ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներսում բավականին լուրջ խլրտումներ են ընթանում։ Այնտեղ տիրող անորոշությունն ու տագնապը լիովին հիշեցնում են դրա հայաստանյան անվանակցի դրությունը։ ԱՄՆ հանրապետականների մոտ խառնաշփոթը սկսվեց դեռեւս 2015թ. վերջից, երբ Դոնալդ Թրամփը դարձավ անկասելի ու կուսակցության միասնական թեկնածուն նախագահական ընտրություններում։ Այդ շրջանից ի վեր ԱՄՆ-ի հանրապետականներն ապրում են քաոսի պայմաններում։
ԱՄՆ հանրապետականները Թրամփի թեկնածության պայմաններում անկարող եղան ժամանակին միաբանվելու, ինչի դրսեւորումը առաջին հերթին Թրամփի գրեթե բոլոր մրցակիցների հրաժարումն էր նրա թեկնածության սատարումից։ Թրամփը, կարելի է ասել, միայնակ գնաց ընտրությունների` ունենալով սոսկ հանրապետականների մակերեսային աջակցությունը եւ կուսակցության ազգային կոմիտեի այնժամյա նախագահ Ռեյնս Փրայբուսի անձնական մտերմությունը։ Ի դեպ, այդ մտերմության ու օժանդակության համար էլ Փրայբուսը ստացավ ԱՄՆ գործադիր կառավարության մեջ նախագահից հետո ամենակարեւոր պաշտոնը՝ նախագահական աշխատակազմի ղեկավարի կարգավիճակը։ Այլ հարց է, որ անկարող եղավ կատարել իրեն վստահված լիազորություններն ու կարճ ժամանակում հեռացվեց նախագահական վարչակազմից։ Ինչեւէ, հատկապես Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ հանրապետականները ուշքի չեկան, քանի որ, գործադիրում ու օրենսդիրում իշխանություն ունենալով հանդերձ, կուսակցության առաջնորդի համարում ունեցող Թրամփն իրեն գրեթե ոչնչով չէր նույնացնում այդ կուսակցության հետ։ Զարմանալի չէ, որ այն ժամանակ Թրամփը հանրապետականներից ում առաջարկում էր փոխնախագահի դերի համար, բոլորը հետեւողականորեն հրաժարվում էին։
Միայն Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը համաձայնեց, որի ուսերին էլ մնաց կուսակցության ու նախագահի կապավորի բեռը։ Փենսն անգամ կապավորի դեր էր ստանձնել Թրամփի վարչակազմի առանցքային պաշտոնյաների ու նախագահի միջեւ, ինչը տարօրինակ իրադրություն էր առաջացրել այդ երկրի պետակառավարման հարաբերություններում։ Առհասարակ փոխնախագահի խնդիրը պետք է լինի հատկապես ընդդիմադիր կուսակցության հետ հարաբերությունների բնականոն զարգացումը եւ անհրաժեշտության դեպքում համաձայնություններ կայացնելը։ Սակայն Փենսը հարկադրված է առաջնահերթորեն այսօր կենտրոնացած լինել հարազատ կուսակցության ու նախագահի հարաբերությունների բնականոնությունն ապահովելու վրա։
Ամերիկյան New York Times հայտնի պարբերականը օրերս հանդես եկավ հատուկ զեկույցով, որով պարզ է դառնում, որ փոխնախագահն է համակարգում ԱՄՆ հանրապետականների ու Սպիտակ տան հարաբերությունները։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը փորձել էր դիմել նախագահ Թրամփին, որպեսզի վերջինս հրապարակավ աջակցություն հայտնի իր իրավահաջորդին նահանգային ընտրություններում, սակայն Սպիտակ տնից նրան հասկացրել էին, որ չեն ցանկանում միջամտել հարցին։ Հանրապետական կոնգրեսականն էլ հասկացել էր, որ լավագույն մարդն այդ գործի համար ոչ թե Թրամփն էր, այլ փոխնախագահ Փենսը։ Վերջինս ակտիվորեն ներգրավվել էր ընտրարշավին եւ հրապարակավ աջակցել իր ու Սպիտակ տան անունից։ Այս փաստը մեծապես խոսում է վարչակազմի ներսում հատկապես կուսակցական հարցերում Փենսի լուրջ դիրքերի մասին։ Փենսի դիրքերն առաջին հերթին ուժեղացել են Թրամփի վարչակազմում տիրող անորոշության մթնոլորտի, բաժանարար գծերի առկայության պատճառով։ Նախագահի օգնականներն ու խորհրդականները միմյանց հետ, ըստ էության, չեն համագործակցում։
Մինչդեռ արդյունավետ աշխատանքի համար թիմում տարակարծություններով հանդերձ, մեկ հստակ նպատակ պետք է լինի։ Այս պայմաններում Փենսը հաջողությամբ օգտագործում է կուսակցական հենարանը` իր ազդեցությունն ընդլայնելու համար։ Եվ եթե 2020թ. ընտրություններից առաջ պարզվի, որ Թրամփը չի վայելում հասարակության վստահությունը, Փենսը կկարողանա օգտագործել կուսակցության լծակները միասնական թեկնածու առաջադրվելու համար։ Անգամ ներկայումս կարծիք կա, որ Փենսն ու իր ազդեցիկ աշխատակազմի ղեկավար Նիք Էյըրսը զբաղված են սեփական քաղաքական օրակարգը գծելով։ Թեեւ փոխնախագահը ներկայումս շարունակում է իրեն հավատարիմ պահել Թրամփին, չափազանց հավանական է, որ ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ նախագահի ու փոխնախագահի հարաբերությունները կարող են լարվել` հատկապես հաշվի առնելով Թրամփի հակասականությունն ու Սահմանադրությամբ փոխնախագահի ճկուն դիրքը։
Հայաստանում Հանրապետական կուսակցությունը լիովին այլ պատճառով է անորոշության մատնվել` կորցրած լինելով իշխանության ղեկը։ Թեեւ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն ունի, իսկ մի շարք պաշտոններում կառչած է պահում իր ներկայացուցիչներին, սակայն իրերի քաղաքական դրությունը ցույց է տալիս, որ կուսակցությունը ռեաբիլիտացվելու շանս առաջիկա 1-2 տարում չի ունենա` չհաշված հեղաշրջումները։ ՀՀԿ-ն 20 տարի իշխանության բարձունքին է մնացել օլիգարխիայի ու Սերժ Սարգսյանի շնորհիվ, եւ եթե վերջիններիս դիրքերը թուլացած են, ապա կուսակցությունն էլ պիտի գաճաճ միավոր դառնա։ Այդտեղ գաղափարական կուռ համաձայնություն չկա։ Անկասկած, եթե Սերժ Սարգսյանը հրաժարվեր կուսակցության ղեկավարությունից եւ հեռանար ասպարեզից, այն վայրկենապես փլուզվելու էր։
Այսօր ՀՀԿ-ի օլիգարխիան մնացել է Սարգսյանի կոմպրոմատներից սարսափելու պատճառով, իսկ քաղաքական թեւը առայժմ այլ հարմար ղեկավար չի կարողանում գտնել։ Ի դեպ, այդպիսի նոր տանիք կարող էր դառնալ Կարեն Կարապետյանը, որը, սակայն, ավելի վաղ վա բանկ գնաց` փորձելով հեղաշրջման միջոցով տիրանալ Սերժ Սարգսյանի թողած ավերակներին։ Սակայն համաժողովրդական շարժման հզորությունը, ինչպես նաեւ ուժային կառույցների սթափությունը նրան թույլ չտվեցին զավթել իշխանությունը։ Իսկ ՀՀԿ-Կարեն Կարապետյան փոխադարձ անվստահությունը, Սերժ Սարգսյանի հանդեպ Կարապետյանի անազնիվ վարքը, տապալեցին նաեւ կուսակցության անցումը Սարգսյանից Կարապետյանին։ Ու հիմա Կարեն Կարապետյանը թեեւ մնում է ՀՀԿ առաջին փոխնախագահ, սակայն շատ շուտով կհեռանա։
Ն. Հովսեփյան