«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԾԵՍ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱՅԻ» ՀԵՏ ԷՐ ՀԱՆԴԻՊԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տիրող ներքին քաղաքական կյանքի, թավշյա հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների, մեր հետագա անելիքների եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երաժիշտ, երգահան, «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճիշտ ուղու վրա է, քանի որ իր քայլերը կառուցում է համերաշխության մթնոլորտում:

-Պարո՛ն Պետրոսյան, ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» դաշինքի կողմից առաջադրվելու է վարչապետի պաշտոնում, հանդիպում ունեցավ հանրապետական խմբակցության պատգամավորների հետ: Ի՞նչ տպավորություն ունեք տեղի ունեցած հարցուպատասխանից:
-Տպավորությունս այնպիսին էր, ոնց որ Նիկոլը գնացել էր աղջիկ ուզելու, իրենք էլ հարցուփորձ էին անում, թե աշխատանք, ժառանգություն ունի՞: Դա շատ անդուր էր: Կարծես վերջին անգամ ուզում էին ասել, որ իրենք շատ կարեւոր են:
-Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, օրինակ, «Նաիրիտի» վերագործարկման ժամկետների մասին: Ի՞նչ կասեք:
-Հիմար հարց էր, որովհետեւ «Նաիրիտի» թեման բավական երկար ժամանակ է՝ բերվում է օրակարգ, պարզ է, որ սարսափելի մեծ թալան է արվել, եւ այդ խնդրին չի կարող միանգամից լուծում տրվել: Մարդը դեռ վարչապետի թեկնածու է, նրանից ժամկետներ են ուզում: Հիմա ես եմ հակադարձում՝ դուք, որ իշխանություն էիք, ամեն ինչ օդում էիք խոսում, հիմա, դեռ վարչապետ չդարձած՝ մարդուց ի՞նչ ժամկետներ եք ուզում: Ինձ դուր չեկավ նաեւ այն հանգամանքը, որ հանրապետական պատգամավորները մեկը մյուսի ետեւից անընդհատ ռուսների հետ հարաբերությունների թեման էին բացում: Ուզում եմ հարցնել՝ ուրիշ մտածելու բան չունե՞ք: Նիկոլ Փաշինյանը հարյուր անգամ մամուլի առաջ ասել էր, որ ինքը ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, ինքը հայամետ է: Տպավորությունս այնպիսին էր, որ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամների հետ:
-Ըստ Ձեզ՝ հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը ո՞րը պետք է լինի:
-Կարծում եմ՝ նա շատ ճիշտ ճանապարհի վրա է, ուզում է ամեն ինչ համերաշխության մթնոլորտում, պոզիտիվի վրա կառուցել: Շատ կարեւոր բան է դա, որպեսզի սաբոտաժ չլինի: Հիմա պետք է կայացնել պետական ինստիտուտները՝ արդարադատության, ոստիկանության, էկոնոմիկայի եւ այլ ոլորտները: Ամեն ինչ պետք է անել՝ մեր անվտանգության հարցը առաջին պլանում պահելու համար:
-Վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ում քննարկվելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Այդ օրը պետք է դրվեն այն կարեւորագույն մեխերը, որոնք կհանդիսանան պետականության սյուները: Մենք պետք է արժանավայել ընտրություններ ունենանք: Դրա համար հարկավոր է նախօրոք փոխել ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ բոլոր այն թակարդները, որոնցից միշտ օգտվել է իշխող կուսակցությունը, պետք է մաքրել, գոնե մի անգամ արդար ընտրություն անցկացնել Ազգային ժողովում, ընտրյալներից էլ պահանջել այն ամենը, ինչ պետք է: Պետականության կառուցման գործում պետք է անպայման ներգրավել համայն հայության ինտելեկտուալ, ֆինանսական ներուժը, այն, ինչ հնարավոր է: Այդ ամենի արդյունքում կունենանք հրաշալի թռիչք, բայց դրան պետք է գնալ դանդաղ:
-Հիմա ժողովուրդն ի՞նչ պետք է անի:
-Պետք է շարունակի սատարել իր թեկնածուին, իր ողջ պոտենցիալը պետք է ներդնի դրա համար, շարունակի պահել խաղաղ մթնոլորտը, չդավաճանի իր խղճին: Այս ամենի արդյունքը արդար ընտրությունների միջոցով Ազգային Ժողով ձեւավորելը պետք է լինի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՇԱՏԵՐՆ ԸՆԴՀԱՏԱԿ ԱՆՑԵԼ»

«Մեկ ամիս, նույնիսկ տասը օր առաջ նման զարգացումներ ակնկալել չէի կարող, բայց վերջին օրերին արդեն վստահ էի, որ եթե մեկս մյուսիս ձեռքը բռնենք, ամեն ինչ ավելի լավ է լինելու, քան մենք կարող ենք պատկերացնել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Էվա Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը:

Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, որոնք խորհուրդ են տվել իրեն հեռու մնալ ընդդիմադիր դիրքորոշում արտահայտելուց, բայց դա դերասանուհուն չի վախեցրել. «Ամեն դեպքում, հպարտ եմ, որ Կամերային պետական թատրոնում, որտեղ աշխատում եմ, որեւէ կերպ ճնշումներ չեն լինում, ես ժողովրդի մի մասնիկն եմ եւ չէի կարող չլինել նրա կողքին: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը, ով ստեղծագործում է ժողովրդի համար, ով առանց այդ ժողովրդի գոյություն չունի, պարտավոր է լինել նրա կողքին: Ցավում եմ, երբ տեսնում եմ, որ մեր ոլորտից շատերն անտարբեր են երկրում տիրող իրադարձությունների հանդեպ: Ինձ հաճախ հարցնում են՝ չե՞ս վախենում, որ գուցե բան չփոխվի, ու դու տուժես դրանից: Ես էլ ասում եմ, որ վախկոտ մարդը ամենաչստացված մարդն է. եթե չընդվզես, ոչնչի չես հասնի»,-մեկնաբանեց դերասանուհին:
Նրա համոզմամբ՝ հնարավոր չէ վճռորոշ պահերին, երբ ողջ հայ ժողովուրդը, այդ թվում՝ սփյուռքն է ոտքի կանգնել, լռել ու հետ քաշվել. «Ուղղակի սիրտդ կպայթի: Զարմանում եմ՝ ինչպես են շատերը լռել ու ընդհատակ անցել: Ոմանք էլ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո միայն սկսեցին շնորհավորել ժողովրդին՝ մոռանալով, որ իրենք այդ ժողովրդի կողքին չեն կանգնել»,-շեշտեց Էվան:
Նա վստահ է՝ վարչապետի պաշտոնում միակ արժանի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. «Այդ պահին չեմ տեսնում քաղաքական որեւէ այլ ուժ, որեւէ այլ գործիչ, որը կարող էր ազգի համար նման քայլերի գնալ: Այդ մարդու մեջ հոգու ուժ կա, որը երբեք որեւէ այլ քաղաքական գործչի մեջ չեմ տեսել: Հասարակությունից դուրս եկող էներգետիկան ցրեց այն ամպերը, որոնք կուտակվել էին տարիներ շարունակ: Ես վստահ եմ, որ վաղն էլ ոտքի ենք կանգնելու, քանի որ յուրաքանչյուրս պարտավոր ենք պայքարել մեր ապագայի համար»,-եզրափակեց Էվան:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՇՔԱՆՇԱՆ` ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Ճապոնիայի կառավարությունը գարնանային շքանշան է հանձնել Շառլ Ազնավուրին: «2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: «Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է եւ ճանաչելով նրա ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման եւ Ճապոնիայի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության ամրապնդման գործում` արժանացել է Ծագող արեւի շքանշանին: Պարոն Ազնավուրը, ով նաեւ Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում` Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

77-ՐԴ ՏԻՏՂՈՍԸ
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կարիերայում 11-րդ անգամ Բարսելոնայում անցկացվող մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո հաղթանակը տոնել է լողավազանում: Հիշեցնենք, որ եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6:2, 6:1 հաշվով հաղթել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Նադալը 77-րդ տիտղոսն էր նվաճել կարիերայում եւ երկրորդն` այս մրցաշրջանում:

 

 

ՀԵՌԱՆՈՒՄ Է ԱԿՈՒՄԲԻՑ
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի օգնական Ժելկո Բուվաչը հեռանում է անգլիական ակումբից: Գերմանացի մասնագետը տարաձայնություններ ունի իր օգնականի հետ, որի հետ աշխատում է 17 տարի: «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստներին հայտարարել են, որ բոսնիացի մասնագետը հեռանում է թիմից: Նշվում է, որ 2 մարզիչները դադարել էին հաղորդակցվել խաղերի ժամանակ:

 

 

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի մրցավարներին: Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ի ու Մյունխենի «Բավարիա»-ի միջեւ մայիսի 1-ին անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել թուրք Ջունեյթ Չակիրը: Իսկ մայիսի 2-ին կայանալիք «Ռոմա»-«Լիվերպուլ» խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարները` Դամիր Սկոմինայի գլխավորությամբ:




Լրահոս