Սերժ Սարգսյանի խնամին` ընդդեմ Սահմանադրության. թե ինչպես է պաշտոնավարում Գագիկ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գիտենք, ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդը անցել է իր գործառույթների իրականացմանը, սակայն, ուսումնասիրելով, թե ինչպես ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, նկատում ենք, որ բավականին անհասկանալի երևույթներ են տեղի ունեցել: Օրինակ` մարդիկ, որոնք տարիներով եղել են սահմանադրության ջատագով և պահապան, այդ իսկ սահմանադրությունն իրենց հարմարեցնելով, մեր համոզմամբ, հակասահմանադրական կարգավորումներ ներառելով, լուծում են իրենց պաշտոնի հարցը: Հիմա ավելի բովանդակալից. «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց, որտեղից պարզ է դառնում, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրվել է ԲԴԽ նախագահ` Սահմանադրությունը խախտելով (իրեն համաձայնեցնելով):

Եվ այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը նոր Սահմանադրությամբ ստեղծվող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբանների թվից:

Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ ընթացել է, ինչպես սահմանված է օրենքով, սակայն պատկերը միանգամայն այլ է: Բանն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո երկշաբաթյա ժամկետում խորհրդի տարիքով անդամի կողմից հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից 5 տարի ժամկետով ընտրվում է խորհրդի նախագահ:

Այսինքն` ստացվում է, որ օրենքի նախագիծը խորհրդի նախագահի առաջին ընտրության միակ հավանական թեկնածու դիտում է Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից, մինչդեռ պետք է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի եւ ձեւավորման իրավական կարգավորումն ունի առաջին հերթին սահմանադրական հիմքեր, իսկ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է՝ «7. Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից դատական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով ընտրում է խորհրդի նախագահ հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից» այն էլ 5 տարով ընտրված երեք անդամներից, այսինքն՝ մնացած 7 անդամների սահմանադրական իրավունքն արդեն իսկ խախտվում է:

Բանն այն է, որ նշված նորմի համաձայն` առնվազն գործում են հետեւյալ կանոնները.

1. Առաջին քվեարկության ընթացքում որպես նախագահող պետք է առաջադրվի դատավորների ժողովի կողմից ընտրված անդամ, քանի որ նորմն օգտագործում է «հաջորդաբար» եզրույթը` առաջինը նշելով դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամին, որից հետո միայն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուներից:

2. Երկրորդ եւ հաջորդ քվեարկությունների ընթացքում միեւնույն ժամանակ չեն կարող առաջադրվել թե՛ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, թե՛ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամ:

3. Երկու անգամ հաջորդաբար չի կարող ընտրվել նույն մարմնի կողմից ընտրված անդամը: Ընդգծենք նաև այն կարևոր հանգամանքը, որ հարցը փորձ է արվել կարգավորել Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքի եզրափակիչ և անցումային դրույթների 8-րդ մասով, որը սահմանում է «բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հնգօրյա ժամկետում խորհրդով տարիքով ավագ անդամը հրավիրում է բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում ազգային ժողովի ընտրված անդամներից ընտրում է խորհրդի նախագահ»: Այսինքն` այս կերպ փորձ է արվել ակնհայտ հակասահմանադրական կարգավորումներով ապահովել Գագիկ Հարությունյանի պաշտոնը:

Դատելով ստեղծված իրավիճակից` Գագիկ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, օրենք ու «շիլաշփոթ» ստեղծելով, իրենց համար նպաստավոր պայմաններ են ստեղծել, որ, օրինակ, Գագիկ Հարությունյանը նշանակվի ԲԴԽ նախագահ, իսկ, օրինակ, ինքն էլ գնա Սահմանադրական դատարանի նախագահ:
Այսինքն` պատկերը ցույց է տալիս մեկ բան, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պետք է ընտրվեր դատավորների ժողովի կողմից ընտրված անդամ, քանի որ նորմն օգտագործում է «հաջորդաբար» եզրույթը, սակայն նախագահն ընտրվել է Ազգային ժողովի կողմից ընտրված անդամից, ինչը Սահմանդրությանը հակասում է:

Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքով նախատեսվում է այնպիսի կարգավորում, որը լիարժեք համապատասխանում է Սահմանադրությանը, այսինքն` «հաջորդաբար» եզրույթի կարգավորումը մնացել է այնպես, ինչպես որ Սահմանադրությունն է սահմանում` հերթականությամբ ընտրությունը կատարվում է ՀՀ նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի, որից հետո միայն կառավարության կազմից: Մինչդեռ մեկ այլ սահմանադրական օրենքով` դատական օրենսգրքով, դրսեւորվում է այլ մոտեցում, որն անթույլատրելի է, քանի որ, նախեւառաջ, Սահմանադրության նորմերում օգտագործվող տերմինները պետք է մեկնաբանվեն համահունչ, եւ երկրորդը` սահմանադրական օրենքով չի կարող սահմանվել այնպիսի կարգավորում, որը հակասում է արդեն իսկ սահմանադրությանը վերագրված կարգավորմանը:

Անգամ եթե պայմանական ընդունենք, որ Սահմանադրությունը չի կարգավորել, թե որ մարմնի թեկնածուն պետք է առաջադրվի, ապա սահմանադրական օրենքով միայն Ազգային ժողովի անդամի թեկնածության հնարավորությունը սահմանելը հակասահմանադրական է հետեւյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմինն է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը»:

Այսինքն` Բարձրագույն դատական խորհուրդն առանցքային դեր է զբաղեցնում իր լիազորություններով այն գործընթացում, որն ապահովում է դատական իշխանության անկախությունն ու դերը օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հարաբերություններում: Այդ ամենից ելնելով էլ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուղիղ կեսը նշանակվում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված թեկնածուներից, իսկ մյուս կեսը` Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուներից:

Նման պայմաններում ստացվում է, որ առանց որեւէ իրավական եւ տրամաբանական հիմքի առաջին նախագահը կարող է ընտրվել բացառապես Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածու, որի արդյունքում էլ անհիմն խախտվում է դատական եւ օրենսդիր իշխանությունների միջեւ առկա հավասարակշռությունը:

Բոլոր դեպքերում նման իրավիճակի միակ լուծումը, որը գուցե եւ բացահայտ հակասություն չդիտվի, եւ եթե հիմք ընդունենք, որ դատական օրենսգիրքը պետք է կարգավորի ընտրության հարցը, ապա առաջին ընտրության ժամանակ պետք է միաժամանակ առկա լինի երկու թեկնածություն` թե՛ դատավորների ընդհանուր ժողովի, թե՛ Ազգային ժողովի կողմից ընտրված:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հետ խնամիական կապերի մեջ գտնվող Գագիկ Հարությունյանի համար Սահմանադրությունը խախտել են, որ, ըստ էության, անգործ չմնա: Նշենք, որ Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս