Քաղաքացիական անհնազանդության խաղաղ ցույցերը Հայաստանում շարունակվելու են. սա այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն հրաժարվեց վարչապետի պաշտոնում ընտրել ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Պարո՛ն Սաքունց, այս իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում, ի՞նչ քայլեր կարող է շարժումն իրականացնել` Սահմանադրության տեսանկյունից:
-Այս փուլում 7-օրյա ժամկետում պատգամավորների թվի 1/3-ի կողմից պետք է թեկնածու առաջադրվի: Քանի որ Փաշինյանն ունի արդեն 45 կողմ ձայն, հաջորդ փուլում նույնպես զուտ տեխնիկական տեսանկյունից կարող է առաջադրվել: Սահմանադրությունը կարգավորում է խաղի կանոնները: Ու հիմա քաղաքական պայմանավորվածությունների իրավական կարգավորում պետք է լինի: Պարզապես այս ամենի մեջ ամենաանտրամաբանականը հետեւյալն է. եթե Հանրապետական կուսակցությունն ընդունում է ժողովրդի շարժման պահանջը եւ հրաժարվում սեփական թեկնածու առաջադրելուց, ապա ինչպես կարող է նա կողմ չքվեարկել այդ նույն ժողովրդական շարժման կողմից առաջադրված թեկնածուին: Եթե ՀՀԿ-ի մեծամասնությունը հաշվի է նստում ժողովրդի պահանջի հետ, ապա նրանց այս քայլում տրամաբանությունը չկար: Սա պարզապես կիսաքայլ է, իբր ցույց տալ, որ շարժման հետ հաշվի են նստում, բայց միաժամանակ հաշվի չեն նստում ժողովրդական շարժման պահանջի հետ:
-Ի՞նչ տպավորություն ստացաք այս քայլից:
-Ակնհայտ է, որ իրենք փորձում են մի նպատակի հասնել. արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալ` իրենց դիրքերը պահպանելով: Այսինքն` ներկայում ԿԸՀ կազմը, ՀՌԱՀ կազմը, ավելին` Ընտրական օրենսգրքով նախատեսված ռեյտինգային համակարգն իրենց կարծիքով` այս պայմաններում իրենց դիրքերն ավելի ամուր կլինեն, եւ իրենք առավելություն կունենան: Բայց իմ համոզմամբ` իրենք քաղաքական հաշվարկներում չարաչար սխալվում են, որովհետեւ եթե ժամանակի վրա են հույս դրել` ակնկալելով, որ ժամանակի ընթացքում շարժումը մարելու է, ապա կարծում եմ` համարժեք, ադեկվատ չեն գնահատում այն իրավիճակը: ՀՀ քաղաքացիները փոխվել են: Նրանք հոգեբանորեն են փոխվել: Քաղաքացիական մտածողությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում: Հետեւողականությունը եւ համոզվածությունը` իրենց պահանջները ներկայացնելու եւ իրենց իշխանությունը ձեւավորվելու, առավել քան օրակարգում է: Եվ այս շարժումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ որ իրապես ձեւավորվի ազատ եւ արդար ընտրություններով իշխանություն: Եվ սա արդեն Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրը չէ, թեեւ Ազգային ժողովում փորձում էր ՀՀԿ մեծամասնությունն աղավաղել նրա խոսքերն ու ասել, թե սա իբր պաշտոնի կռիվ է Փաշինյանի կողմից: Ոչ միայն Երեւանում, այլ Հայաստանի բոլոր բնակավայրերում հավաքված մարդիկ ոչ թե պաշտոնի համար են պահանջներ ներկայացնում, այլ իրենց անվստահությունը հայտնում դե յուրե գործող իշխանությանը եւ պահանջում, որպեսզի ներկայիս դե ֆակտո իշխանությունը դե յուրե ձեւակերպվի: Եվ փոխանակ ՀՀԿ-ում իրապես քաղաքական կամք դրսեւորեն եւ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սկիզբը դնեն իրենց քվեարկությամբ, ըստ էության, հետաձգում են քաղաքական ճգնաժամի կյանքը` մինչեւ արտահերթ ընտրությունների օրը: Իսկ արտահերթ ընտրությունների փուլում եւ հենց ընտրության օրն այս ամենն արտահայտվելու է ուրիշ, ամենատարբեր տարբերակներով, երբ փորձելու են հերթական անգամ վարչական ռեսուրս օգտագործել` իրենց դիրքերը պահելու համար, բայց դա չի աշխատելու: Պատճառն այն է, որ իրապես փոխված է ՀՀ քաղաքացին: Բայց ոչ թե փոխվեց միանգամից. ինքը փոխված էր լատենտ վիճակում, պարզապես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս շարժման շնորհիվ լատենտային վիճակում այդ փոփոխությունն ի հայտ եկավ, դուրս եկավ: Եվ շատ կարեւոր մի բան այս պահին չի նշվում. Սերժ Սարգսյանի կառավարման ավտորիտար ձեւը, այդ ինստիտուտի կասեցում է հանդիսանում նաեւ ՀՀԿ-ի` իշխանություն չլինելը: Սա անձերի խնդիր չի: Իրենք անձնավորված են դիտարկում, քանի որ անձնավորված կուսակցություն են: Չնայած ընդունեցին այն, որ իրենք պատասխանատու են իրավիճակի համար, որից ելնելով` ստիպված քաղաքացիները հրապարակ են դուրս եկել, եւ դա իրենց ձախողված քաղաքականության հետեւանքով է, բայց քաջություն չունեն որպես այդ ձախողված քաղաքականության հետեւանք` հրաժարական տալու: Իսկ ժողովրդի առջեւ պատասխանատվությունն ամենամեծ պատասխանատվությունն է:
-Իսկ եթե հաջորդ անգամ` վարչապետի ընտրության հերթական օրը, ՀՀԿ-ն իր թեկնածուին առաջադրի, ի՞նչ կունենանք արդյունքում:
-Դե, կարծում եմ, որ դրանով ինքը չարաչար կսխալվի, քանի որ կխորացնի ճգնաժամը: Այսինքն` ՀՀԿ-ն շատ լավ հասկանում է, որ իր կողմից թեկնածուի առաջադրումը կարող է էլ ավելի թեժացնել իրավիճակը, բայց եթե փորձի հաջորդ փուլում իր թեկնածուին առաջադրել, դա նշանակում է` ինքը լրիվ ադեկվատ չէ: Ճիշտ է` ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա բռնի մեթոդների կիրառման, քանի որ ի սկզբանե որդեգրել են խաղաղ անհնազանդության տարբերակը, խաղաղ շարժումը, բայց այդ դեպքում կատվածահար կլինի ամբողջ իրավիճակը, քանի որ մարդիկ արդեն չեն հաշտվում Հանրապետական մեծամասնության առկայությամբ: Սա միանշանակ է: Իսկ հանգուցալուծման բուն բովանդակությունը հանդիսանում է իշխանության անցնցում հանձնումը Նիկոլ Փաշինյանի ուժին` «Քաղաքացիական պայմանագրին» եւ նախապատրաստվել օրենսդրական փոփոխություններով հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Եվ դա ազատ եւ արդար ընտրություններ ունենալու բոլոր երաշխիքները ձեռք բերելով:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԲՈՂՈՔ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում կրքերը բորբոքված են, նաեւ գործադուլ է: Բժշկական կազմի բողոքն ուղղված է Շիրակի արդեն նախկին մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանին, ով հրաժարականի դիմում է ներկայացրել, բայց դեռեւս շարունակում է պաշտոնավարել: Օրեր առաջ մարզպետ Խաչատրյանի որոշմամբ կառույցում տնօրենի պաշտոնը զբաղեցրել է երիտասարդ բժշկուհի Արմինե Էլբակյանը, որը նախկինում Գյումրու թիվ 3 պոլիկլինիկայում էր աշխատում: Նա նախկին դաշնակցական, այժմ անկուսակցական Արթուր Զաքարյանի կինն է, ով ղեկավարում է ՓՄՁ ԶԱԿ Գյումրու գրասենյակը: Արմինե Էլբակյանից առաջ պաշտոնը ստանձնել էր Վարդան Սարգսյանը: Նա իր պաշտոնավարման ընթացքում միլիոնավոր պարտքեր էր կուտակել ու չէր կարողացել ղեկավարել կառույցը: Նրա հրաժարականի դիմումից հետո ծննդատան տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Լիաննա Աբրահամյանը, որը 18 տարի աշխատում է ծննդատանը, որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Ծննդատան թափուր տեղի համար մոտ երկու ամիս առաջ մրցույթ էր հայտարարվել: Ներկայացվել էր երեք հայտ: Տնօրենի ԺՊ Լիաննա Աբրահամյանին ու ներկայիս տնօրեն Արմինե Էլբակյանին հաջողվել էր հաղթահարել գրավոր ու բանավոր փուլերը: Նրանք հավասար միավորներ էին հավաքել: Համաձայն կարգի՝ մարզպետը եռօրյա ժամկետում պետք է որոշեր, թե ով կստանձնի պաշտոնը: Մարզպետի ցանկությամբ պաշտոնում նշանակվել էր ավելի երիտասարդ ու ոչ բավարար փորձ ունեցող բժշկուհին: Հիմա աշխատակազմը դեմ է նոր տնօենին:
Տնօրենի թեկնածու Լիաննա Աբրահամյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ որոշումը չի բխում ծննդատան շահերից, դա մարզպետի հայեցությունն է, ինչի հետ համակերպվել նրանք չեն պատրաստվում. «Մենք աշխատակազմով որոշել ենք բողոքարկել, դիմելու ենք դատարան ու բեկանելու ենք մարզպետի որոշումը: Մենք ստույգ ուզում ենք իմանալ տվյալ որոշման հիմքերը, ինչը կարծես հույժ գաղտնիք է, ետ չենք կագնելու ոչ մի պարագայում»:
Մենք զրուցեցինք նաեւ արդեն իսկ տնօրենի աթոռը զբաղեցրած Արմինե Էլբակյանի հետ: Վերջինս չի պատրաստվում նահանջել, մրցույթում հաղթել է, շարունակելու է պաշտոնավարել. «Աշխատակազմը իրավունք ունի բողոքելու, դժգոհելու, բայց որոշումն արդեն կայացված է»:
Առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին էլ ներկայացրեց. «Բողոքարկելը յուրաքանչյուր աշխատողի իրավունքն է, եթե որոշել են, թող դիմեն դատարան: Այն, որ մարզպետի որոշումն ունի իրավական հիմքեր, դա հավաստում եմ»:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը ավելի աղքատիկ ունեցվածքի տեր է, քան իր կինը` Լեյլի Ղարիբյանը: Պատգամավորը անցած տարեվերջին ունեցել է 16 մլն դրամ, 30 հազար դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որ ամսական կազմում է 703 հազար դրամ, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը` 96 հազար 827 դրամ, ստացած փոխառությունները, վարկերը` մոտ 19 հազար 900 դոլարի չափով:
Նշենք, որ Նահապետյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ո՛չ բնակարան եւ ո՛չ էլ տուն ունի: Մինչդեռ նրա տիկինը` Լեյլի Ղարիբյանը, անցած տարում, ընդհակառակը, 3.5 մլն դրամով գնել է TOYOTA CAMRY 2.5, միաժամանակ նույն արժեքով վաճառել է LEXUS GS 430 մակնիշի ավտոմեքենա: Պատգամավորի կնոջ դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 9 մլն դրամ եւ 160 հազար դոլար: Եւ սա այն դեպքում, երբ նրա եկամուտը` աշխատավարձը, ամսական կազմում է 78 հազար դրամ: Ասել է, թե Կորյուն Նահապետյանն իր ողջ ունեցվածքը կնոջ անունով է ձեռք բերում` իրեն ապահովագրելու համար ամենատարբեր խնդիրներից:
Ի դեպ, Հայոց բանակում չծառայած, բայց միաժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի «սրտացավ ու մտահոգ» Նահապետյանը, որ կամուֆլյաժով սելֆիներ անելու առիթը բաց չի թողնում, Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` ինչպիսի իրավական հնարավորություն է տեսնում զինված ուժերի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում զինված ուժերի առանձին ստորաբաժանումների օգտագործման մասին: Հարցին ի պատասխան` Փաշինյանն արձագանքեց. «Ձեր հարցը զարմացնում է, ի գիտություն Ձեզ ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, եւ Դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ