Վեճ` Տավուշի մարզպետարանում. բանը հասել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի համայնքապետարանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նոյեմբերյանի նոտար Վասակ Ամիրաղյանի եւ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Ոսկեվան գյուղում գրանցված «Սլովակիա» ՍՊԸ-ի: Այդ գործով որպես երրորդ անձ ներգրավված է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի սպասարկման գրասենյակը:

Նոյեմբերյանի համայնքապետարանի հայցը վերաբերում է գործարքն անվավեր ճանաչելուն եւ անվավերության հետեւանքների կիրառման պահանջին: Համայնքապետարանի պահանջով, որպես հայցի ապահովման միջոց, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանի որոշմամբ արգելանք է դրվել «Սլովակիա» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա: Սույն դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում ընթանում է մայիսի 3-ից:

2014թ. հոկտեմբերի 2-ին սահմանամերձ Ոսկեվան գյուղի բժշկական ամբուլատորիայի նախկին շենքը որպես նվիրատվություն տրվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսային` Սերյոժա Բարսեղյանին պատկանող «Սլովակիա» ՍՊԸ-ին: Ընկերությունն էլ պարտավորվել է տարածքը նորոգել, այնտեղ գարեջրի, հոնի, օղու գործարան գործարկել: Ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում 300 հազար եվրոյի ներդրում կատարել, որը Սլովակիայից էր նախատեսված: «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Սերյոժա Բարսեղյանը ծագումով Ոսկեվանից է:

Նրա վկայությամբ՝ Ոսկեվանում շինարարության համար ծախսվել է 100 հազար եվրոյին համարժեք գումար, սակայն գործարան չգործարկվեց: Նա ասաց, որ ադրբեջանական գնդակոծությունից այդ շենքը վնասներ կրեց, որի համար իրենք պետբյուջեից դրամական փոխհատուցում չեն ստացել: 2017թ. օգոստոսի 30-ին կայացած Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստի հարցերից մեկը վերաբերում էր Ոսկեվան համայնքի եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ 2014թ. հոկտեմբերի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը վերանայելուն: Ս. Բարսեղյանն ավագանուն առաջարկեց ամբուլատորիայի վերանորոգված շենքի տարածքը կադաստրային արժեքով վաճառել «Սլովակիա» ՍՊԸ-ին, սակայն ավագանին մերժեց:

Նոյեմբերյանի ավագանու անդամները քվեարկությամբ որոշեցին «Սլովակիա» ՍՊԸ-ին առաջարկել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 5-ը ներկայացնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը Ոսկեվանում գործարան գործարկելու աշխատանքային պլան, ժամանակացույց. դրանք չներկայացնելու, աշխատանքային պլանը եւ ժամանակացույցը խախտելու դեպքում լուծել այդ ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը:

Ավագանու այդ նիստում վեճ եղավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Սերյոժա Բարսեղյանի հետ: Վերջինս կարի սարքավորումներ է ներկրել Ոսկեվան եւ ցանկանում է գարեջրի գործարանի փոխարեն կարի արտադրամաս գործարկել: Ասել է, թե ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի փեսան ինչպես ուզում, այնպես էլ վարվում է` չկատարելով ստանձնած պարտավորությունները:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս