Այս օրերին ՀՀ քաղաքացիների մեծ մասը շունչները պահած սպասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի` «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող հայտարարությանը: Տիկին Թանդիլյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «դիտարկում են» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը: Սա, իհարկե, զարմանալի չէ, քանի որ Մանե Թանդիլյանը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր եւ պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ վերջին օրերին չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Մեզ զանգահարած քաղաքացիների մի մասին հետաքրքրում է` այդ նպատակով մինչ այս վճարած գումարների ճակատագիրը ինչպես է լուծվելու, արդյոք հնարավոր է այն վերադարձվի իրենց: Այնուամենայնիվ, Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված որոշակի հստակեցումներ կլինեն: Ասել է, թե նորանշանակ կառավարությունը դեռ վերջնական հստակ որոշում չունի այս խնդրի լուծման մեթոդների մասին:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մասնավոր հատվածի համար հետաձգվել էր մեկ տարով: Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք օգտվել էին օրենսդրության ընձեռած հնարավորությունից եւ հրաժարվել կուտակային վճարելուց: Եւ, օրենսդրության համաձայն, այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր: Իսկ մինչ այդ` պետական համակարգից պարտադիր վճարում են բոլորը, մասնավոր սեկտորից՝ այն մարդիկ, որոնք հոժարակամ են մտել այդ բեռի տակ:
Հիմա հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում մի քանի հիմնական հարց է. արդյոք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը կկասեցվի բոլորի՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր սեկտորի աշխատակիցների համար, թե այնուամենայնիվ, միայն մասնավոր հատվածը կօգտվի դրանից: Եթե համակարգը կասեցվի ամբողջությամբ, ի՞նչ է լինելու մինչ այս վճարված գումարների հետ:
Բայց մյուս կողմից այս օրերին խիստ մտահոգված են նաեւ կուտակային վճարների գումարները կառավարող ֆոնդերը: Նրանք դժգոհում են, քանի որ վստահ էին, որ մի քանի տասնյակից ավելի միլիոն դոլար գումար են կառավարելու, բայց փոխարենը վնասներ են կրում:
Սյունէ Համբարձումյան