ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը պարտվեց դատարանում: Դեռեւս 2016 թվականից ՀՀ ԱՆ ՔԿՎ պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Հովհաննիսյանը ընկել էր դատարանի դռները` պահանջելով անվավեր համարել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի որոշումը եւ վճարել իրեն հասանելիք աշխատավարձը: Հովհաննիսյանը պատմել էր, որ աշխատանքային թյուրիմացության պատճառով իր նկատմամբ սկսվել են անօրինական հետապնդումները, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի` խիստ նկատողության:
Սակայն իր նկատմամբ հետապնդումները այն աստիճան են խորացել, որ նա 2015 թվականին գնացել է ամենամյա արձակուրդ, սակայն ավելի ուշ նրան կանչել են ՔԿՎ կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին եւ ծանուցել, որ զբաղեցրած հաստիքը ենթակա է կրճատման, իսկ ավելի ուշ հայտնել, որ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հովհաննիսյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ դատարանից պահաջում է, որ պահանջի վարչության պետ Արթուր Օսիկյանից վճարել իրեն հասանելիք աշխատավարձը, որը նրան ազատելուց հետո այդպես էլ չէին վճարել:
Արդյունքում շուրջ երկու տարի տեւած դատաքննությունից հետո` 2018 թվականի մայիսի 11-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրապարակեց այս գործով վճիռ, ըստ որի` ՔԿՎ-ից հօգուտ Էդգար Հովհաննիսյանի պետք է բռնագանձել 1 միլիոն 174 հազար 239 դրամ: Իսկ Օսիկյանի կողմից իրականացված խախտումների համար հիմա պատասխան պետք է տա ներկայիս վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը: