ամսվա ընթացքում ջուր բաց թողնելու թույլատրելի մակարդակը վայրկյանում 1.6 խմ է։ Այնինչ Շիր.կանալի գերծանրաբեռնվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ վարկյանում 1.6 խմ-ի փոխարեն բաց է թողնվում մոտ 5 խմ։
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրեց նաեւ, որ Շիր.կանալից ներքեւ ընկած հատվածում դիտակետեր տեղադրված չկան։ Մինչդեռ դրանց առկայության դեպքում հնարավոր կլիներ վերահսկել ջրի բացթողման չափը`դեպի Ախուրյանի ջրամբար։ Չէ՞ որ հնարավոր է փաստաթղթերում դեպի Ախուրյանի ջրամբար ջրի բացթողման այլ թվեր ներկայացվեն, իսկ իրականում`այլ։Շլյուզները փակ լինելուց բացի, ձկների ձվադրման համար այս կարուեորագույն սեզոնին փակ է նաեւ ձկնուղին, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ Արփի լճի Ախուրյան գետի ձկան պաշարների եւ էկոհամակարգի համար:
Սյունէ Համբարձումյան