ՀՀԿ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՍՏԵՂԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր ընտրելու է ՀՀ վարչապետ: Բայց ԱԺ-ն վարչապետ է ընտրելու ոչ թե ՀՀԿ-ի՝ դեռ մեծամասնություն ունեցող եւ դե յուրե իշխանության ղեկին գտնվող ուժի թեկնածուին, այլ նրան, ում առաջադրել է ժողովուրդը, տվյալ դեպքում՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին (ավելին՝ ՀՀԿ-ն ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում հրաժարվել է սեփական թեկնածու առաջադրելուց): Արդեն Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու մասին հայտարարել են խորհրդարանական չորս ուժերից երեքը՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները: ՀՀԿ-ականները թեեւ հայտարարել են, որ չեն խոչընդոտի Փաշինյանի քվեարկությանը, բայց դեռեւս չեն խոսում նրա օգտին քվեարկելու մասին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ականները փորձելու են բոլոր հնարավոր տարբերակներով խոչընդոտներ հարուցել Փաշինյանի ճանապարհին:
Հիմա եթե անգամ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Ն.Փաշինյանին, հետագայում մտադիր է ձախողել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նրա նախաձեռնությունը: Փաշինյանն առաջարկում է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չհաստատել կառավարության ծրագիրը, որպեսզի Սահմանադրության համաձայն` ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի: Սակայն ՀՀԿ-ականները ուզում են հաստատել Փաշինյանի բերած ցանկացած ծրագիր, միայն թե արտահերթ ընտրություններ տեղի չունենան: Իսկ իրենք ԱԺ-ում ունենալով խորհրդարանական մեծամասնություն` զանազան անհարմարություններ կստեղծեն Փաշինյանի կառավարության առաջ՝ չընդունելով կառավարության ներկայացրած նախագծերը, օրենքներ ընդունելով վարչապետի լիազորությունները սահմանափակելու մասին եւ այսպես շարունակ:
Ասել է, թե ՀՀԿ-ականները մտադիր են Հայաստանում ոչ միայն խորացնել քաղաքական ճգնաժամը, այլեւ ստեղծել սահմանադրական ճգնաժամ, երբ միմյանց դեմ կսկսեն պայքարել պետության երկու ճյուղերը:

 

 

Ինչպես հայտնի է` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ակնարկել էր կուսակցության ղեկավարի փոփոխության մասին: Ավելին` նա ՀՀԿ-ականներին ասել էր, թե ամեն ինչում պետք է լսեն եւ ենթարկվեն Կարեն Կարապետյանին` այդպես ակնարկելով, որ նրան է փոխանցում ՀՀԿ ղեկավարի պաշտոնը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀԿ ներսում իրավիճակ է փոխվել. Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում: Փոխարենը չի բացառվում` Կարեն Կարապետյանը հերթական անգամ լքի Հայաստանը` վերադառնալով «Գազպրոմ», իր նախկին աշխատանքին: Բանն այն է, որ հանրապետական պատգամավորների ու Կարեն Կարապետյանի միջեւ անջրպետն այս ընթացքում ավելի է խորացել: Սա այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականով խանդավառված` Կարեն Կարապետյանը փորձեց ամեն գնով իրենով անել վարչապետի պաշտոնը` արհամարհելով կուսակիցներին եւ այդ հարցում օժանդակություն փնտրելով դրսից: Սա ակնհայտորեն դուր չի եկել նաեւ Սերժ Սարգսյանին` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

 

 

 

Նախորդ տարվա նոյեմբերին Մեղրիի մաքսային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերել էին 105 կգ հերոին տեսակի թմրանյութ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան, եւ Ֆ.Օզդեմիրիի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձակել է դատավճիռ՝ դատապարտելով 14 տարվա ազատազրկման: Հետաքրքիրն այն է, որ որոշվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված հերոինը պահել ԱԱԾ-ում՝ քննչական վարչության իրեղեն ապացույցների պահման սենյակում: Բանն այն է, որ ԱԱԾ քննչական վարչությունում այս գործից անջատված մասով շարունակվում է նախաքննությունը: Ուստի հիմա հերոինը՝ որպես իրեղեն ապացույց, կցվել է շարունակվող քրգործին: Թե քրգործից անջատված մասը ե՞րբ կգնա դատարան, կամ կգնա՞, թե՞ ոչ, ի՞նչ ճակատագրի կարժանանա 105 կգ հերոինը, դժվար է ասել: Նշենք, որ հերոինի 1 գրամի գինը տատանվում է 100 դոլարի սահմաններում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս օրերին խիստ անհանգստացած է: Բացի այն, որ ավագանու «Ելք» խմբակցությունը հանդես է եկել նրա հրաժարականի պահանջով, մյուս կողմից` մտավախություն կա, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, հնարավոր է` լուրջ ստուգումներ սկսվեն քաղաքապետարանում եւ բացահայտվեն կոռուպցիայի եւ չարաշահումների մասին ամենատարբեր փաստեր: Եվ այս խնդրից խուսափելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչպես քաղաքապետարանի աշխատակիցներին, այնպես էլ թաղապետերին հանձնարարել է այդ ընթացքում կարգի բերել ֆինանսական բոլոր փաստաթղթերը` կոծկելով դրանցում առկա խնդիրները: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձեւով է այդ կոծկումն իրականացվելու. արդյո՞ք համակարգիչներից հեռացվելու են որոշակի տվյալներ, փաստաթղթե՞ր են այրվելու, թե՞ այլ միջոցներ են կիրառվելու: Ամեն դեպքում, չենք զարմանա, եթե նոր իշխանության օրոք պարզվի, որ քաղաքապետարանը ֆինանսատնտեսական փաստաթղթերի արխիվ գրեթե չունի:

 

 

 

ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Համաժողովրդական շարժումն այս օրերին անասելի մեծ ոգեւորություն է առաջացրել` միաժամանակ Նիկոլ Փաշինյանից բավական լուրջ սպասելիքներ ձեւավորելով: Սա հիանալի է: Բայց հայտնի փաստ է, որ հաճախ հասարակական ոգեւորությանը հաջորդում է մեծ հիասթափությունը, երբ մարդկանց ակնկալիքներն ամբողջությամբ չբավարարվեն: Այդ վտանգն այսօր իսկապես առկա է Հայաստանում: Հատկապես, եթե նկատի ունենանք, թե նոր իշխանությունն ինչպիսի ծանր ժառանգություն է ստանալու ՀՀԿ-ից:
Բավական է մատնանշել միայն մի քանի փաստ. Հայաստանի արտաքին պարտքը հասել է 7 մլրդ դոլարի, աղքատությունը պաշտոնապես 29.4 տոկոս է, գործազրկությունը` 30 տոկոս: Իրականում, իհարկե, իրավիճակը շատ ավելի վատ է, քան ներկայացված է վիճակագրությամբ: Հայաստանի տնտեսությունը ծայր աստիճան մոնոպոլիզացված է, ընդ որում` այս տարիներին մենաշնորհներն ավելի են արմատացել, քարացել: Այս տարիներին սրվել է ժողովրդագրական վիճակը. շարունակական արտագաղթի, ծնելիության նվազման, բնական հավելաճի անկման հետեւանքով բնակչության թիվը շեշտակի պակասել է: Այս տարիներին երկրից հեռացել է հիմնական աշխատուժը, տնտեսապես ակտիվ բնակչությունը, ասել է, թե երկրում նյութական բարիք ստեղծողն ու սպառողը: Արմատացած կոռուպցիան երկրի համար դարձել է լրջագույն սպառնալիք. պետական միջոցների չարաշահումների, վատնումների, կոռուպցիայի ծավալների մասին պատկերացում կազմելու համար բավական է թերթել թեկուզ վերահսկողական մարմինների, նույն Վերահսկիչ պալատի հաշվետվությունները: ՀՀԿ իշխանության տարիներին ամբողջությամբ ապականվել է կրթական համակարգը` կուսակցականացվելով եւ վերածվելով ընտրակեղծարարների ոհմակի: Այս ամենին գումարած արդարադատության բացակայությունը, դատական համակարգում անկախության պակասը: Փաստերի շարանը կարելի է երկար, շատ երկար թվարկել: Բայց եղածն էլ բավական է` հասկանալու համար, թե այսօր ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանը, եւ ի՞նչ խնդիրների հետ է բախվելու նոր իշխանությունը:
Ուստի չպետք է պատրանքներ ունենալ, թե իշխանափոխության հաջորդ օրն իսկ Հայաստանում հրաշքներ են լինելու, թոշակներն ու աշխատավարձերն են քառապատկվելու, սակագներն են նվազելու, գործազրկությունն ու աղքատությունն իսպառ վերանալու են: Ոչ: Պարզապես պետք է պահպանել զգոնություն, սառնասրտություն, իրավիճակը սթափ գնահատելու կարողություն եւ ամբողջությամբ լծվել պետականաշինության գործին` հետեւողականորեն մաքրելու ավգյան ախոռները:




Լրահոս