Ուսանողները չեն ենթարկվում դասախոսներին. բողոքներով հարց լուծելն ավանդույթ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո կարծես ավանդույթ է դարձել հարցերը ցույցերով եւ բողոքներով լուծելու տարբերակը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր ստացավ այն մասին, որ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողները չեն ենթարկվում դասախոսներին՝ կապված ե՛ւ քննությունների, ե՛ւ, ընդհանրապես, դասերի ժամանակ ամենատարրական կարգուկանոնը պահպանելու հետ: Նրանք երբ ցանկանում են, դուրս են գալիս լսարանից, երբ ցանկանում, դասի գալիս, եւ այդպես շարունակ: Ուշագրավ է, որ երբ դասախոսները փորձում են բարկանալ նրանց վրա եւ կարգի հրավիրել, ուսանողները նշում են, թե կդիմեն Նիկոլ Փաշինյանին եւ ներկայիս Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:

Իրավիճակն այնքան է լարվում, որ մի քանի դասախոսներ անգամ դեկանատներում լացել են ուսանողների պահվածքից՝ ասելով, թե այսպես շարունակվելու դեպքում աշխատանքից ազատման դիմումներ են գրելու: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ զրուցեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով նշեց, թե ինքը նման ահազանգեր չի ստացել, եւ այդպիսի դեպքերի մասին տեղյակ չէ՝ վստահեցնելով, թե նման դեպքերի առկայության դեպքում հետեւողական կլինեն: Ի դեպ` պարոն Հարությունյանը  նաեւ հայտարարել է, թե դպրոցներում դրամահավաքության դեպքերի կապակցությամբ ինքը շատ խիստ է լինելու՝ համապատասխան փաստերը ներկայացնելով իրավապահներին:




Լրահոս