Հայտնի է, որ ապրիլի 29-ին Ռուսաստանի պետական դումայի մի քանի պատգամավորներից կազմված պատվիրակություն էր ժամանել Հայաստան` հանդիպելու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների հետ: Խումբը գլխավորում էր ՌԴ պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Այդ հանդիպման, ինչպես նաեւ` Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հենց Լեոնիդ Կալաշնիկովի հետ:
-Պարո՛ն Կալաշնիկով, թեեւ Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ արդեն տապալել է վարչապետի ընտրությունը, սակայն «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ պետք է այս իրավիճակում ժողովրդի կողմից ընտրված վարչապետը ղեկավարի երկիրը: Ինչպե՞ս եք գնահատում սա:
-Կարծում եմ, որ Սահմանադրությունը որեւէ դեպքում չպետք է խախտվի: Այս պարագայում կա՛մ ժողովուրդը պետք է փոխի այդ Սահմանադրությունը, նոր ընտրություն կազմակերպվի, կա՛մ այդ Սահմանադրության հիման վրա ընտրի վարչապետին: Բայց հիմա նման խոսք չկա, եւ ամեն դեպքում խորհրդարանը պետք է ընտրի: Մարդկանց կողմից ճնշում է գնում, որ ընտրեք այն մարդուն, ում անունը մենք ենք հնչեցնում փողոցում, բայց պետք է կիրառել սեփական օրենքները: Օրինակ` մեզ մոտ Սահմանադրության, օրենքների մեջ, այդ թվում` ընտրական, կան այնպիսիք, որոնք այնքան էլ ինձ չեն գոհացնում: Եվ ես պայքարում են մի քանի օրենքների փոփոխման դեմ, որոնք հատկապես վերաբերում են ընտրական օրենսդրությանը: Բայց ես դրանք պահպանում եմ: Դրանք ինձ դուր չեն գալիս, մենք պայքարում ենք դրանց դեմ, հանրահավաքների ժամանակ բղավում ենք այդ մասին, բայց պարտավոր ենք դրանք պահպանել:
-Երեկ Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ վարչապետի հաջորդ ընտրության օրն աջակցելու է ժողովրդի թեկնածուին: Ի՞նչ եք մտածում այս մասին:
-Դա իրենց որոշելիքն է: Ես չեմ կարող ոչինչ ասել:
-Այս օրերին Հայաստան կատարած Ձեր այցի հիմնական նպատակը ո՞րն էր: Հայտնի է, որ այդ ընթացքում Դուք հանդիպում ունեցաք շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների հետ: Ի՞նչ քննարկեցիք այդ ընթացքում:
-Մենք ժամանել էինք միայն նրա համար, որպեսզի կոնսուլտացիաներ, քննարկումներ անցկացնեինք: Մենք քննարկեցինք, թե ինչպես են իրենք վերաբերվում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցին, ինչպես են վերաբերվում Եվրասիական տնտեսական միությանը, ՀԱՊԿ-ին, ինչպես են վերաբերվում ստրատեգիական, դաշնակցային փոխհարաբերություններին: Մենք որեւէ ձեւով չենք փորձել ազդել իրավիճակի վրա: Մենք պարզապես մտահոգություններ ունեինք, քանի որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից: Բացի այդ` իրենց խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել այս հարցով: Մի բան է, երբ կարծիք ես հայտնում որեւէ հարցի շուրջ, մեկ այլ բան, երբ կոնկրետ նախագծով ես հանդես գալիս: Եվ արդյո՞ք եթե նա վարչապետ դառնա, նորից հանդես չի գա Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջով:
-Դուք ստացա՞ք Ձեզ հուզող հարցերի պատասխանը: Եվ եթե հաջորդ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, Ռուսաստանը պատրա՞ստ է աշխատել, համագործակցել նրա հետ:
-Ռուսաստանը կհամագործակցի ցանկացած թեկնածուի հետ, ով էլ որ հետո դառնա վարչապետ, երկրի ղեկավար: Եվ դա այն պատճառով, որ մեզ համար Հայաստանը ոչ միայն դաշնակցային հանրապետություն է, այլ պետություն, որի հետ մեզ կապում են հարյուր հազարավոր տարիներ: Այդ իսկ պատճառով այսօր մեկն է, վաղը` մյուսը, երրորդ օրը` մեկ ուրիշը, դրանից մեր քաղաքական դաշնակցային հարաբերությունների էությունը չի փոխվում: Եվ դա հատկապես կարեւոր է Հայաստանի համար: Դա միգուցե կարող է հասկանալի չլինել, բայց ցանկացած քաղաքական գործիչ` Հայաստանի ղեկավարի պաշտոնին եկող, հրաշալի հասկանում է, որ ինքնապահպանման հարցը, պետության պահպանումը` ստրատեգիական տեսանկյունից, դա միմիայն Ռուսաստանի հետ համագործակցության հարց է:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԻՐՈ՞Ք
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր` պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո շարունակում է այցելել Բաղրամյան 26` նախագահական նստավայր, այն օգտագործելով որպես աշխատավայր: Իսկ սա ենթադրում է, որ նա շարունակում է օգտվել պետական միջոցներից, այդ թվում՝ հատուկ հեռախոսակապից: Մի փաստ, որն անթույլատրելի է, եւ կարելի է ենթադրել, որ հատուկ հեռախոսակապի միջոցով նա կարող է անգամ ներքին հեղաշրջում կազմակերպել, քանի որ այդպես անարգել կապ կարող է ունենալ պետության բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը հերքեց այս տեղեկությունը: «Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ապրիլի 23-ից հետո պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 չի գնացել: Դա հնարավոր չի: Այդպիսի բան չի կարող եղած լինել»,-նշել է նա: Միայն թե շատերն են ականատես եղել, թե ինչպես է Սարգսյանի շարասյունը Բաղրամյան 26 մտել վերջին օրերին, այն էլ պարբերաբար:
ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հրաժարականի դիմում է ներկայացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Միայն թե առայժմ նրա հրաժարականի փաստը ՀՀԿ-ում ցանկանում են գաղտնի պահել. չի բացառվում, այդ մասին պաշտոնապես հրապարակվի արդեն այսօր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովիկ Աբովյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց իր հրաժարական տալու մասին տեղեկությունները՝ ասելով, թե զբաղված է եւ հորդորեց առավոտյան զանգել, կպատասխանի հարցերին: Ընդ որում, մինչ հարցը հնչեցնելը Հովիկ Աբովյանը բավական ջերմ էր, նույնիսկ պատրաստակամություն հայտնեց պատասխանելու մեզ, սակայն հարցը լսելուն պես նրա ձայնի տոնայնությունը կտրուկ փոխվեց` ասելով, թե «վաղը զանգահարիր», եւ անջատեց հեռախոսը:
ՎԱՐԿՈՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ակտիվորեն ավելացնում է իր անձնական գույքը: «Ժողովուրդ» օրաթերթը նրա` 2017 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ անցած տարում 20 մլն դրամով (շուրջ 40 հազար դոլար) գնել է MINI COOPER COUNTRYMAN մակնիշի ավտոմեքենա: Բացի այս` նա 10 մլն դրամով վաճառել է իրեն պատկանող TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի ավտոմեքենան: Երիտասարդ Հովհաննիսյանի ունեցած 1.5 մլն դրամի չափով դրամական միջոցը ավելացել է` վերածվելով 2 մլն դրամի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը` ընդհանուր 12 մլն 441 հազար 69 դրամի չափով, որը ամսական կազմում է 1 մլն 36 հազար դրամ: Նաեւ ստացած փոխառությունները, վարկերը, որոնք կազմել են 10 մլն դրամ: Հավանաբար պատգամավորը վարկ է վերցրել, որպեսզի իր ցանկացած ավտոմեքենան գնի:
ՄԻԱՅՆ ԼԵԳԻՏԻՄ
Հայաստանում վերջին օրերի ներքաղաքական բուռն իրադարձություններին անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։ Հետեւաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին եւ Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է։ Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում` իշխանության ձեւավորման գործընթացում ամենակարեւորը սահմանադրության եւ օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։
Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության եւ թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձեւավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»,- նշել է Տեր-Պետրոսյանը։
ՍՏԻՊԵԼ ԵՆ
Մայիսի 1-ին խորհրդարանում ԱԺ հատուկ նիստը բավական բուռն էր: Հանրապետական խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով` հարցեր էին ուղղում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին` փորձելով հակասություններ գտնել տարբեր տարիներին նրա հայտարարությունների, գրած հոդվածների մեջ: Բացի այդ` ՀՀԿ-ականները հանդես եկան ելույթներով, շատ դեպքերում՝ գռեհիկ տոնայնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում Փաշինյանի դեմ արշավին բավական մանրակրկիտ են նախապատրաստվել՝ պատգամավորներին, ըստ իրենց նախասիրությունների, բաժանել են ոլորտային հարցեր ու ելույթների թեզեր: ՀՀԿ-ականներից ոմանք առանձնահատուկ հաճույքով են համաձայնել իրենց ստորացուցիչ դերին` այդպես փորձելով եւս մեկ անգամ բարձրանալ կուսակցության վերնախավի աչքում: Սակայն եղել են նաեւ պատգամավորներ, որոնք սկզբում չեն ցանկացել «պատվեր կատարել»՝ ելույթի կամ հարցի տեսքով: Սակայն ՀՀԿ-ականներին ստիպել են` ասելով՝ եթե պատգամավորական մանդատ են ստացել, ուրեմն «թիմի համար պարտավոր են աշխատել», եւ որ այլընտրանքը կուսակցության ներսում «դավաճանի» կամ «քցողի» պիտակն է:
ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ Է ԼԻՆՈՒՄ
ԱԺ մայիսի 1-ի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն ԱԺ ամբիոնից ցուցադրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի 2001թ. համարում Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որպես նրա՝ նախկին ու ներկա դիրքորոշումների մասին վկայող փաստ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սաղաթելյանի համար Փաշինյանի հոդվածը գրադարանի արխիվում «պեղել ու հայտնաբերել» է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, որը համատեղության կարգով նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Ասում են` Արսեն Բաբայանն այսպիսի ծառայություններ մատուցելով` փորձել է վարձահատույց լինել իր անմիջական ղեկավարին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ լրացուցիչ պաշտոն տալու համար: Հիշեցնենք, որ Արա եւ Արման Սաղաթելյաններն ազգականներ են: