Վերջին ներքաղաքական զարգացումների եւ վարչապետի սպասվելիք ընտրության շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարո՛ն Մարուքյան, եթե այսօրվա քվեարկությունը տապալվի ՀՀԿ-ի կողմից, ի՞նչ պետք է անի «Ելք» դաշինքը:
-Պետք է անհնազանդության ակցիաները շարունակվեն: Կարծում եմ` Փաշինյանը կշարունակի պայքարը, իսկ մենք կաջակցենք:
-Դուք անձնապես եւ, ընդհանրապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այդ պարագայում կլինե՞ն փողոցում:
-Մենք արդեն այն պահից սկսած, երբ համակարգային բնույթի է դարձել պայքարը, փողոցում ենք:
-Այսինքն` եթե ցույցերը շարունակվեն, Դուք փողոցում Փաշինյանի հետ կքայլե՞ք:
-Բոլոր մեթոդներով, ինչ մեթոդներով որ աջակցել ենք մինչեւ հիմա. ե՛ւ փողոցում լինելով, ե՛ւ թիկունք պահելով, մեզնից ինչ-որ կախված է:
-Բայց սկզբում Դուք փողոցում չէիք պայքարում Ն. Փաշինյանի հետ, դեմ էիք նրա առաջարկած մեթոդներին:
-Ամենասկզբի հարցերն արդեն ավարտված են, որովհետեւ երկրում այլ իրողություն է, այլ իրավիճակ է: Եվ ով հեղափոխությունն իրականացրել է, տվյալ պարագայում` Նիկոլ Փաշինյանը, նա ունի բոլորիս աջակցությունը` ստանձնելու պատասխանատվություն, ձեւավորելու կառավարություն: Սկզբից ինչ եղել է, դա այս պահին ակտուալ չէ:
-Այսինքն` այն, որ սկզբում հավատ չկար Փաշինյանի նախաձեռնած պայքարի նկատմամբ, անցե՞լ է:
-Ոչ թե հավատ չկար, այլ մեթոդաբանական, տակտիկական տարբերություններ կային: Բայց հիմա Փաշինյանի տակտիկան իրականում աշխատել է եւ հաղթել: Հետեւաբար` նա հեղափոխության բոլոր կանոններով պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը: Այդտեղ այլ տարբերակ չկա:
-Ամեն դեպքում` կարծում եք, որ Փաշինյանի որդեգրած մոտեցումը ճի՞շտ էր:
-Ամեն դեպքում հաղթանակած մոտեցում էր: Կարող է` ինչ-որ բան, երբ քննարկում էինք, ասում էինք` այ, այս տակտիկան սխալ է, այս պահը կարող է չստացվի: Բայց դա արդեն ավարտված էտապ է: Իսկ հաղթողներին չեն դատում: Բոլոր քայլերը, որ նա կիրառել է, ըստ էության, հաջողության են բերել:
-Հիմա Դուք ինչ-որ տեղ զղջո՞ւմ եք, որ հենց սկզբից Ն. Փաշինյանի հետ չեք եղել փողոցում` շարժման մասնակիցների թվում:
-Չէ, ի՞նչ կա զղջալու: Ինչ պայմանավորվածություն որ ունեցել ենք, բոլոր պայմանավորվածությունները պահպանել ենք: Հետեւաբար` նման հարց չկա ընդհանրապես: Դուք երեւի տեսել եք, թե մենք ինչ ենք արել այս ընթացքում, իսկ մնացածը բոլորի համար, կարծում եմ, պարզ է:
-Ի՞նչ եք կարծում՝ ՀՀԿ-ի համար լավագո՞ւյն տարբերակն է մնալ որպես ընդդիմություն:
-Դե եթե, ըստ էության, ունենում ենք վարչապետ, որը ժողովրդի թեկնածուն է, ոչ թե Հանրապետական կուսակցության, ուրեմն ՀՀԿ-ն ընդդիմություն է:
-Այս պարագայում դժվարություններ չե՞ն առաջանա Փաշինյանի աշխատանքում որպես վարչապետ ՀՀԿ-ի հետ գործակցության համատեքստում:
-Մենք ամեն ինչ անելու ենք, որ հաջողվի: Դժվարություններ միշտ էլ կան, կլինեն եւ այս պարագայում էլ լինելու են:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ հատկապես Ռուսաստանը Ս. Սարգսյանին չաջակցեց, երբ նրա պաշտոնավարման դեմ ցույցերը նոր էին մեկնարկել:
-Իսկ ինչ պետք է ասեին:
-Ռուս քաղաքագետներն ասում են, որ Սարգսյանն արդեն նախընտրելի չէր Ռուսաստանի համար, այդ իսկ պատճառով նման կեցվածք եղավ:
-Ես չեմ հավատում, որ Ռուսաստանում չէին ցանկանում իրեն տեսնել, բայց ամեն դեպքում` դա արդեն անցած էտապ է: Ես չգիտեմ` ով է աջակցել, ով չի աջակցել: Կա ազգային զարթոնք, կա շարժում, որն իր առջեւ դրած խնդիրը լուծել է: Եվ հիմա պետք է այդ շարժումը կապիտալիզացնել, մարդկանց հույսերն արդարացնել եւ հասնել նրան, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան, եւ դրանք դրական ազդեցություն ունենան մարդկանց կյանքի վրա:
-Գլխավոր գործոնները որո՞նք էին, որոնց արդյունքում շարժումը հաջողեց:
-Բազմաթիվ գործոններ կան եւ գործել են: Կարծում եմ` դեռ վաղ է վերլուծություններ անել եւ ասել: Մենք այս շարժման վերաբերյալ դեռ երկար ուսումնասիրություններ կունենանք:
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԲԱՅՑ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Այսօր Ազգային ժողովում նախանշված է վարչապետի ընտրությունը: Ինչպես հայտնի է` այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարզպետներից պարզել, թե արդյո՞ք նրանք պատրաստ են աշխատել Փաշինյանի հետ, եթե վերջինս ընտրվի վարչապետ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան
-Պարո՛ն Ղահրամանյան, եթե Ն. Փաշինյանն ընտրվի վարչապետ, Դուք պատրա՞ստ եք աշխատել նրա հետ:
-Թող ընտրությունները լինեն, կխոսենք:
-Իսկ ինչո՞ւ էիք Դուք շարժման օրերին հրահանգում գյուղապետերին, որպեսզի չթողնեն` դպրոցներում դասադուլ լինի:
-Երեխաների տեղը դպրոցի դասարանն է: Իսկ մեծերը… քաղաքականությունը թող մեծերն իրականացնեն: 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանի երեխան ի՞նչ է հասկանում:
-Բայց միայն ցածր դասարանի աշակերտները չէ, որ ցանկանում էին բողոքի ակցիաներին մասնակցել:
-Դե, 3-րդ, 4-րդ դասարանի երեխաներ կային: Դրա համար կուսակցություններ կան, մեծահասակներ կան, թող նրանք այդ խնդիրները բարձրացնեն եւ լուծումներ տան:
-Ընդհանուր առմամբ` Ն. Փաշինյանի առաջնորդությամբ տարված պայքարն ինչպե՞ս եք գնահատում:
-Տեսեք…որ դժգոհություններ կան, ով չգիտի: Բայց ամենակարեւորը, որ ե՛ւ երկրի նախկին վարչապետը, ե՛ւ Փաշինյանը մարդկանց չտանեն արյունահեղության: Թող կուսակցությունները նստեն, մի ընդհանուր հայտարարի գան, որ աշխարհին էլ ցույց տան, որ մենք ցիվիլ ազգ ենք:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյան
-Պարո՛ն Աբովյան, եթե Ն. Փաշինյանը դառնա վարչապետ, Դուք պատրա՞ստ եք աշխատել նրա հետ:
-Նախ շատ լավ է, որ այս քաղաքացիական շարժումը գնացել է հանգուցալուծման եւ անցել է քաղաքական հարթակ, որն էլ Ազգային ժողովն է: Ու ողջունում եմ բոլոր կուսակցությունների քննարկումները այսօրվա, այսպես ասած, ժողովրդի թեկնածուի հետ: Եվ, բնականաբար, այսօր ՀՀԿ-ն իր դիրքորոշումը կարտահայտի: Եվ հուսով եմ, որ մեր կուսակցության հայտարարությունը, որ չեն խոչընդոտի միասնական թեկնածուի ընտրություններին… դա արդեն հայտարարվել է, եւ ես ողջունում եմ:
-Ձեզ համար ընդունելի՞ թեկնածու է Ն. Փաշինյանը:
-Ես անհատ ղեկավար չեմ: Կուսակցությունն է ինձ առաջադրել, եւ գիտեք` մարզերում ինչպես է հատկացվել, եւ որ մարզը որ կուսակցությանն են տվել: Քաղաքական որոշում կլինի, կաշխատենք, չի լինի, ուրեմն` ոչ: Դա պետք է քաղաքական հանգուցալուծման տանի: Մենք բոլորս դրան սպասում ենք եւ կողջունենք. անցնցում քաղաքական որոշում:
-Դուք Կողբ համայնքի բնակիչ եք եւ հատկանշական է, որ այնտեղի ավագանին միացավ շարժմանը: Ինչպե՞ս ընդունեցիք դա:
-Այո, Կողբի համայնքապետը եւ երկու ավագանիներն էին մասնակցում: Դրանում ինչ-որ արտառոց բան չեմ տեսնում: Մարդիկ դիրքորոշում են հայտնել, որն, անկեղծ ասած, զարմանալի չէ:
-Իսկ Ս. Սարգսյանի հրաժարականի փաստն ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք պետք չէր ավելի շուտ այդ քայլին գնալ:
-Շուտ-ուշը հարաբերական է: Միգուցե ավելի շուտ հրաժարվեց, միգուցե ուշ հրաժարվեր: Այսինքն` եկավ մի իրավիճակ, որը բխում էր ՀՀ բնակչության շահերից, եւ այդ պահին կուսակցության ղեկավարը հարկ համարեց հրաժարական տալ:
-Դուք ինքներդ ինչո՞ւ դուրս չեկաք պայքարի. ՀՀԿ-ում խնդիրնե՞ր կունենայիք:
-Ոչ մի խնդիր չի կարող առաջանալ: Այնպես չի, որ մենք մեր ժողովրդի հետ չենք եղել կամ նոր պիտի միանանք մեր ժողովրդին: Մենք միշտ էլ եղել ենք ժողովրդի հետ: Հատկապես որ մարզի սահմանամերձ համայնքներում թե՛ սոցիալական, թե՛ տնտեսության զարգացման առումով մեծ ծրագրեր են կատարվել:
Հ.Գ. Ի դեպ, օրերս, երբ դեռ հայտնի չէր՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի, թե ոչ, Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանն ասել էր, թե ինքը չի աշխատի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Հիմա քաղաքական իրավիճակ է փոխվել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը Նալբանդյանի հետ փորձեց այս թեմայով զրուցել, սակայն լսելով հարցը` նա անջատեց հեռախոսը:
Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ներկա է գտնվելու ԱԺ նիստին` մասնակցելու վարչապետի ընտրությանը: Հատկանշական է այն, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չմասնակցեց ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությանը, թեեւ իրենց խմբակցությունը կողմ քվեարկեց: Ծառուկյանը չէր մասնակցել նաեւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը` բացակայելով ԱԺ հատուկ նիստից: Մինչդեռ հիմա նա մասնակցելու է Փաշինյանի ընտրություններին. հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, թե իրենք կողմ են քվեարկելու ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:
ՓԱՓՈՒԿ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՂԹՈՎ
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը պետական միջոցները չի խնայում անձնական խնամքի պարագաների գնման համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն ռուլոնով զուգարանի թղթի համար պետբյուջեից նրանք ծախսել են 2 մլն 130 հազար 150 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գնվել է 12 հազար 910 հատ ռուլոնով զուգարանի թուղթ: Իսկ ահա 10 հատ թղթե անձեռոցիկի համար ծախսվել է 3000 դրամ: Հիշեցնենք, այս ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչ պետգույքի կառավարման վարչությունը, եւ այս կառույցը գոյություն ունի շնորհիվ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի. բանն այն է, որ ՊՈԱԿ-ի ղեկավար Ստեփան Ստեփանյանը Սահակյանի բակային ընկերն է, ուստի նրա համար հատուկ ստորաբաժանում է ձեւավորվել:
ԱՎԱՐՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների գործով կալանքի տակ գտնվող Ռաֆայել Խաչատրյանի մասով քրեական գործի նախաքննությունը: Ասել է, թե իրավապահ համակարգը չսպասեց այս գործով հետախուզման մեջ գտնվող եւ Վրաստանում հայտնաբերված մեղադրյալներին Հայաստան տեղափոխելուն եւ Ռաֆիկ Խաչատրյանի մասով քրեական գործը ուղարկեց դատարան: Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է 8 ամիս, եւ դեռեւս իրավապահները Վրաստանից Հայաստան չեն տեղափոխել մեղադրյալներին՝ Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին, որոնց կրակոցների արդյունքում սպանվել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսիյանը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն փոփոխել է Ռաֆիկ Խաչատրյանի մեղադրանքը: Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, օժանդակելու, ապօրինի զենք պահելու, կրելու համար, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը նրան ընդամենը մեղադրանք է առաջադրել ապօրինի զենք տեղափոխելու համար: