Հնարավորությունների Հայաստանում մարդիկ պետք է զուսպ լինեն և վստահությամբ լցված՝ առ նոր իշխանությունը․ Վահրամ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ զրուցել է երկրում տիրող ներքաղաքական վիճակի, հնարավոր վտանգների, քաղաքացիների շրջանում առկա մտահոգությունների մասին։ Նա նշել է, որ հեղափոխության շնորհիվ ստեղծված հնարավորությունների Հայաստանում մարդիկ պետք է զուսպ լինեն եւ վստահությամբ լցված առ նոր իշխանությունը, վարչապետը։

-Պարո՛ն Մարտիրոսյան, երկրում արդեն հակահեղափոխական տրամադրություն է նկատվում։ Կարծես թե ՀՀԿ-ն փորձում է իր ձեռքում եղած լծակները կիրառել Փաշինյանի կառավարությունը ձախողման տանելու համար։ Ի՞նչ եք մտածում սրա շուրջ։

-Իմ կարծիքով հակահեղափոխությունը այս դեպքում չափազանցված ձեւակերպում է։ Բայց ես չեմ կարծում, որ ժողովրդի շրջանում բոլորը պետք է միանման պահվածք դրսեւորեն։ Վարչապետը կոչ արեց դադարեցնել ճանապարհների փակումն ու անհնազանդության գործողությունների իրականացնումը՝ հարցնելով՝ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում։ Հիմա ձեւակերպումների շրջան է, եւ անհանգիստ քաղաքացիները ճիշտ կանեն` հստակ ձեւակերպեն իրենց պահանջը, ըստ այդմ էլ շարժվեն առաջ։

-Որոշ քաղաքագետներ պնդում են, որ ՀՀԿ-ն ծրագրում է «Սասնա ծռերին» հանել Փաշինյանի եւ նրա կառավարության դեմ։ Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը։

-Որոշ գործողություններ կարող են էմոցիաների ազդեցության ներքո արվել, որոշներն էլ կարող են ունենալ ստվերային կառավարում։ Ես կուզենայի, որ մի քիչ համբերենք եւ տեսնենք, թե ինչ արձագանք կլինի «Սասնա ծռերի» կողմնակիցների թեւից։ Միգուցե իրենք դադարեցնեն գործողությունները։ Քանի որ հեղափոխական իրավիճակում ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում, չեմ ուզում զգացմունքային որակումներ տալ։

-ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ահազանգ հնչեցրեց՝ նշելով, որ Հայաստանը կանգնած է պետականությանը սպառնացող վտանգավոր իրավիճակի առաջ։ Նրա խոսքով՝ Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարեւորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, ըստ նախկին նախագահի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթեւեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեեւ ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Դուք ի՞նչ կասեք։

-Շատ ճիշտ եւ ժամանակին արտահայտված մտահոգություն է, որը, կարծում եմ, իր ազդեցությունը կունենա հեղափոխության շնորհիվ ստեղծված հնարավորությունների Հայաստանում։ Այս Հայաստանում մարդիկ զուսպ պետք է լինեն եւ վստահությամբ լցված առ նոր իշխանությունը, վարչապետը։ Նաեւ, հաշվի առնելով ընթացիկ պահի լիազորությունների չափը, պետք է փորձեն լուծել իրենց խնդիրները։

-Ի՞նչ կարծիք ունեք մշակույթի նոր նախարարի մասին։ Առհասարակ, նոր կադրերի նշանակումը շատ է քննարկվում։ Քննադատները հիմնականում շեշտում են նրանց երիտասարդ լինելու հանգամանքը։

-Խելքը տարիքի մեջ չէ, գլխի մեջ է, ես երիտասարդ տարիքից դա ասել եմ։ Ինքս ինձ դավաճանած կլինեմ, եթե հիմա ուրիշ գնահատական տամ։ Երբ արդեն ծրագրային ելույթներ լինեն, ես կարող եմ իմ դիրքորոշումն արտահայտել։ Լիլիթ Մակունցի արտահայտած այն միտքը, թե մշակույթը ինքն է, հազար ձեւով մեկնաբանվեց, հիմնականում` ի վնաս իրեն։ Բայց մշակույթը, այո, մշակութային մարդն է։

Եթե վերադառնանք Ձեր առաջին հարցին, բողոքի գործողությունների զգալի մասում կարող եմ ասել առկա է մշակութային մարդու բացակայության գործոնը։ Այսինքն՝ այսօր իշխանություն է փոխվել, եւ դու, պաշտոնական խողովակներով քո խնդիրները լուծել չփորձած, դուրս ես գալիս եւ փողոց ես փակում։ Դա ես համարում եմ մշակութային մարդու բացակայություն, հնարավորությունների Հայաստանի քաղաքացու բացակայություն։

Աննա Բաբաջանյան




Լրահոս