«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունները մեկ նմանություն ունեին. իշխանության գալով Սահմանադրության ամենակոպիտ ոտնահարմամբ, ըստ այդմ՝ լինելով ոչ լեգիտիմ` իրենք անում էին ամեն ինչ ականապատելու նաեւ առանցքային պաշտոնների լեգիտիմությունը: Նման կասկածներ կան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ` կապված նրա քաղաքացիության հետ: Լուրջ կասկածի տակ է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լեգիտիմությունը: Բանն այն է, որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից դատական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով ընտրում է խորհրդի նախագահ հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»: Սա նշանակում է, որ ԲԴԽ առաջին նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից որեւէ մեկը՝ Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը կամ Ռուզաննա Հակոբյանը:
Հետո` հինգ տարի անց, հաջորդաբար, ԲԴԽ նախագահ պետք է ընտրվեր արդեն ԱԺ ընտրած թեկնածուներից որեւէ մեկը: Գագիկ Հարությունյանին ԲԴԽ կազմում ընտրեց խորհրդարանը: Եւ, ըստ Սահմանադրության 174-րդ հոդվածի, նա իրավունք չպետք է ունենար դառնալու ԲԴԽ նախագահ, բայց դարձել է, որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ այդպես էր ծրագրված եղել: Չէ՞ որ Գագիկ Հարությունյանը խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ: Մեկ փաստ էլ. Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, բայց, փաստորեն, Գագիկ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել:
Ավելի մանրամասն՟ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: