Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում անդրադարձել էր ապրիլի 22-ին դեռ այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի ձերբակալման, այնուհետեւ ազատ արձակման գործընթացին: Դատախազն ասել էր, թե նրանք ձերբակալվել էին ապօրինի հանրահավաքներ կազմակերպելու եւ իրականացնելու համար հարուցված քրեական գործի շրջանակներում: Բայց դատախազի պատասխանից այդպես էլ անհասկանալի էր մնացել, թե, ի վերջո, ինչ իրավական հիմքով ազատ արձակվեցին պատգամավորները:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտեցին. «2018թ. ապրիլի 22-ին ձերբակալված ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը ձերբակալումից ազատվել են արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով` 2018թ. ապրիլի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշմամբ»:
Հիշեցնենք` դատախազը նախօրեին ասել էր, թե ինքը կալանավորման միջնորդություն ԱԺ-ին ներկայացրել էր միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Դրանից հետո այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը գրավոր դիմել է իրեն համապատասխան հիմնավորումներով, չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ, եւ ինքն էլ ետ էր վերցրել միջնորդությունը: