«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարծիք է հայտնել, թե համաժողովրդական շարժման հաղթանակից հետո իրավիճակ է փոխվել նաեւ դատական համակարգում: «Դատավորների մեջ տեսնում եմ ոգեւորվածություն, որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որեւէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որեւէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ նախկինում չկար այդ ոգեւորությունը, Վարդազարյանն ասել է. «Այն իրականությունը, որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգեւորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել»:
Նա միաժամանակ բացառել է, որ նոր իշխանությունները փորձեն դատական համակարգի վրա ճնշումներ գործադրել: «Ես բացառում եմ դա, գոհունակությամբ եմ բացառում, որ հնարավոր չէ, իրադրության փոփոխությունը բերեց նրան, որ որեւէ զանգ չի ընդունվի, որեւէ ճնշում չի լինի, ե՛ւ քաղաքական իշխանությունը, ե՛ւ հասարակական կարծիքն է այդպիսին, որ դատարանին պետք է թողնել՝ կատարելու իր հիմնական գործառույթները»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: