ՀՀԿ-Ն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐ Է ՎԵՐՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարծես հանգուցալուծման նախանշաններ է ցույց տալիս: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Այնուհետեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե մայիսի 8-ին իրենք ԱԺ 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու են դառնալ ՀՀ վարչապետ: Ասել է, թե ՀՀԿ-ն մտադրվել է քվեարկել վարչապետի համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:
Եթե անկեղծ լինենք` շատերը չեն հավատում, որ ՀՀԿ-ն հեշտ ու հանգիստ կհանձնի իշխանությունը: Կասկածներ կան, որ ընդդիմությանը չի հաջողվի հավաքել պատգամավորների 1/3-ի՝ 35 հոգու ստորագրությունը՝ Փաշինյանին կրկին վարչապետի պաշտոնում առաջադրելու համար: Ճիշտ է` երեկ հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Եւ Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը կաջակցի եւ կողմ կքվեարկի Փաշինյանին: Ծառուկյանի խոսնակն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե աջակցությունը ենթադրում է նաեւ օգնել վարչապետի առաջադրման հարցում ստորագրություններ ապահովելով: Սակայն համառ կասկածներ կան, որ վերջին պահին 35 ստորագրությունները չեն հավաքվի. ՀՀԿ-ն հազիվ թե իր մեջ գտնի կամք՝ իշխանությունն անցնցում հանձնելու համար: Ուստի կփորձեն ձգել եւս մի կարճ ժամանակ` դիմելով տարբեր սադրանքների: Իսկ այդ ընթացքում բացատրական աշխատանքներից հետո Փաշինյանին առաջադրելու պատրաստ պատգամավորներից ոմանք մի քանի օրով անհետ կկորչեն, կամ պարզապես կհեռանան երկրից՝ ոմանք խրոնիկ լուծի կամ ցիստիտի դեմ արտերկրում վիրահատվելու համար, ոմանք կմեկնեն գերտերությունների աշխարհաքաղաքական խնդիրները կարգավորելու: Բայց պետք է արձանագրենք. սրանով ներքաղաքական ճգնաժամը չի լուծվի, այլ ավելի կխորանա. համաժողովրդական ալիքը նոր թափով կբարձրանա` այս անգամ մինչեւ վերջ սրբել-տանելու իշխանությանը: Տա Աստված, այս հոռետեսական կանխատեսումները չիրականանան:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի քայլը, երբ հակառակ խմբակցության որոշման, կողմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ ներսում լուրջ քննարկումների, ոմանց մոտ նախանձի առարկա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական գեներալներն ու եւս մի քանի պատգամավոր բարձրաձայն ափսոսանք են հայտնել, որ իրենք չվարվեցին Ցոլակյանի նման եւ կողմ չքվեարկեցին Փաշինյանին` այդպես հայտնվելով անհարմար վիճակում: Ավելին` Փաշինյանին կողմ քվեարկելու ցանկություն ունեցած պատգամավորները ՀՀԿ վերնախավի մոտ դժգոհել են` ասելով, թե ինչո՞ւ իրենց ստիպեցին ժողովրդի որոշմանը դեմ գնալ ու հասարակության աչքին թշնամի դառնալ, իսկ Ցոլակյանի դեպքում չկարողացան հասնել նրան, որ վերջինս եւս դեմ քվեարկի: Չնայած, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ցոլակյանին ստիպելը, մեղմ ասած, հեշտ չէ: Ավելին` երկար տարիներ բարձր պաշտոն զբաղեցրած Ցոլակյանի դեմ իշխանությունները չունեն կոմպրոմատներ, ինչպես ուրիշների դեպքում:

 

 

Դեռ նախորդ տարի ՀՀ ՔԿ-ն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից յուրացումների փաստեր: Այս կենտրոնի տնօրենը 19 քաղաքացիների ընդունել է աշխատանքի, սակայն այդ մարդիկ աշխատանքի չեն հաճախել, դպրոցի տնօրենն էլ նրանց անվամբ ձեւակերպել ու ստացել է ընդհանուր առմամբ 46 մլն դրամ: Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ պայմաններով «աշխատանքի ընդունվածների» մեջ են նախարարության աշխատակիցները: Մանկատանը որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ ընդունվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչության հաշվապահության աշխատակիցներից Գասպար Ռեւազյանը: Որպես մասնագետ մանկատանը «աշխատանքի են ընդունվել» նախարարության վարորդներից մի քանիսը: Այս բոլոր փաստերը բացահայտվել են, չորս հոգի հայտնվել է ամբաստանյալի աթոռին, բայց անձամբ նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել՝ այդպես էլ պատասխանատվություն չկրելով իրեն վերապահված ոլորտում կոռուպցիոն չարաշահումների համար:

 

 

Ինչպես հայտնի է` ապրիլի 29-ին ՌԴ պետական դումայի մի քանի պատգամավորներ` դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, այցելել էին Հայաստան, նաեւ հանդիպում էր եղել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, որին հիմա անգամ ՀՀԿ-ն է պատրաստվում ընտրել վարչապետ: Երեկ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Ռուսաստանը կհամագործակցի ցանկացած թեկնածուի հետ, ով էլ որ հետո դառնա վարչապետ, երկրի ղեկավար: Եվ դա այն պատճառով, որ մեզ համար Հայաստանը ոչ միայն դաշնակցային հանրապետություն է, այլ պետություն, որի հետ մեզ կապում են հարյուր հազարավոր տարիներ»: Ըստ Կալաշնիկովի` «Ցանկացած քաղաքական գործիչ` Հայաստանի ղեկավարի պաշտոնին եկող, հրաշալի հասկանում է, որ ինքնապահպանման հարցը, պետության պահպանումը` ստրատեգիական տեսանկյունից, դա միմիայն Ռուսաստանի հետ համագործակցության հարց է»:

 

 

ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏ
Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության վերջին օրերի պահվածքից, նաեւ հայտնի քվեարկությունից հետո, երբ 56 պատգամավորները մերժեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, պետք է արձանագրենք մեկ կարեւոր իրողություն. այսուհետ երկրում տեղի ունեցող բացասական բոլոր իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀԿ-ն, որը բացահայտ պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլեւ Հայաստանի Հանրապետությանը:
Մի կողմից Հայաստանում գնալով ավելի է սաստկանում անհանդուրժողականության մթնոլորտը: Ապացույցը ՀՀԿ խմբակցության պատգամավորների դեմ վերջին օրերի հարձակումներն են՝ սոցիալական ցանցերում նրանց հասցեին հնչեցված ամենավերջին հայհոյանքները, ծաղրուծանակը, նվաստացումները, երբ պատգամավորներից մի քանիսի տների մոտ հենց նրանց նկարներով ծաղկեպսակներ էին մարդիկ դրել: Հանուն արդարության պետք է նկատենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց գործողություններով վաստակեցին այդ վերաբերմունքը, երբ 20 տարի շարունակ գործում էին «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, բացահայտ արհամարհելով եւ նվաստացնելով ժողովրդին: Իսկ արդեն ԱԺ վերջին նիստում ՀՀԿ-ականների ցինիկ կեցվածքը կարելի էր համարել այս ամենի գագաթնակետը: Ու հիմա ՀՀԿ-ն ինչ ցանել է, այն էլ հնձում է:
Բացի այդ, ՀՀԿ քվեարկությանը ՀՀ քաղաքացիներն արձագանքեցին քաղաքացիական անհնազանդության նոր դրսեւորումներով. ողջ ՀՀ-ով մեկ երեկ փակվել էին փողոցները, անգամ` միջպետական ճանապարհները, հայտարարված էր տոտալ գործադուլ: Երեկ չէին աշխատում ե՛ւ պետական, ե՛ւ ոչ պետական հիմնարկությունները` ուսումնական հաստատություններից բացի, նաեւ խանութներ, արտադրական ձեռնարկություններ, մի շարք սպասարկման օբյեկտներ, բանկեր: Անգամ գործադուլ էր օդանավակայանում, մետրոյում, իսկ երկաթուղին ճանապարհների շրջափակման պատճառով հայտարարեց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Ասել է, թե ՀՀ տնտեսությունը գրեթե մեկ օր կաթվածահար վիճակում էր` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եւս մի քանի օր այսպես շարունակվելու դեպքում հետեւանքները բավական լուրջ կարող են լինել, ու երկիրը կարող է բռնել սնանկացման ուղին:
Այս իրավիճակն ուշագրավ է մեկ այլ առումով. ՀՀԿ-ն վաղ, թե ուշ ստիպված է լինելու հանձնել իշխանությունը: Բայց որքան երկար նրանք համառեն, ատամներով կառչելով իշխանությունից, այնքան ավելի վատ երկրի համար: Կստեղծվի մի իրավիճակ, երբ նոր իշխանությունն, ի թիվս զանազան խնդիրների, ՀՀԿ-ից ժառանգություն կստանա նաեւ դատարկ բյուջե, սնանկացած տնտեսություն: Տա Աստված, չհասնենք դրան:




Լրահոս