Այս ամենը վերածվում է ամբոխավարության. փողոց փակելով փորձում են հարց լուծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փողոց փակելու միջոցով հարց լուծելը կարծես ավանդույթ է դարձել: Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներմուծված պայքարի այս ձեւը, սակայն, կարող է վատ հետեւանքներ ունենալ հենց նրա համար: Նիկոլ Փաշինյանը ընդամենը 9 օր է, ինչ վարչապետ է, սակայն արդեն իսկ նրան քննադատողներ են հայտնվել: Եվ այդ քննադատողները ոչ ավել, ոչ պակաս դիմում են փողոց փակելու մեթոդին, որով հաջողության հասավ հենց ներկայիս վարչապետը:
Միայն երեկ Երեւանում նույն ժամին մի քանի ակցիաներ տեղի ունեցան, եւ դրա պատճառով քաղաքի երթեւեկությունը կրկին կաթվածահար էր եղել: Իհարկե, այս ամենը լավ բանի չի կարող հանգեցնել, մանավանդ, որ ժողովրդի մոտ հիասթափությունն արդեն երեւում է:

Մասնավորապես երեկ զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարողները վաղ առավոտից ՀՀ կառավարության շենքի մոտ էին, ապա գնալով պաշտպանության նախարարություն եւ նախարար Դավիթ Տոնոյանին չհանդիպելով` քաղաքացիները եկել էին Բաղրամյան 26՝ վարչապետի նստավայր: Նույն այդ ընթացքում ավտոներկրողների եւ տաքսու վարորդների բողոքի ակցիա էր մեկնարկել Բրազիլիայի հրապարակից:

People have blocked the Arshakunyats street during the hearings of ‘Sasna Tsrer’ group’s case demanding their release

Երեկ Բաղրամյան 26-ում էին նաեւ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր բարձրացրել էին գործարանի վերագործարկման եւ չվճարված աշխատավարձերի վճարման հարցը: Բողոքի ցույցեր ընթացան անգամ Սեւանի մայրուղում, ովքեր դժգոհում էին Սեւանի թերակղզու ձախակողմյան հատվածը ապօրինաբար եկեղեցուն տրամադրելու համար։
Տեւական ժամանակ էլ Արշակունյաց պողոտան փակվել էր «Սասնա ծռեր»-ի կողմնակիցների կողմից, քանի որ խմբավորման անդամների խափանման միջոցը կրկին չփոխվեց: Ավելին` «Սասնա ծռերի» անդամներից Պավլիկ Մանուկյանն ինքն էր դատարանի դահլիճից կոչ անում մարդկանց փակել փողոցը:

Դե, իսկ «ակցիաների ակցիան» կարող ենք համարել Երեւանի քաղաքապետարանի դիմաց ստեղծված իրավիճակը. քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով արդեն որերորդ օրն է՝ բողոքի ակցիաներ են անցկացվում, երեկ ցուցարարները գրոհել էին քաղաքապետարանի շենքը: Միաժամանակ Տարոն Մարգարյանի կողմնակիցներն էլ իրենց հերթին էին ակցիա անցկացնում քաղաքապետարանում` ի պաշտպանություն քաղաքապետի: Երեկ տարբեր բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Գեղարքունիք եւ այլն:

Մի կողմից` ակցիաների այս առատությունը տրամաբանական է. հասարակությունը վերջապես զգացել է ազատության շունչն ու փորձում է տարիներով կուտակված էներգիան բաց թողնել, ցանկացած հարցի վերաբերյալ անհամաձայնությունն ազատ հայտնել՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով: Բայց մյուս կողմից` արդեն այս ամենը վերածվում է ամբոխավարության, երբ մարդիկ կարծում են, թե կարող են նույն միջոցներով թեկուզ վարչապետ Փաշինյանին ստիպել իրենց ուզածով շարժվել, իրենց ուզած որոշումները կայացնել: Առավել եւս, երբ նոր իշխանությունն ի զորու չէ մեկ օրում լուծելու խնդիրները, եւ այժմ բախվելով դաժան իրականությանը` շատերի մոտ կարող է հիասթափության մեծ ալիք բարձրանալ: Եվ հենց այդ երեւույթն էլ ձեռնտու է դեռեւս իշխանական լծակները պահպանող ՀՀԿ-ին, որպեսզի անհարմար դրության մեջ դնի նորանշանակ վարչապետին, նաեւ փորձի վարկաբեկել նորանշանակ կառավարությանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս