ԱԱԾ-Ի ԲԱՑԱՀԱՅՏԱԾ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին ԱԱԾ-ն հայտնաբերել էր մի խումբ անձանց, որոնք ստեղծել էին հանցավոր համագործակցություն` նպատակադրվելով ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորել: Ըստ այդմ, կալանավորվել է շուրջ 8 անձ:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում` Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործադրել ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել` ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորելու նպատակով: Արդյունքում` 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հանցավոր համագործակցություն ստեղծելու, մասնակցելու, ահաբեկչության նախապատրաստության, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն, ինչպես նաեւ վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ եւ ձերբակալվել: Նշենք, որ մինչ ԱԱԾ-ն նշում է, թե գործով բերման ենթարկվածները կապ ունեն Ժիրայր Սէֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ, Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ ո՛չ Ժիրյար Սէֆիլյանը եւ ո՛չ էլ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները որեւէ առնչություն չունեն ձերբակալված անձանց հետ:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին աղմակահարույց այս գործից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում կալանավորվել է Երեւանի քաղաքի բնակիչ Գնել Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գնել Հովհաննիսյանը ԱԱԾ քննիչներին հրաժարվել է ցուցմունք տալ: Մինչդեռ ԱԱԾ-ին հայտնի է դարձել, որ Գնել Հովհաննիսյանը մասնագիտությամբ դիպուկահար է, եւ վերջինիս խբի մեջ ներգրավվել են, որ կոնկրետ դիպուկահարը ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց սպանի կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառի:
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում կալանավորվել է շուրջ 8 անձ, սակայն նրանց թիվը այսքանով չի ավարտվում, եւ այս օրերին իրավապահները նոր անձանց են բերման ենթարկում:
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գաղտնալսելով վերոնշյալ անձանց, ինչպես նաեւ հիմք ընդունելով նրանց ցուցմունքները, պարզել է, որ բացի հանցավոր խումբ ստեղծելուց, երկրում վախի մթնոլորտ ձեւավորելուց եւ ՀՀ իշխանությունների առաջ կոնկրետ պահանջներ ներկայացնելուց` խմբի անդամները ունեցել են կոնկրետ եւս մեկ այլ առաջնային նպատակ՝ ստեղծել անկայուն վիճակ ՀՀ-ում եւ օգտվելով առիթից` մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ, ազատել Ժիրայր Սէֆիլյանին եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:
Չի բացառվում` սա էր պատճառը, որ տեւական ժամանակ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ում խիստ հսկողություն էր սահմանվել պատիժը կրող Ժիրայր Սէֆիլյանի խցի նկատմամբ:
Սա առաջին դեպքը չէ, որ ԱԱԾ հանցավոր խմբավորում է հայտնաբերում, սակայն նկատենք, որ խմբավորումների մեջ կանայք են հայտնվում: Մասնավորապես 2015 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնաբերված «հանցավոր խմբավորման» մեջ էին ներգրավվել մի խումբ կանայք: Նույնը նաեւ այս դեպքում: Թե ով է նա, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց վերոնշյալ գործով կալանավորված Գնել Հովհաննիսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն վերջինս միայն հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓՈՍ ՓՈՐՈՂՆ ԸՆԿԱՎ ՓՈՍԸ
Ինչպես հայտնի է` ապրիլի 23-ին ազատ արձակվեցին դրանից մեկ օր առաջ ձերբակալված ԱԺ պատգամավորներ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանց ազատ արձակումից առաջ իշխանության ներսում ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել:
Շուրջ 11 օր Երեւան քաղաքում «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիա էր իրականացնում տարբեր վարչական շրջաններում` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի նպատակն էր բանակցել երկրում տիրող իրավիճակի շուրջ եւ գտնել լուծումներ: Սակայն բանակցությունները տապալվեցին: Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի մասնակիցների հետ սկսեց իր քայլերթը` գնալով դեպի Էրեբունի վարչական շրջան: Այստեղ էլ սկսվեց բախում, արդյունքում բերման ենթարկվեցին Նիկոլ Փաշինյանը, ավելի ուշ նաեւ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:
Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողով` Փաշինյանին եւ նրա հետ ձերբակալված «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու, մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համաձայնություն ստանալու համար: Սակայն կարճ ժամանակ անց հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդությունը հետ վերցնելու առաջարկով, եւ ուր որ է՝ պատգամավորներն ազատ կարձակվեն: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, թե դատախազությունը նման միջնորդություն չի ստացել:
Մեզ հասած լուրերի համաձայն` երբ Կարեն Կարապետյանը հայտնել է, թե դիմելու է միջնորդությամբ` ձերբակալվածներին ազատ արձակելու համար, ՀՀ գլխավոր դատախազությունը շտապ կապ է հաստատել Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս ասել է, թե նման որոշում չունի: Այս ամենի արդյունքում էլ դատախազությունը հրապարակավ ասել է, որ որեւէ միջնորդություն չի ստացել: Ասել է, թե Կարեն Կարապետյանը փորձել է խնդիրն ինքնուրույն լուծել: Ըստ մեզ հասած լուրերի` երբ ՀՀԿ վերնախավը Կարեն Կարապետյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է նա անում, պատասխանը եղել է այսպես. «Ձեզ կասեն»: Իսկ թե ով պետք ասեր եւ ինչ, դժվար է ասել: Ըստ էության իր այս քայլով Կարապետյանը հեռահար նպատակներ է ունեցել՝ Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացնելուց եւ նրա հրաժարականին հասնելուց հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Առավել եւս, երբ ընդդիմությունը սկզբում հանդես էր գալիս «մերժիր Սերժին» կարգախոսով, իսկ Կարապետյանին թվում էր, թե ինքն ընդունելի կերպար է: Պարզվեց՝ ոչ: Նրա նկատմամբ հասարակությունն ավելի կոշտ գտնվեց ու ավելի դաժան մերժեց: Եւ այդպես` փոս փորողն ինքն ընկավ փոսը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԱՊ ՉՈՒՆԻ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած այն մեղադրանքներին, որ նա կապեր ունի Սաակաշվիլիի հետ։ «Հայաստանի Ազգային ժողովում ինչ-որ ապուշներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ինձ հետ կապեր ունենալու մեջ։ Ես Փաշինյանին չեմ ճանաչում, իսկ այդ պատգամավորներին կցանկանայի պատասխանել. դուք խնդիրներ ունեք ոչ թե միջազգային դավադրության, այլ սեփական ժողովրդի հետ, որոնք զզվել են ձեր գողություններից եւ ցինիզմից։ Հայաստանը կլինի կոռուպցիայից ազատ եւ հաջողակ երկիր»,- գրել է Սաակաշվիլին։

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու եւ գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործը: «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ. Թադեւոսյանը հաղորդում է ներկայացրել, որ Երեւանի Աճառյան փողոցում իր կողմից լրագրողական գործունեություն կատարելու ժամանակ, դիմակավորված, քաղաքացիական հագուստով անհայտ անձինք մահակներով հարվածել են իրեն, ոլորել ձեռքերը` պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ` հափշտակել են իր «IPad Air 2» տեսակի պլանշետը եւ «Samsung Galaxy J7» տեսակի բջջային հեռախոսը` դրանով խոչընդոտելով իր` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, այնուհետեւ մահակներով հարվածել եւ վնասել իրեն պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրգործ:

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ապրիլի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1997թ. ծնված Վահե Աթոյանը: Նշենք, որ Վ. Աթոյանը ներկայացել է ոստիկանության բաժին եւ բացատրություն տվել, որ ապրիլի 25-ին` ժամը 10.00-ից մինչեւ ապրիլի 29-ը ինքը գտնվել է Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Իջեւան քաղաքներում ու մասնակցել է հանրահավաքներին:

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք: Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն եւ Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Իրանից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ՀՀ ներմուծելու եւ ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով ԻԻՀ քաղաքացի, Հայաստանում բնակվող Ս.Բ.-ի հետ, Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հագուստի ու մարմնի մեջ եւ Թեհրան-Երեւան չվերթով տեղափոխել Հայաստան: Այնուհետեւ թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են:

 

 

3 ԶՈՀ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
2018 թվականի մայիսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Վազ 2106» եւ «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաները, որի հետեւանքով «Վազ 2106»-ի ուղեւորներ Թաթուլ Ֆերոյանը (1997թ.), Գրիշա Մովսիսյանը (2000թ.) եւ Նարեկ Ամիրխանյանը (2000թ.) տեղում մահացել են: Եվս երեք ուղեւոր, ինչպես նաեւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվել են դեպքի վայրի, դիակի, հագուստների զննություններ, նշանակվել մի շարք փորձաքննություններ, վերցվել նմուշներ:




Լրահոս