Ինչով են զբաղվելու առանց պաշտոնի մնացած նախկին նախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջությամբ ձեւավորված է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե նախկին նախարարներն այսուհետ ինչո՞վ են զբաղվելու:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայան

-Պարոն Կարայան, այժմ, երբ այլեւս նախարար չեք, ի՞նչ գործունեություն եք ծավալելու:

-Ես 20 տարուց ավելի անընդմեջ պետական համակարգում եմ աշխատել: Երեւի մի տասն օր կհանգստանամ, հետո կփորձեմ իմ կարողությունները մասնավոր հատվածում օգտագործել:

-Այսինքն` գործարա՞ր դաշտում եք լինելու:

-Երեւի: Չեմ իմանում: Դեռ ոչ մի բան չեմ իմանում:

-Դատելով Ձեր կենսագրությունից` երկար ժամանակ աշխատել եք Ֆինանսների նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

-Այո՛, բոլոր հնարավոր պաշտոնները զբաղեցրել եմ` մինչեւ նախարար:

-Դուք կուսակցական չեք եւ, ըստ էության, կարող էիք շարունակել աշխատել Փաշինյանի կառավարությունում, սակայն առաջարկ չեղավ:

-Հիմա դա էական չէ: Էականն այն է, որ հիմա արդեն ես էլ չեմ մտածում այդ մասին: Հիմա ինչի անդրադարձ կատարենք կամ վերադառնանք դրան: Նպատակահարմար են գտել` այլ նախարար աշխատի, թող աշխատի այլ նախարար: Ես էլ ասել եմ, որ հնարաորություններիս սահմաններում միշտ պատրաստ եմ օժանդակել մեր երկրի զարգացմանը:

-Հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց. Արծվիկ Մինասյանից այս պաշտոնը ժամանակին Ձեզ փոխանցվեց, հիմա էլ Ձեզնից կրկին իրեն է փոխանցվում:

-Այո՛, այդպես է:

-Իսկ հիմա, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կաշխատի Արծվիկ Մինասյանը:

-Ես հույս ունեմ, որ ինքը շատ լավ կաշխատի: Մեծ հույս ունեմ, որ արդյունքները կպահպանվեն, մի բան էլ կավելացվեն, ամեն ինչ լավ կլինի:

-Պարոն Կարայան, իսկ ինչի՞ համար եք ափսոսում, ո՞ր ծրագրերն էին, որ Դուք չհասցրիք իրագործել:

-Ճիշտն ասած, ոչնչի համար չեմ ափսոսում: Առավելագույնս փորձել եմ որքան կարող եմ, անել: Ինչն էլ որ կիսատ է մնացել, պարոն Մինասյանին փոխանցել եմ, որ ինքն անի:

-Իսկ առաջնահերթ ո՞ր խնդիրներն այժմ պետք է լուծվեն:

-Հիմնական խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը պետք է դարձնել արտահանելի:

-Ի՞նչ եք կարծում, Փաշինյանի կառավարությունն ինչպե՞ս կաշխատի:

-Չեմ կարող ասել: Հիմա ճիշտ չի լինի, որ ես գնահատական տամ: Ժամանակը ցույց կտա: Հույս ունենամ, որ իրենք կարդարացնեն:

-Տեղեկություն ունեինք, որ խոսակցություն է եղել այն մասին, որ նախարարներն իրենք պետք է հրաժարական տան եւ չսպասեն, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հեռացնի պաշտոնից: Այսինքն` դա որպես պատվի հարց է ներկայացվել: Սակայն Դուք հրաժարական չներկայացրիք:

-Ես չեմ գտնում, որ պետք է հրաժարական տայի: Ես եղել եմ ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ հրամանագրով նոր նախարարի նշանակվելը: Եվ իմ լիազորությունները դադարեցվել են: Այլ բան ես չեմ ուզում մեկնաբանել:

-Բայց, այնուամենայնիվ, եթե Ձեզ Փաշինյանի թիմի կողմից առաջարկվեր շարունակել պաշտոնավարումը, կհամաձայնեի՞ք:

-Եթե-ներով չեմ ցանկանա, որ խոսենք կամ քննարկենք: Կա այն, ինչ որ կա:

-Քանի որ ասացիք` երեւի տասն օր կհանգստանաք, հնարավո՞ր է` այդ նպատակով արտերկիր մեկնեք:

-Արտերկիր երեւի թե ոչ, որովհետեւ ինչ իմանամ` ինչպես կստացվի, ինչ առաջարկներ կունենամ: Բայց քանի որ այս տարիներին աշխատել եմ շատ լարված ռեժիմով, մի փոքր հանգիստը չէր խանգարի: Երբեք մեկ ամսով չեմ հասցրել հանգստանալ: Եղել են տարիներ, երբ հասցրել եմ առավելագույնը երկու շաբաթով հանգստանալ: Եվ կարծում եմ, որ այժմ, եթե մասնավոր հատվածում աշխատեմ, դրանով էլ կծառայեմ իմ երկրին:

-Բայց մասնավոր հատվածում էլ բավական խնդիրներ կան:

-Միշտ էլ խնդիրներ կան: Իմ աշխատած ժամանակ ես փորձել եմ առավեալոգույնս բարձրացնել եւ տալ լուծումներ: բայց դա դեռ չի նշանակում, որ խնդիրներ չկան եւ չեն լինելու հետագայում:

-Իսկ ամենամեծ ձեռքբերումը Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞րն եք համարում:

-Համարում եմ այն, որ մենք կարողացանք լուրջ տնտեսական ակտիվություն երկրում արձանագրել: Իմ կողմից հիմնական շեշտադրումն այն էր, որ զարգացնենք արտահանումը երկրից: Եվ իմ ու նախարարության ամբողջ ներուժը ներդրել ենք դրա վրա, ինչպես նաեւ ներդրումներ ներգրավելու համար: Եվ ես գնալուց առաջ հաշվետվություն եմ հրապարակել, որտեղ այդ ամենը նշված է: Ամեն դեպքում ես ինքս ինձ չեմ ցանկանա գնահատականներ տալ:

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան

-Պարոն Սարգսյան, քանի որ այլեւս նախարարի պաշտոնում չեք, ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:

-Հենց լրագրողներին վերաբերող մի բան լինի, ես կհայտնեմ:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյան

-Պարոն Մարտիրոսյան, նախարարի պաշտոնից հետո ի՞նչ աշխատանքով եք պատրաստվում զբաղվել:

-Առայժմ ես հանգստանում են ընտանիքիս հետ միասին: Իսկ թե ինչ եմ պատրաստվում անել, դեռ չեմ որոշել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս