«Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման ծրագրի շահառուները լուրջ մտահոգություններ ունեն. նրանք վախենում են, որ ծրագիրը դադարեցվի: Պատճառը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Ներկայացվում է, որ երիտասարդ ընտանիքների համար բնակելի շենքերը կառուցվել են Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ, արդեն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Ու հիմա նոր ծրագրի շահառուները չգիտեն` արդյո՞ք Ս. Սարգսյանի հրաժարականից հետո իրենց շենքերը կկառուցվեն: Մի մասը հայտնվել է անհարմար դրության մեջ, երբ վաճառել են եղած բնակարանը կամ վարկեր վերցրել, որպեսզի բնակարանի կանխավճարը մուծեն:
Նշենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Երեւանի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում (Դալմայի այգիներում) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով «Վերածնունդ» երիտասարդական ավանը: Ընդհանուր առմամբ կկառուցվեն մոտ 1170 բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղեր, հասարակական նշանակության տարածքներ` խանութներ, կենցաղ-սպասարկման օբյեկտներ: Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է այս տարվա մայիսին եւ նախատեսվում է ավարտել 2020 թվականի սեպտեմբերին:
Արդյո՞ք այս գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ:
-Պարո՛ն Քարամյան, «Վերածնունդ» թաղամասի մասով հայտարարել էիք, որ մայիսի 1-ից ծրագիրը մեկնարկելու է: Կներկայացնե՞ք` ինչից է սկսվելու եւ ե՞րբ է մեկնարկելու շինարարությունը:
-Սպասում ենք նախագծերի վերջնական տարբերակին, այն, հավանաբար, կունենանք մեկ ամսից, սակայն մինչ, այդ տեղում, մայիս ամսվա կեսերին, կսկսենք հողային աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկատնտեսական պայմանների ձեւակերպմանը` էլեկտրաէներգիայի ժամանակավոր ենթակայան, ջրամատակարարման անցկացում եւ այլն: Նախագծերի վերջնական տարբերակը ստանալուն պես կկազմակերպենք շահառուների վիճակահանությունը: Ի լրումն այս ամենի արդեն իսկ մեկնարկել են Զեյթուն 3-ի շինաշխատանքները, իսկ երկու շաբաթ անց կունենանք վիճակահանությունը:
-Արդյո՞ք քաղաքական վերջին զարգացումները կարող են պատճառ դառնալ ծրագրի դադարեցման…
-Ցավոք, քաղաքական վայրիվերումները ցանկացած հասարակության մեջ էլ ունենում են բացասական հետեւանքներ: Մեր պարագայում, ես կարծում եմ, կկարողանանք այդ հետեւանքները հաղթահարել, եւ որ ամենակարեւորը` մեր շահառուները, ինչպես վերջին 10 տարիների ընթացքում, այնպես էլ առաջիկա 4 տարիների համար, ճիշտ ժամանակին կտոնեն իրենց բնակարանամուտը:
-Պարո՛ն Քարամյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում էր Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորությամբ, նրա հրաժարականը ծրագրի նկատմամբ որոշ անվստահություն է առաջացրել շահառուների շրջանում: Ավելին` արդեն իսկ կան մտավախություններ, որ այն չի իրականացվի: Եթե այժմ Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավում չէ, արդյո՞ք նա շարունակելու է մնալ ծրագրի «կնքահայրը»:
-Ես կարծում եմ, որ այո, առերեւույթ կարող է առաջանալ նման անհանգստություն, սակայն իսկապես հավատացնում եմ մեր բոլոր շահառուներին, որ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվան հետ կապված ծրագիրը մենք հասցնելու ենք ավարտին: Նամանավանդ, որ ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, եւ մեր երկիրը շատ արագ կհաղթահարի քաղաքական ճգնաժամը: Այսպես, թե այնպես կնքահայրն է, ինչպես Դուք եք նշում, եւ այդ հանգամանքը եւս պարտավորեցնող է լինելու ՀՀԿ մեծամասնություն ունեցող կառավարությանը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ պարոն Սարգսյանը շարունակում է լինել մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը: Չգրված կանոնների համաձայն էլ, աշխարհի բոլոր երկրների պաշտոնաթող նախագահները ունենում են մանդատ` համանման ամենատարբեր ծրագրեր սատարելու, առաջ մղելու համար:
-Հայաստանի քաղաքական կյանքում վերջին նոր իրողությունները, երբ ՀՀԿ-ն վարչապետ չի առաջադրում, չի ազդի՞ ծրագրի վրա կամ ժամկետներ խախտի:
-Կարծում եմ` ոչ: Եւ, առհասարակ, կարծում եմ, որ մեր երկրի զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկն էլ մեզանում առկա լավագույն ավանդույթների, ծրագրերի առողջ, ողջամիտ շարունակության մեջ է նաեւ: Ամեն դեպքում, մեր կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը` առաջիկա տարիներին ծրագիրը անխափան ու ժամկետների մեջ առաջ տանելու համար: Մեր ծրագիրը պահանջարկված, հասցեական է: Այն իսկապես բավարարում է բերել բազմահազար երիտասարդ ընտանիքների սոցիալական բնակապահովման խնդրին, սա նախագահ Սարգսյանի նախընտրական թեզն էր, որը մենք կատարեցինք ամբողջապես: Շարունակելիության առումով ասեմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու, այն, ինչը որ արդեն իսկ հայտարարված է` ի կատար ածենք, որովհետեւ շուրջ 1300 ընտանիք սպասում է բնակարանամուտի: Ինչպես նշել էի` պաշտոնաթող նախագահները առհասարակ իրենց հասարակություններում ունենում են որոշակի առաքեություն, եւ սովորաբար դրանք արտահայտվում են սոցիալական, մշակութային ամենատարբեր ծրագրերով: Եկեք, միասին նաեւ այս մշակույթի ձեւավորողը դառնանք առաջիկայում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱԶԳԻ ԶԱՎԱԿԸ
Խորհրդարանում այսօր տեղի կունենան վարչապետի ընտրությունները, եւ այս պաշտոնում առաջադրվել է միայն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Մինչեւ հիմա տեղի ունեցող բողոքի ցույցերին, հանրահավաքներին ակտիվորեն մասնակցել է ապրիլյան պատերազմին զոհված, հերոս Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հետեւյալ կերպ արձագանքեց վարչապետի ընտրություններին. «Վարչապետը, որին ժողովուրդն ընտրեց, կարեւորը ուշադրություն դարձնի ապրիլյան հերոսների ընտանիքների աշխատանքի ու ընտանեկան իրավիճակներին ուշադիր լինի.. դա որպես հերոսի եղբայր եմ ասում, ու իմ հետ բոլոր ծնողներն են համակարծիք։ Հուսով եմ` կոռուպցիան կվերանա ժամանակի ընթացքում, ու ավելի կամրապնդվեն մեր սահմանները, կբարելավվի սահման պահող հայ զինվորի վիճակը։ Մեր երկրի համար կյանք են տվել տղերքը, ու պետք է մարդիկ գիտակցեն ու հասկանան, թե ինչ ազգի զավակ ենք ու ինչ առաքելությամբ ենք ապրում այս երկրում։ Այն թերությունները, որ ունեցել ենք` բարեկամին, ծանոթին գործի տեղավորելը, կվերանա, ու ամեն մարդ արժանի աշխատանք կունենա»։
ՇՈՒՇԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿՎՃԱՐԵՆ ՄԱՅԻՍԻ 4-ԻՑ
Այն մտավախությունը, թե արդյոք ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված` թոշակների ուշացում է լինելու, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը պատասխանել է, որ ծառայությունն այս օրերին աշխատում է առանց հանգստի, եւ կենսաթոշակները ժամանակին վճարելու համար արվում է ամեն ինչ: Ուշացումներ չեն լինելու: Մայիս ամսվա կենսաթոշակի վճարումները կսկսվեն մայիսի 4-ից:
ԲԻԶՆԵՍՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի` Հայաստանում խոշոր բիզնեսը, որը միահյուսվել է իշխանության հետ, պետք է երաշխավորվի վենդետայից: Նրա խոսքով` ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է ամրագրի, որ նրա հնարավոր հաղթանակը վարչապետի ընտրություններում սպառնալիք չի ներկայացնում ՀՀԿ-ականների հետ կապված խոշոր բիզնեսներին: Հակառակը, տնտեսագետի խոսքով` նրանք պետք է հասկանան, որ կաշխատեն ավելի բարենպաստ պայմաններում, օրինակ` ստիպված չեն լինի ֆինանսավորել այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավը: Նրա կարծիքով` անհրաժեշտ է բացառել խոշոր բիզնեսի ու քաղաքական ուժերի միաձուլումը, լինի դա ՀՀԿ-ն կամ այլ կուսակցություն:
ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ
«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 1-ից թույլատրում է Թուրքիայից, ըստ ձեռնարկությունների, լոլիկի ներկրումն առանց սահմանափակումների: Ծառայության փոխանցմամբ` մատակարարումները թույլատրված են արտադրության այն վայրերից, որոնք զերծ են լոլիկի ցեցից: «Ռոսսելխոզնադզոր»-ը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնություն լոլիկ ներկրելիս սահմանի անցակետերում կգործի Թուրքիայի պարենի, գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարության հետ համատեղ կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն:
Մատակարարումները կիրականացվեն լոլիկի ներկրման գործող բաժնեչափի սահմաններում` 50 հազար տոննա ծավալով: Նշենք, որ ներկայում ՌԴ լոլիկի ներկրման իրավունք ունեն Թուրքիայի 20 ձեռնարկություններ:
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԶՈՀՎԵԼ ԵՆ
Քաբուլում մեկը մյուսին հաջորդած ահաբեկչական երկու հարձակումների հետեւանքով առնվազն 29 մարդ է զոհվել: Նրանցից հինգը լրագրողներ են: Զոհերի թվում եղել են նաեւ «Ազատություն» ռադիոակայանի աֆղանական ծառայության երկու աշխատակիցներ, ինչպես նաեւ AFP գործակալության լուսանկարիչը: Պայթյունները որոտացել են վաղ առավոտյան Քաբուլի կենտրոնական թաղամասում, որտեղ գտնվում են ԱՄՆ դեսպանատունն ու կառավարական մի շարք շինություններ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՐԿՈՒՏ
Մայիսի 4-ին` կեսօրից հետո, Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Նշենք, որ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: