Չեմ հարգի այն դատավորին, որը այս փոփոխություններից հետո դիրքորոշում կփոխեր. Ռուբեն Վարդազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերրթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ իշխանոփոխությունից հետո դատական համակարգի հնարավոր անկախացման եւ քաղբանտարկյալների ազատման մասին:

-Պարո՛ն Վարդազարյան, այն ժամանակ Բաղրամյան 26-ից հրահանգում էին դատական համակարգին, թե ինչ վճիռներ կայացնի, հիմա նոր իշխանությունները որ զանգեն, ինչ կանեք:

-Նախ ցանկանում եմ հետեւյալ միտքը բարձրաձայնել, ես, լինելով բացարձակ ապաքաղականացված սուբյեկտ ե՛ւ օրենսդրության առումով, ե՛ւ իրականում, այսօր արձանագրում եմ, որ ունենք չքնաղ երիտասարդություն, որը ներկայացրեց պահանջ եւ հաղթանակեց: Արդյունքում ունենք իրադրության եւ իրողության փոփոխություն: Վերջին շրջանում շատ մոդայիկ էր դարձել խոսել դատական համակարգի նկատմամբ ճնշումների, դատական համակարգի պատվիրված աշխատելու մասին: Դա նախասիրության եւ մոտեցման հարց է: Դատական իշխանությունը անկախ է, որի վառ ապացույցն է գործերի քանակը եւ բողոքարկումների քանակը: Դատական ակտերի ընդամենը 4 տոկոսն էր բողոքարկվում, նշանակում է 96 տոկոսը չէր բողոքարկում, հետեւաբար մեր քաղաքացիները գոհ են դատարանի աշխատանքից:

-Բայց այս մոտեցումն էլ կա, որ, միեւնույն է, բողոքարկեին` ոչինչ չի փոխվելու , իսկ շատերն էլ մտածում էին` արագ բողոքարկեն, սպառեն ՀՀ ատյանները եւ դիմեն ՄԻԵԴ :

-Բոլոր հարցերը Եվրոպական դատարանում չեն լուծվում, հիմնական արդարադատությունը իրականացվում է Հայաստանում, համաձայն չեմ այդ մոտեցման հետ: Պատմական պահ է ստեղծվել, աննախադեպ բան է տեղի ունեցել, իրադրություն է փոխվել Հայաստանում, եւ այսօր մենք հնարավարություն ունենք ունենալ արդար, ճիշտ դատական համակարգ: Դատավորների ճնշող մեծամասնությունն ազնիվ, գրագետ, արհեստավարժ մարդիկ են եւ պատրաստ են նոր ոգով նոր իրողության մեջ կայացնել մեր երազած դատական համակարգը, այն դատական համակարգը, որը չենք ափսոսի եւ հպարտությամբ կթողենք մեր սերունդներին:

-Վերադառնանք մեր այն հարցին, թե հիմա նոր իշխանությունները զանգեն` ինչ կանեք:

-Ես բացառում եմ դա, գոհունակությամբ եմ բացառում, որ հնարավոր չէ. իրադրության փոփոխությունը բերեց նրան , որ որեւէ զանգ չի ընդունվի, որեւէ ճնշում չի լինի, ե՛ւ քաղաքական իշխանությունը, ե՛ւ հասարակական կարծիքն է այդպիսին, որ դատարանին պետք է թողնել, որ դատարանը կատարի իր հիմնական գործառույթները` արդարադատություն իրականացնելը:

-Այսինքն` իրավիճակի փոփոխություն ունե՞ք:

-Միանշանակ ունենք իրավիճակի փոփոխություն. դատավորների մեջ տեսնում եմ ոգեւվորվածություն , որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որեւէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որեւէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ:

-Այսինքն` դատավորները կաշկանդված են եղել վախեցել են օրենքի տառին համապատասխան որոշումներ կայացնել:

-Դատավորները միշտ են գործել օրենքի շրջանակում, երբեք չեք տեսնի որեւէ դատական ակտ, որը օրենքի շրջանակներում չի եղել:

-Ինչո՞ւ նախկինում չկար այդ ոգեւորությունը:

-Այն իրականությունը , որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգեւորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել:

-Իշխանափոխությունից հետո հասարակության շրջանում առավել ակտիվացել է Սասնա Ծռերին, Ժիրայի Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին եւ այլ անձանց ազատելու կոչերը, դատարանին մեղադրելը: Ըստ Ձեզ` իրենց ինչպես կարել է ազատ արձակել, որոնք համարվում են քաղբանտարկյալներ:

-Համաձայն չեմ քաղբանտարկյալ եզրույթի հետ, դա իրավական կատեգորիա չէ, դա իրենց կարող են թույլ տալ հասարակական քաղաքական գործիչները, դատարանի համար քաղբանտարկյալ եզրույթը ընդունելի չէ: Վարույթում գտնվող գործերի վերաբերյալ իրոք չգիտեմ ընթացքի մասին: Բայց կցանկանամ նշել մեկ բան, չեմ հարգի այն դատավորին, որը այս փոփխություններից հետո դիրքորոշում կփոխեր: Վերցնենք Սասնա Ծռերը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել հանցագործություն, առնվազն սպանություն ունենք, ունենք շենք, շինություններ գրավել, ունեք զենք հափշտակել, ունեք գողություն՝ բանկոմատից գումար հափշտակել, ունենք 4 հանցակազմ: Դատարանը պարտավոր է գործերը քննել, եւ շատ բացասական կվերաբերվեմ` որպես մարդ, քաղաքացի, այն դատավորին, որը կասի` Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եկավ Նիկոլ Փաշինյանը, եւ այս գործը շրջադարձ կանի: Ես ավելի քան վստահ եմ, որ դատական ակտերը, դատավճիռները այդ գործերով կլինեն շատ ազնիվ, շատ արդար եւ բացառապես օրենքի հիման վրա: Ապացուցելու իմ ներքին համոզմունքը, ուղղակի պետք է սպասել եւ ընթերցել այդ դատական ակտերը , որոնք կայացվել են:

-Դուք ասում եք` սպասել, բայց ունենք իրավիճակ. դատական նիստերից հետո դատարանը շրջափակում են:

-Ամենացավոտ հարցն եք տալիս, ցանկանում եմ այդ հարցը բարձրաձայնել եւ հանրությանը հասցնել դրա վնասակարությունը: Երբ դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց Ծռերի խափանման միջոցը փոխել (խոսքը մայիի 11-ի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դատական նիստի մասին է- Ք.Մ), դատարանը շուրջ 300 հոգի շրջափակեցին, դատարան ելք, մուտք չկար, մինչեւ ժամը 12-ը դատավորները կազմերով մնացին դատարանում: Ամբաստանյալները մնացին խցերում: Ես մեծ վտանգ եմ տեսնում շրջափակման մեջ, այն գործիքակազմը, որը արդյունք տվեց քաղաքական պայքարում, այդ նույնը կիրառելի չէ դատարանների կամ արդարադատության նկատմամբ: Իմ սուբյեկտիվ կարծիքն է, կատարվածը գնահատում եմ ճնշում դատարանի վրա: Փառք Աստծո մեր դատավորներ պինդ են եւ չեն խոշտանգվում այդ ճնշումներից: Այդ գիշեր ես էլ եմ եղել դատարանում , երբ տեսա դատարանը շրջափակել են, գնացի, որ լինեմ դատավորների կողքին , շատ տհաճ էր լսել այդ կոչերը:

Դա գնահատում եմ անթույլատրելի, դատապարտելի եւ կարծում եմ, որ դա պետք է բացառել մեր հասարակության մեջ, կոչեր հնչեցին ճշտել դատավորների հասցեները եւ գնալ եւ այդ հավաքները անել դատավորների տան առաջ, դա ուղղակի անթույլատրելի է, եթե նման բան ունենանք, մենք վերջնականապես կկորցնենք արդարադատությունը: Դուք պատկերացրեք 100 հոգի հավաքվի դատավորի տան առաջ, դատավորը կարծիք փոխի, մենք կհարգե՞նք այդ դատավորին, ես անձամբ չեմ հարգի, որը կվախենա այն ճնշումից, որը կատարվում է իր տան մոտ : Կոչ եմ անում, խնդրում եմ փաստաբաններին եւ մեր քաղաքացիներին զերծ մնալ դատարանի վրա ճնշումից, հակառակ դեպքում դա քրեորեն հետապնդելի արարք է: Կամ, մեկ օրինակ, դատավորի նկարը փակցված է մեքենայի դիմապակուն եւ կարմիր գիծ է քաշված, եւ պահանջում է դատավորի հրաժարականը, ինչ է սա նշանակում: Եթե դրա պատճառով դատավորը իր դիրքորոշումը փոխի, ուրեմն նա իրավունք չունի աշխատել դատավոր, նման ակցիաները բացի դատավորին անհարմարություն ստեղծելուց, այլ արդյունք չեն տալիս:

-Ո՞րն է ելքը:

-Կա բողոքարկման մեխանիզմ, համաձայն չեք՝ բողոքարկեք վերաքննության, վճռաբեկության կարգով, բողոքարկեք Եվրոպական դատարան, դա է մեխանիզմը դատարանի հետ աշխատելու, ճնշել դատարանին չի թույլատրվում:

Քնար Մանուկյան




Լրահոս