ՀՀԿ-ն բացահայտ մարտահրավեր է նետել հասարակությանը` ցույց տալով, որ իրենք պատրաստ են խորացնել քաղաքական ճգնաժամը, պատրաստ են գնալ ամենավերջին ստորությունների, առճակատումների` հանուն իշխանությունը եւս մեկ օր պահպանելու: Երեկ խորհրդարանում 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ տապալվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը:
Օրվա սկզբում սպասվում էր՝ ՀՀԿ-ից, այնուամենայնիվ, մի քանի հոգի կողմ կքվեարկի Փաշինյանին: Սակայն օրվա վերջում իրավիճակ փոխվեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք դեմ չեն եղել Փաշինյանի օգտին քվեարկելուն, ենթարկվել են հոգեբանական ճնշումների: Սերժ Սարգսյանի բանագնաց պատգամավորներն իրենց գործընկերներին համոզել են մոտավորապես հետեւյալ խոսքերով. «…այսքան տարի միասին ճանապարհ ենք անցել, չպետք է մեկ օրում եղածն ուրանալ, այլապես կստացվի Սարգսյանի հրաժարականով հիմա թիմն է քանդվում», «մենք նեղ օրվա ընկեր ենք» եւ այլն: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ. բացի Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանից, որը կողմ էր քվեարկել ժողովրդի թեկնածուին, մյուս ՀՀԿ-ականները դեմ եղան:
Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չի պատրաստվում նահանջել: Հանրապետության հրապարակում ԱԺ հատուկ նիստին հետեւելու համար հավաքված եւ մոտ 10 ժամ իրեն սպասող քաղաքացիների հետ արդեն ուշ երեկոյան հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից վերսկսվում են զանգվածային բողոքի ակցիաները՝ դասադուլներ, գործադուլներ, փողոցների շրջափակում եւ այլն, ու այսպես այնքան ժամանակ, քանի դեռ դե յուրե չի արձանագրվել ժողովրդի հաղթանակը:
Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները ջնջել են սոցիալական ցանցերում իրենց էջերը. պատճառը քաղաքացիների «հարձակումներն» են եղել, երբ ամենավերջին հայհոյանքներով մարդիկ իրենց վերաբերմունքն են արտահայտել ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ականների մասին: Սա պատասխանն էր ԱԺ նիստում նրանց քստմնելի պահվածքի:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո անգամ շարունակում է այցելել Բաղրամյան 26 եւ օրվա ողջ մասն անցկացնում իր նախկին նստավայրում: Ավելին` ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` այս օրերին նույնն է մնացել նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի թիվը՝ չորս մեքենա եւ մեկ միկրոավտոբուս՝ լցված մինչեւ ատամները զինված թիկնապահներով: Միայն բացակայում են ուղեկցող ՃՈ մեքենաները, եւ Սերժ Սարգսյանի համար այլեւս փողոց չեն փակում. նա աշխատում է երթեւեկել հնարավորինս աննկատ, դե, որպեսզի չերեւա Բաղրամյան 26 իր ելումուտը: Տեղեկությունները ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի ընտանիքին պատկանող բիզնեսները հայտնվել են հարկային մարմինների ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԵԿ օպերատիվ աշխատակիցները դիմակներով ներխուժել էին «Քեթրին գրուպ» ՍՊԸ, առգրավել փաստաթղթեր այն բանից հետո, երբ ընկերության աշխատակիցները հրաժարվել էին նրանց ներս թողնել: Իսկ հիմա, մեր տեղեկություններով, վերջերս «Քեթրին գրուպ»-ին ՊԵԿ-ը տուգանել է մոտ 1.5 մլրդ դրամով: Պողոսյանը փորձել է բողոքարկել ՊԵԿ որոշումները, սակայն ապարդյուն: Նրան մերժել են: Ու հիմա ՀՀԿ-ական պատգամավորն ընտրել է իշխանություններին քծնելու տարբերակը, որպեսզի դադարեցնեն իր ընկերությունների նկատմամբ հարկային հետապնդումները:
Օրերս ԱԱԾ-ն ձերբակալել էր մի շարք անձանց, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում տեղադրել եւ գործադրել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց դեմ մահափորձ կազմակերպելու համար: Ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք կապ են ունեցել «նախախորհրդարան» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի ու «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է 8 հոգի, այդ թվում՝ մեկ կին: Կնոջ ինքնությունը պարզել չհաջողվեց: Փոխարենը տեղեկացանք, որ կալանավորվածների թվում է Երեւանի քաղաքի բնակիչ Գնել Հովհաննիսյանը, որը մասնագիտությամբ դիպուկահար է եւ նպատակադրվել է մահափորձեր իրականացնել կամ մարմնական վնասվածքներ հասցնել: Չնայած, ըստ մեզ հասած լուրերի, Գնել Հովհաննիսյանը ԱԱԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալուց:
ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՂԱՎՈՐԸ
Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվելու փոխարեն, ընդհակառակը, ավելի է խորանում: Խորանում է հենց ՀՀԿ-ի մեղքով: Դե յուրե իշխանության ղեկին գտնվող ուժը որեւէ կերպ չի համակերպվում իրականության հետ, չի ցանկանում գիտակցել, որ իշխանությունն իրենց ձեռքից այլեւս գնացել է, եւ պետք է ոչ թե ատամներով կառչել, այլ համակերպվել թեկուզ եւ դաժան իրականության հետ: Մի կողմից, իհարկե, ՀՀԿ պահվածքն հասկանալի է. այս կուսակցությունն իշխանության մեջ է 1995թ. ի վեր, իսկ արդեն 1998թ. լինելով ներպալատական հեղաշրջման առաջին շարքերում` ՀՀԿ-ն հայտնվեց իշխանության ղեկին: Եւ քսան տարի շարունակ նրանք արել են ամեն ինչ՝ էլ ավելի ամրապնդելու եւ երկարաձգելու սեփական իշխանությունը` այդ ճանապարհին չխնայելով ոչ մեկին ու ոչինչ: Հիմա դժվար է տարիներով ձեռք բերածը մեկ օրում կորցնելը, որքան էլ որ ՀՀԿ-ականները գիտակցեն՝ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխված է: Այնպես որ, նրանք դեռ փորձելու են ատամներով կառչել իշխանությունից` պահպանելու եղածը: Սա, իհարկե, երկար չի տեւի. իշխանական բուրգի կազմաքանդման գործընթացն այլեւս իրողություն է, այնպես որ՝ ճաքերը կասեցնել հնարավոր չէ: Միայն թե այս ամենի արդյունքում տուժում է պետությունը. տուժում է Հայաստանի Հանրապետությունը: Ըստ այդմ, այսօր ՀՀԿ-ի պահվածքը դարձել է լրջագույն սպառնալիք երկրի հետագա գոյության առաջ, շատ ավելի լուրջ սպառնալիք, քան հարեւան պետություններն են, որոնց հետ Հայաստանը չավարտված պատերազմի մեջ է:
Առանց այն էլ ՀՀԿ իշխանավարման այս տարիներին երկիրն ունեցել է անդառնալի կորուստներ՝ նախ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք /իսկ այն ժամանակ, հիշում եք, Սերժ Սարգսյանը եւս պետության առանցքային դեմքերից մեկն էր/ Հայաստանն անվերադարձ դուրս մնաց տարածաշրջանային բոլոր ինտեգրացիոն ծրագրերից: Հայաստանի հետեւողական մեկուսացումը շարունակվեց նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Ու այսօր պետք է արձանագրենք մեկ տխուր իրողություն. Հայաստանը շրջանցում են Բաքու-Ջեյհան նավթամուղը, Տրասեկա ծրագիրը, Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգիծը: Սա, թերեւս, ամենամեծ հարվածն էր, որ իշխանության ղեկին եղած անձինք հասցրել են ՀՀ-ին: Դրան գումարած փաստը, որ ՀՀ-ն կորցրել է ամենաթանկ կապիտալը՝ մարդուն. վերջին տասը տարիներին ավելի քան 400 հազար քաղաքացի է լքել երկիրը: Էլ չենք ասում սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին:
Այսքանից հետո իշխանությունից ատամներով կառչած մնալը, համաձայնեք, մեղմ ասած, սրիկայություն է: Առավել եւս, երբ իշխանությունը նրանց ձեռքից վաղուց է գնացել: