ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ներպալատական հեղաշրջումների փորձեր են եղել ՀՀԿ ներսում: Սարգսյանը հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, իսկ արդեն ապրիլի 25-ից վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ՀՀԿ-ն: Պատահական չէ, որ այդ ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդակով խոսվում էր Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին: Սակայն հակահեղափոխությունը կասեցվեց: Կասեցվեց նաեւ «իշխանափոխությունը» ՀՀԿ-ում:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է փորձել կուսակցության ղեկավարի պաշտոնը ձեռքը վերցնել՝ իր շուրջ համախմբելով երիտհանրապետականների: Սակայն նրան եւս չի հաջողվել: Ու պատահական չէ, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հիմա իրենց օրակարգում կուսակցության նախագահի փոփոխության հարց չկա: Անփոխարինելի է արդյոք Սարգսյանը հարցին էլ Շարմազանովը պատասխանել է, թե «ՀՀԿ-ում անփոխարինելի են եղել Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը։ Այսօր Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է»,- ասել է նա։