Որքանով է համաժողովրդական շարժումն ազդել տնտեսության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարժման ընթացքում տնտեսական դաշտում հնարավոր կորուստների, ինչպես նաեւ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության առջեւ առկա մարտահրավերների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, վերջին մոտ 1 ամսվա համաժողովրդական շարժումն արդյոք ազդեցություն ունեցե՞լ է տնտեսության վրա:

-Կարճաժամկետ հատվածում էական փոփոխություն չի նկատվել տնտեսության մեջ, սակայն հեղափոխության փաստն արդեն զգալի մեծացրել է ապագայի նկատմամբ վստահությունը, որը, համոզված եմ` կբերի դրական փոփոխություններ: Իհարկե, շարժման որոշ օրերի պասիվություն է նկատվել, ինչն ավելի շատ պայմանավորված է եղել որոշակի անորոշությամբ, սակայն էական կորուստներ տնտեսությունը չի ունեցել:

-Դուք նշել էիք, որ մայիսի 1-ից հետո յուրաքանչյուր օրվա տնտեսական կորուստների համար պատասխանատվությունը կրելու է Հանրապետական կուսակցությունը:

-Մինչեւ այդ բազմիցս լսում էինք ՀՀԿ պաշտոնյաների կողմից, որ առկա վիճակում ունենում ենք կորուստներ, որը, իբր թե, շարժման պատճառով է: Սակայն մայիսի 1-ի քվեարկությամբ հենց իրենք ստեղծեցին որոշակի անկայունություն: Այնուհանդերձ, այդ ամենն արդեն անցյալում է, եւ շատ արագ ՀՀԿ-ն նույնպես իր որոշմամբ ընդունեց համաժողովրդական շարժման հաղթանակը:

-Ի՞նչ ժառանգություն է ստանում Ն. Փաշինյանի կառավարությունը նախորդից:

-Առկա են բազմաթիվ խնդիրներ` սկսած տնտեսության մեջ օրինականության հաստատումից մինչեւ սոցիալական տարրական խնդիրների լուծում: Տարիների կուտակված խնդիրները բավական շատ են, որոնք էլ նաեւ հիմք հանդիսացան համաժողովրդական շարժման հաղթանակի համար:

-Իսկ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ` տնտեսությունը բարելավելու, ներդրումներ ներգրավելու համար:

-Սպասել, որ մեկ օրում բոլոր խնդիրները լուծվելու են, խաբեություն է պարզապես: Ամենակարեւորն այն է, որ առաջնահերթ ձեւավորվի վստահության մթնոլորտ, որը հետագայում կվերածվի ինչպես ներդրումների, այնպես էլ`տնտեսության որակական փոփոխության:

-Իսկ մենաշնորհի վերացումը որքանո՞վ է այս պահին հնարավոր:

-Մենաշնորհների համար կան ինչպես իրավական, այնպես էլ արհեստական խոչընդոտներ: Վերջինիս համար բավարար է քաղաքական կամքը, որն առաջին իսկ ժամերից արձանագրվեց վարչապետի կողմից: Իսկ տնտեսության ամբողջական ապամենաշնորհացումը ժամանակ է պահանջում, քանի որ ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է բերել նոր խնդիրների, հետեւաբար` միայն հստակ ուսումնասիրությունից հետո կարելի է անցնել գործողությունների:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ




Լրահոս