Այսօրը Հայաստանի Երրորդ Հանրապետության թերեւս ճակատագրական օրերից մեկն է, երբ վերջապես իրավական առումով կհաստատվի ժողովրդի ընտրությունը: Այսօր վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի ղեկավար կդառնա ժողովրդի ընտրյալը` կատարված փաստին իրավական ամրագրում հաղորդելով: Սկսված հեղափոխությունն իր տրամաբանական հաջորդ հանգրվանին պետք է հասցվի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով, որը բացառիկ իրադարձություն է թերեւս 1991թ. առաջին նախագահի ընտրությունից հետո:
Համաժողովրդկան այս շարժմանն իր տարբեր փուլերում արձագանքել են Հայաստանի գրեթե բոլոր ուժերը: Հրապարակում մարդկանց ներկայության շարունակական աճի հետ ավելացել է նաեւ շարժման սատարող կուսակցությունների բանակը: Վերջին օրերին հրապարակի թեկնածուին կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնեցին նաեւ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն` իրավիճակը կրկին հանգեցնելով «կոնսենսուս մինուս ՀՀԿ» բանաձեւին: Կարեն Կարապետյանի տապալված խռովությունից հետո, սակայն, թվում է` ՀՀԿ-ն նույնպես իրավիճակին մոտենում է ողջախոհությամբ, ինչի վկայությունն էր նախ եւ առաջ թեկնածու չառաջադրելու որոշումը: Անշուշտ, ՀՀԿ-ի ու իշխանության հանդեպ թերհավատություն ունեցող մեր հայրենակիցներից շատերն ունեն լիովին հիմնավոր մտավախություն, որ վերջին պահին ՀՀԿ-ն կարող է տապալել վարչապետի ընտրությունն ու փաստի առաջ կանգնեցնել Շարժմանը: Իհարկե, ՀՀԿ-ն թե՛ այդպիսի փորձ ունի, թե՛ տիրապետում է խորհրդարանի կոճակների «հսկիչ փաթեթին», առանց որի պարզապես հնարավոր չէ վարչապետ ընտրել:
Սակայն արդյո՞ք ՀՀԿ-ն այդքան կտրված է իրականությունից, որ հանդգնի նման անխոհեմ քայլի դիմել ու բառի իսկական իմաստով կազմաքանդել պետությունը: Որքան էլ ոմանք կարոտով հիշեն Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանն ու փափագեն մեկ հարվածով վերջ տալ այս համաժողովրդական շարժմանը, իրավիճակի հետ հաշվի չնստել չեն կարող: Քոչարյանն այդ հիմա է ետին թվով հոխորտալով ինքնասիրության ակնարկներ անում, թե ինքը «շանտաժի» չէր տրվի: Հայաստանում Քոչարյանի 10-ամյակից հետո հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել առաջին հերթին մարդկանց հոգեբանության մեջ, եւ հին ու փտած գործիքները այլեւս աշխատող չեն: Ի վերջո, Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին տապալված բանակցություններից հետո գնաց հենց քոչարյանական ճանապարհով, երբ հրահանգեց ձերբակալել իր ընդդիմախոսին: Պարզապես իշխանության ռեսուրսները չբավականացրին գործընթացը մարտի 1-ին հասցնելու համար, թե չէ Քոչարյանը Սերժ Սարգսյանից ո՛չ ուժեղ էր, ո՛չ էլ խելացի:
Շարժումը տապալելու ուղղությամբ Սերժ Սարգսյանը փորձել է գրեթե ամեն ինչ: Վարչապետ կարգվելու շրջանում նա անտարբերությամբ էր նայում հրապարակի պայքարին` մտածելով, որ անուշադրության մատնելով` այն կմարի ու կվերջանա: Երբ տեսավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, փորձեց մանր-մունր զիջումներ կատարել` առաջացած բողոքը զսպելու համար, ինչը կրկին չհաջողեց: Բանակցությունների ճանապարհով շարժման առաջնորդին վարկաբեկելու քաղաքականությունը ոչ միայն չստացվեց, այլեւ բումերանգի էֆեկտով հարվածեց հենց իրեն` Սարգսյանին: Վերջապես գործի դրվեց պետական մեքենան` ձերբակալելով շարժման ղեկավարությանը, ինչը հույս էր տալիս, որ մարդիկ կվախենան: Սակայն ապարդյուն: Փողոցները հեղեղած քաղաքացիների դեմ պայքարի միայն մեկ տարբերակ էր մնացել, որը ենթադրում էր օտար պետության զորքերի ներգրավածություն: Բարեբախտաբար, Ռուսաստանը ընկալեց այդօրինակ զարգացման աղետալիությունն ու չգնաց որոշ հայտնի շրջանակների արկածախնդրության` չուզենալով հարաբերությունները փչացնել ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ էլ գերտրությունների հետ, առավել եւս, երբ դեռ չի մարսել ուկրաինական դեպքերը, խնդիրներ կան սիրիական ճակատում, եւ հետո` ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմաբազան, որից տխուր հիշողություններ կան: Այնպես որ, իշխանությունը հրապարակի դեմ փորձարկեց իր բոլոր զենքերը` որեւէ արդյունքի չհասնելով:
Մնացել է վերջին փամփուշտը` հրաժարվել քվեարկել Փաշինյանի օգտին ու իրավիճակը հանգեցնել արտահերթ ընտրությունների: Այդպես օգտագործելով իր փամփուշտը` ՀՀԿ-ն անդառնալի ինքնասպանության կգնա: Քանի որ նախ` կուսակցությունը շուտափույթ անցկացվելիք ընտրություններում որեւէ շանս չունի հաջողության հասնելու` անկախ իր տիրապետած վարչական ռեսուրսի, ապա եւ երկիրը կմատնի երկամսյա քաոսի: Ավելի քան երկու շաբաթ է, ինչ պետական ապարատը ամբողջովին կազմալուծված վիճակում է: Անպատկերացնելի է, թե ինչ կկատարվի մեր պետականության հետ, եթե բողոքի գործողություններն ու ընդվզումները շարունակվեն եւ այն էլ երկու ամիս: Չհաշված, որ Հայաստանը լրջագույն տնտեսական դժվարությունների կբախվի, իսկ պետական համակարգը անընդունակ կլինի նորից բնականոն ռեժիմի վերադառնալու, առաջին հերթին կսասանվի զինված ուժերի մեջքը: Հայոց բանակը չի կարող հայացքը մեկ թիկունք, մեկ առաջնագիծ հառել, ինչ է, թե ՀՀԿ-ն չի ցանկանում զիջել իշխանության արդեն իսկ կորցրած դիրքերը: ՀՀԿ-ի յուրաքանչյուր պատգամավոր իր քվեարկության պահին պետք է մտովի հիշի, թե ինչպես էր ժողովուրդը ցնծում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Պետք է դրվագ առ դրվագ հիշել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի մեկ կոչով ապրիլի 25-ի առավոտյան լեփ-լեցուն էր Հանրապետության հրապարակը Կարեն Կարապետյանի նախաձեռնած ձախողակ հեղաշրջման ժամին: Անպայման պետք է հաշվի առնել նաեւ այն ցնծագին ընդունելությունը, որին արժանացավ Շարժման ղեկավարը Գյումրի ու Վանաձոր մեկնելիս: ՀՀԿ-ի ցանկացած պատգամավոր չի կարող հաշվի չառնել այս իրողությունները:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄՇՈՒՇՈՏ Է
Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել ընդամենը 9 հեռուստաալիք: Դրանցից մեկը Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ»-ն է, որը սակայն սահմանամերձ մարզի իրադարձությունների վերաբերյալ նորություններ եւ այլ հաղորդումներ չէր թողարկում` վերահեռարձակելով ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Սահմանամերձ մարզի բնակիչները զրկված են իրենց մարզում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալու համար նախատեսված հանրամատչելի միջոցից: Ապրիլի 30-ին` կեսօրից հետո, այդ հեռուստաընկերությունը վերահեռարձակում էր «ԱՏՎ» հեռուստաընկերության ինչ-որ հաղորդում: Մի քանի օր առաջ Տավուշի մարզային հեռուստաընկերության եթերում հայտարարություն է տարածվել, որ պարտքերի պատճառով այն դադարեցնում է հաղորդումների հեռարձակումը: Սակայն հիմա կրկին եթերում է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի` 2017թ. փետրվարի 13-ի որոշմամբ` սնանկության կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 2017թ. մայիսի 3-ին: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017թ. հուլիսի 27-ի որոշմամբ` «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման վարույթում: Գեւորգ Ավագյանն ասաց, որ 2017թ. դեկտեմբերից լուծարման վարույթը վերսկսվել է: «Տավուշի ՏՎ»-ի պարտատերերը 3-ն են` ՊԵԿ հարկային ծառայությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը: Գ. Ավագյանը հայտնեց, որ 2018 թվականին հաղորդումների հեռարձակում իրականացնելու համար «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերությունը «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ից պահանջում է 4 միլիոն դրամ, «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ի վիճակի չէ այն վճարելու: Գ. Ավագյանի խոսքերով` եթե ներդրողներ, հովանավորներ գտնվեն, հնարավոր է ֆինանսապես առողջացնել ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Ավագյանը տեղեկացրեց, որ մարզային հեռուստաընկերության սեփականատերը Տավուշի մարզի բնակիչ է, ֆիզիկական անձ: Տավուշի մարզում շատերը գիտեն, որ մարզային հեռուստաընկերության փաստացի տերը Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահ Հովիկ Աբովյանն է: ՀՀԿ-ի եւ Հովիկ Աբովյանի քաղաքական ճակատագիրը մշուշոտ է, մշուշոտ է նաեւ «Տավուշի ՏՎ»-ի հետագա գործունեությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԹՈՇԱԿԱՌՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ՈՒ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԲԻԶՆԵՍԸ
Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բավական լուրջ ունեցածքի տեր է: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել է տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Բալասանյանն անցած տարեվերջի դրությամբ ուներ 2.2 մլն դրամ եւ 12 հազար 100 դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 296 հազար դրամ, եւ մոտ 13 հազար դրամ կենսաթոշակը: Մինչդեռ 2016 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գյումրեցի քաղաքապետը նշել է, որ ունի արտադրական եւ հասարակական նշանակության մեկական շինություն, երեք հատ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս եւ հողին ամրակցված մեկ շինություն: Իսկ ահա 2012 թվականին պաշտոնը ստանձնելու ներկայացրած հայտարարագրում նշված է, որ Սամվել Բալասանյանն ունի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 հատ տարածք եւ մեկ «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենա: Հավանաբար, քաղաքապետը տարիների ընթացքում վաճառել է ունեցած միակ ավտոմեքենան` «Մոսկվիչը»: Բալասանյանի տիկնոջ` Ռենատա Գեւորգյանի դրամական միջոցները անցած տարում կազմել են 300 հազար դրամ եւ 1500 դոլար: Բացի այս, քաղաքապետի տիկինը նախորդ տարի եկամուտ չի ունեցել:
Նշենք, որ քաղաքապետի ներկայացրած հայտարարագրում նշված չէ գարեջրի երկու գործարանների մասին: Չէ՞ որ «Գյումրի» գարեջրի սեփականատերը քաղաքապետի ընտանիքն է: Նա ժամանակին գարեջրի գործարան էր կառուցել նաեւ հարեւան Վրաստանում` Ախալքալակի տարածաշրջանում: Գյումրիի սիմվոլներից առաջինը` G-ն, Սեւ Բերդն է, որը պատկանում է հենց քաղաքապետի որդուն: Բացի այս, դեռեւս 2016 թվականին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դուստրը` Ադելինա Բալասանյանը, ամուսնու հետ Պրահայում գնել է մի ընկերություն: Ավելին` Բալասանյաններին է պատկանում Գյումրիում «Անուշարան» ընկերությունը, որը զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ: Քաղաքապետի դուստրը 2006 թվականին Երեւանում հիմնադրել է հացի արտադրությամբ զբաղվող «Ուրարտու-Ադելինա» ՍՊԸ-ն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ