Շարմազանովը ժամանակավրեպ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ավելին՝ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են իրավական և քաղաքական պայմաններ: Որքան ես տեղյակ եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել գոնե իրենց տպավորությամբ հավակնոտ ծրագիր: Իսկ Սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե մենք կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար, այս փուլում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման հարց դեռևս դրված չէ: Իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ սա քննարկման հարց է:»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել կառավարության գործունեությունը: «Մենք արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում հետքայլ չենք անելու, Ցեղասպանության ճանաչման հարցում հետքայլ չենք անելու, մեր ազգային արժեքներն ամրապնդելու հարցում հետքայլ չենք անելու և պատրաստ ենք աշխատել նոր կառավարության հետ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Պատրաստ ենք քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնության ընդունում, որը կբխի Հայաստանի քաղաքացիների շահերից»,- հավելեց նա:




Լրահոս