Նիկոլ Փաշինյանը Հարի Փոթերը չէ, թողեք այդ մարդը աշխատի․ Ջուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես միշտ ժողովրդի կողքին եմ, ինձ համարում եմ նրա մի մասնիկը, բայց ցույցերի ոչ մասնակցել եմ, ոչ մասնակցում եմ, ոչ էլ կմասնակցեմ։ Չեմ կարծում, որ արտիստները պետք է լինեն քաղաքականության մեջ։ Դա ճիշտ չեմ համարում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Ջուսը։

Ամեն դեպքում, նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հեղափոխություն է արել, եւ դա գովելի է։ Բայց նոր կառավարության գործունեության մասին խոսելը, ըստ նրա, դեռ վաղ է․ «Շատ քիչ ժամանակ է անցել իշխանափոխությունից, եւ աբսուրդ է Փաշինյանից մեծ-մեծ բաներ պահանջելը։ Բայց Փաշինյանը Հարի Փոթերը չէ․․․Ով մարդ չունի, կնիկ, ավտո, տուն չունի, մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը իր խնդիրը պետք է լուծի։ Թողեք այդ մարդը աշխատի։ Տարիներ են պետք երկրում դրական տեղաշարժեր ապահովելու համար։ Ոչինչ միանգամից չի լինում»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց Ջուսը։

Մենք զրուցեցինք նաեւ երգչուհու գործնական պլաններից։ Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է սեպտեմբերին երկրպագուների դատին ներկայացնել նոր տեսահոլովակ, որի շրջանակում հանդես է գալու բոլորովին նոր, անսպասելի ոճում․ «Տեսահոլովակի ռեժիսորը Արայիկ Համբարձումյանն է։ Ինձ համար եւս իմ ոճը նորություն կլինի։ Հանդես կգամ ուրախ երգով՝ ոչ ինձ բնորոշ։ Ուղղակի չեմ ուզում փակագծերը բացել։ Բայց կասեմ, որ դա կլինի բում»,-խոստացավ Ջուսը։

Բացի այդ Ջուսը եւս մեկ փոփոխության է դիմելու, այս անգամ՝ իր արտաքինի հետ կապված․ «Քթի պլաստիկ վիրահատության եմ դիմելու, ես չեմ էլ թաքցնում։ Կան հայտնիներ, որոնք խուսափում են այդ մասին բարձրաձայնել, բայց ես՝ ոչ։ Հնարավոր է՝ վիրահատական սեղանից նույնիսկ լուսանկար հրապարակեմ»,-մանրամասնեց երգչուհին։

Ի դեպ, հավելենք, որ առաջիկայում Ջուսի երկրպագուներին սպասվում են նաեւ համերգներ Ռուսաստանի Դաշնությունում։

Անի Անտոնյան




Լրահոս