Դատախազի պաշտոնանկությունն անխուսափելի է. որ տարբերակով հնարավոր է հասնել Արթուր Դավթյանի հրաժարականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնը ներկայացնում է այն իրավական հիմքերը, որոնցով ՀՀ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա:

Հետևելով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունների շուրջ ծավալված բանավեճին՝ «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հետևյալը.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի՝ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն, իսկ 7-րդ հոդվածի համաձայն՝ դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը սահմանված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, որի իրավակարգավորումներում բացակայում է ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր միջնորդությունը հետ վերցնելու կամ առկախելու լիազորությունը:

Սա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազը կատարել է մի այնպիսի գործողություն, որի համար լիազորված չի եղել ՀՀ Սահմանադրությամբ և իր գործունեությունը կանոնակարգող օրենքներով, ինչը, սակայն, վերջինս չի ուզում ընդունել:

Սա էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀ նախագահը, ով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ հետևում է Սահմանադրության պահպանմանը և իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, պարտավոր է՝

Պահանջել ՀՀ գլխավոր դատախազից՝ հիմնավորել իր այն գործողությունների օրինականությունը, ասել է թե՝ սահմանադրականությունը (տվյալ եզրույթը այս դեպքում կիրառում ենք բացառապես այս ենթատեքստում), որոնք հանրային ընկալմամբ անօրինական են և քաղաքական գործոններով պայմանավորված,

ՀՀ գլխավոր դատախազից չստանալով հիմնավորում կամ ոչ բավարար հիմնավորում և լինելով Ազգային Ժողովի մեծամասնության վստահությունը վայելող ու վերջիններիս կողմից ընտրված նախագահ՝ ուղերձով դիմել այդ կառույցին (ուղերձով դիմելու լիազորությունը սահմանված է Սահմանադրության 128-րդ հոդվածով)՝ խնդրելով պաշտոնանկ անել ՀՀ գլխավոր դատախազին (Ազգային Ժողովի տվյալ լիազորությունը սահմանված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածով):

«ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

Ք. ԵՐԵՎԱՆ, 18.05.2018 ԹՎԱԿԱՆ




Լրահոս