Երևանում բնակարանների գները բարձրացել են. ինչ վիճակ է շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի վարչական շրջանների մի մասում բնակարանների մեկ քմ-ի գինը վերջին ամիսներին զգալի բարձրացել է: Գնային բարձրացումը հիմնականում արձանագրվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրը, օրինակ, մարտ, ապրիլ ամիսներին կազմել է 500 հազար 900 դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով միայն փետրվարի համեմատ մարտին բնակարանները թանկացել են 15 հազար 900 դրամով: Համաձայնեք, որ բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացրել են: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ն վաճառվել է 272 հազար 500 դրամով, որը մարտին թանկացել է 2800 դրամով: Իսկ ահա Էրեբունիում բնակարանի գինը բարձրացել է 8 հազար 550 դրամով. այստեղ մեկ քմ արժեցել է 248 հազար 550 դրամ: Բնակարանների գները չեն բարձրացել միայն Արաբկիր վարչական շրջանում: Ընդհակառակը, այստեղ այն էժանացել է 2200 դրամով:

Ի դեպ` տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակարանների մեկ քմ-ի շուկայական գինը ավելի բարձր է, քան Քանաքեռ-Զեյթունում: Ըստ պաշտոական վիճակագրության` զբոսաշրջային քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ վաճառվել է 276 հազար դրամով:

«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ավելի շատ գրավադրման գործարքները կնքվել են Երեւանում՝ կազմելով 54.4 տոկոս: Այսինքն` միայն մարտ ամսին Երեւանում կնքվել է գրավադրման 1413 գործարք: Սակայն մտահոգիչ է, որ Արմավիրի մարզում գրավադրման գործարքները մեկ ամսում 82-ով ավելացել են: Կոտայքում գրավադրման գործարքները ավելացել են 53-ով, Վայոց ձորում՝ 28-ով, Արարատում՝ 43-ով: Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզի բնակիչները հիմնականում իրենց տները, բնակարանները գրավադրում են, վարկ վերցնում: Այս մարզի հիմնականում գյուղերի բնակիչները, հայտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, վարկը վարկով են մարում: Եւ հերթական վարկերը մարելու նպատակով գրավադրում են միակ ունեցվածքը՝ տունը, իսկ հետո այն չկարողանալով մարել՝ հայտնվում են փողոցում: Պատահական չէ, որ գրեթե բոլոր մարզերում գրավադրման գործարքները զգալի ավելացել են, ողջ հանրապետությունում նման իրավիճակ է:
Սյունէ Համբարձումյան




Լրահոս