Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հասարակությունն ակնկալում է էական փոփոխություններ, այդ թվում՝ առաջին հերթին սպասում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի դեպքերի բացահայտում: Այս տարիների ընթացքում՝ մինչ վարչապետ դառնալը, հենց Նիկոլ Փաշինյանն է բազմիցս բարձրաձայնել այդ ոճրագործութունների բացահայտման կարեւորությունը: Եվ այժմ, լինելով երկրի վարչապետ, սահմանադրությամբ՝ ՀՀ փաստացի ղեկավար, նրան հնարավորություն է տրված կոնկրետ քայլեր անել այդ ուղղությամբ: Հատկապես հիմա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ունի հասարակության աջակցությունը:
Ի վերջո, ակնհայտ է, որ այս ընթացքում Հանրապետական կուսակցությունն ամեն կերպ փորձելու է սեւացնել եւ վարկաբեկել նրան: Բացի այդ, հասարակական տրամադրությունները միշտ էլ փոփոխական են, եւ օրինաչափություն է՝ իշխանության ղեկին հայտնված անձը կամ ուժը որոշ ժամանակ անց կորցնում է իր վարկանիշի մի մասը: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կապիտալն ավելացնելու, հասարակության մեջ աջակիցների էլ ավելի մեծ բանակ ունենալու համար պետք է որքան հնարավոր է շուտ լուծի լրջագույն խնդիրներ, ըստ այդմ՝ պետք է գործողություններ սկսի մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ի բացահայտման առումներով:
Նկատենք` սա այնքան էլ հեշտ չէ: Նորանշանակ վարչապետը վերահսկողություն չունի գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի վրա: Նաեւ մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել, բայց որպես Քննչական կոմիտեի ղեկավար:
Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով մարտի 1-ի թեմայով, ասել է, թե քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքում ավելի շատ է ակնկալում հանրային աջակցություն: «Ասեմ՝ երբ դու հրավիրում ես հարյուրներով, հազարներով վկաների, ում հարցաքննում ես ու ինքն ասում է՝ ես տեղեկություն չունեմ, կոնկրետ դեպքում, երբ ընդհուպ մինչեւ տուժողի կողքին է գտնվել, բա վկան, տուժողը, մյուսը, հանրության ներկայացուցիչնե՞ր չեն: Հանրությունը հանդես է գալիս որպես վկա, տուժող: Վարույթը հո կախարդական փայտի՞կ չի, վկաների ցուցմունքներ են»,- նշել էր նա:
Հիմա նաեւ իշխանությունը կարող է ապահովել դատախազի ակնկալած «հանրային աջակցությունը»: Այս իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության համար վերականգնել նախկին փաստահավաք խումբը կամ նոր փաստահավաք խումբ ստեղծել, մանավանդ որ նախկինում գործած փաստահավաք խումբը բավական լուրջ արդյունքներ էր գրանցել: Ասվածի վկայությունը Գլխավոր դատախազության կողմից ՀՔԾ-ին տրված հանձնարարականն էր, երբ ԱԺ-ում խորհրդարանական լսումներից հետո ուսումնասիրության ուղարկվեց նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»: ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրականացված լսումների արդյունքում պարզվել էր, որ գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել այդ նյութը, եւ որեւէ քայլ չի արվել մարտի 1-ի իրադարձություններն ԶՈՒ ներգրավվածության բացահայատման ուղղությամբ:
Այժմ նաեւ կարեւոր է հարցը, թե ովքեր կկանչվեն հարցաքննության: Ի վերջո, մարտի 1-ի դեպքերի հետ առնչվող պաշտոնյաներից ողջ չէ միայն ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, բայց կան նրա տեղակալները: Որպես պաշտոնյա շարունակում են մնալ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը, ովքեր եւս պետք է հարցաքննվեն: Բացի այդ, անհրաժեշտություն կա հարցաքննելու նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանին: Էլ չենք խոսում արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, ում հարցաքննելու պահանջ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ մշտապես բարձրացրել է Նիկոլ Փաշինյանը: Էլ չենք խոսում Քոչարյանի մոտ այդ օրը եղած «շտաբի» անդամների մասին՝ հիմնականում արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Այնպես որ կարող է տասը տարի շարունակ թաքցված «կծիկը բացվել»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այն զեկույցը, որն ուղարկվել է ՀՔԾ, պետք է դարձնել գործողությունների ծրագիր, եւ իրավապահ մարմիններին պարտադրեն, որպեսզի նրանք իրականացնեն ռեալ, ամբողջական, իրական բացահայտում: «Դրա համար բոլոր հիմքերը գոնե նախկին փաստահավաք խմբի կողմից իրականացվել են, հատկապես բանակի ներգրավածության մասին զեկույցի մասին է խոսքը», – նշեց Քոչարյանը:
Մինչ այդ մեկ փաստ էլ. մարտի 1-ի բացահայտման առումով Նիկոլ Փաշինյանից շատ մեծ սպասումներ ունեն նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատները: Նրանք եւս Փաշինյանից եւ իր թիմից կոնկրետ արդյունքների են սպասում: Եվ այստեղ տեղին է հիշեցնել, որ ոչ մեկ անգամ նույն Նիկոլ Փաշինյանը եւ իր գործընկերները նշել են, որ մարտի 1-ը կարող է բացահայտվել միայն իշախանափոխության դեպքում: Իշխանափոխություն մասամբ եղավ, հիմա հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ, սակայն ինչպես դա կարող է լինել այն պաշտոնյաների առկայության պարագայում, ովքեր կապված են եղել այդ դեպքերի հետ:
Նաիրա Հովհաննիսյան