ՀՀԿ-Ն ՀԱՆՁՆՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՌ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցությունը ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ կրկին փոխում է իր դիրքորոշումը: Ինչպես միշտ, շրջադարձային որոշումները կայացվեցին կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Երեկ եւս այդպիսի մի հանդիպում տեղի ունեցավ խորհրդարանում, որից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից հայտարարություն տարածվեց, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ: Սակայն այս հայտարարությունը չպետք է միանշանակ ընդունել, քանի որ դրանցում թաքնված վտանգներ են առկա:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկվա նիստից մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ խմբակցության երեկվա նիստն ի սկզբանե նախատեսված չի եղել, այն տեղի է ունեցել հրատապ պայմաններում՝ հաշվի առնելով երկրի այս իրավիճակը, համատարած շրջափակումն ու աննախադեպ գործադուլները: Խմբակցության նիստի ժամանակ՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, պատգամավորներից յուրաքանչյուրը դժգոհել է, որ արդեն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: ՀՀԿ-ականները որպես օրինակ են բերել այն հանգամանքը, որ ցուցարարները նույնիսկ իրենց շենքերի մոտ են հասնում, մուտքերի մոտ ծաղկեպսակներ դնում, հուղարկավորություններ կազմակերպում, բոլոր հնարավոր մեթոդներով վարկաբեկում: ՀՀԿ-ականներից մի քանիսը հետաքրքրվել են, թե ինչ քայլ պետք է անել` այս իրավիճակը հանգուցալուծելու համար, եւ բոլորի հիմնական մտահոգությունը հենց դա է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ոչ միայն երեկ տեղի ունեցած նիստի, այլեւ մյուս բոլոր նիստերի ժամանակ քննարկումը գնացել է մեկ հիմնական ուղղությամբ՝ ինչպես անել, որ հենց Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները պատրաստ են վարչապետի պաշտոնը վստահել ցանկացած մեկին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջիններս վախենում են: Իսկ վախենում են, որովհետեւ կարծում են՝ Փաշինյանը կարող է իրենց հետ հաշվեհարդար տեսնել, հատկապես վերջին օրերի զազրելի պահվածքի պատճառով: Հանրապետականի մի քանի անդամներ երեկ նույնիսկ անուններ են հնչեցրել՝ իրենք պատրաստ են, թող Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը լինեն վարչապետ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը:
Եվ մեր տեղեկություններով` հանրապետական պատգամավորները մինչեւ վերջին պահն անելու են ամեն ինչ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը խոչընդոտելու համար: Նրանք պատրաստ են նույնիսկ մայիսի 8-ին եւս մեկ անգամ տապալել քվեարկությունը` մինչ այդ, իհարկե, հասարակությանը չգրգռելու համար անելով հանգստացնող հայտարարություններ: Հենց դրա համար էլ որոշում է կայացվել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով հայտարարություն տարածել եւ կրկին անգամ գոլորշի բաց թողնել, որպեսզի հասարակական դժգության ալիքը մի փոքր մարի, եւ հնարավոր լինի առանց «թաղումների», հայհոյանքների հանգիստ ապրել գոնե մինչեւ քվեարկության օրը: Եվ դրա համար որոշում կայացվեց հայտարարություն տարածել, որ մարդիկ խաղաղվեն, եւ նրբությունն էլ հենց այն կետն է, որում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ: Իսկ վարչապետի ընտրությունը երկրորդ անգամ տապալելուց հետո, Սահմանադրության համաձայն, ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի: Բայց կցրվի մի իրավիճակում, երբ ՀՀԿ ձեռքին կլինեն իշխանական լծակները, եւ բացի այդ` փոփոխված չի լինի ԸՕ-ն՝ իր ռեյտինգային ընտրակարգով: Սա, ինչպես հայտնի է, միակ կռվանն է, որ հնարավորություն կտա ՀՀԿ-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղեր ունենալ ԱԺ-ում:
Ինչեւէ, նկատենք, որ չնայած ՀՀԿ որոշմանը, թե իրենք կողմ կքվեարկեն ԱԺ 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուին, այնուամենայնիվ, լուրջ կասկածներ կան: Շան գլուխը թաղված է հենց այդ 1/3 ձեւակերպման մեջ, որովհետեւ այդ ձեւակերպմամբ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է` չկարողանա առաջադրվել վարչապետի պաշտոնում: Տեսնենք՝ «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն իրենց ինչպես կպահեն: Չնայած Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե այսօր առաջադրումը կկատարվի, սակայն ՀՀԿ-ի վերջին հույսն այն է, որ ՀՅԴ-ից եւ «Ծառուկյան» խմբակցությունից կգտնեն պատգամավորների, որոնք ուղղակի այդ օրերին կբացակայեն երկրից, ըստ այդմ, կտապալվի գործընթացը:
Իրենց վերջին հույսն էլ դա է, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե անհրաժեշտ 35, այլ 33 ստորագրություն հավաքվի: Եվ պատահական չէ նաեւ հայտարարության այն կետը, որով փաստում են, թե ՀՀԿ-ն չի առաջադրի թեկնածու, սակայն եթե նրանց ՀՅԴ-ից կամ «Ծառուկյան» խմբակցությունից միացողներ լինեն, արդեն այլ իրավիճակի կհանգեցնի: Ամեն դեպքում ՀՀԿ-ն, որ իշխանության ղեկին է արդեն 20 տարի շարունակ, հեշտությամբ չի պատրաստվում հանձնել իշխանությունը` զրկվելով բարիքներից, վայելքներից:
Չնայած նշենք, որ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ասաց. «Ինչպես գիտեք` Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքն առաջիկա ընտրություններին նույնպես սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Սա արդեն իսկ նշանակում է, որ վարչապետի առաջադրման հարցում եւս, բնականաբար, «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը լինելու է»:
Մինչ այդ, մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում նաեւ լուրջ տարաձայնություններ են եղել երեկվա որոշման հետ: Կարծիքներ են հնչել, որ եթե պետք է, ի վերջո, սատարեին Նիկոլ Փաշինյանին, ապա ինչու խայտառակ եղան եւ այդպիսի հիմար իրավիճակում հայտնվեցին՝ երկու օր շարունակ ամենանողկալի պահվածք դրսեւորելով, համազգային թուքումուրի արժանանալով: Ամենածանր դրության մեջ հայտնված են եղել գործարարները, քանի որ տասնյակից ավել գործարարներ այս օրերի ընթացքում ե՛ւ ՀՀԿ-ի ներսում, ե՛ւ իրենց ընտրողներին խոստացել էին, որ ընտրելու են ժողովրդի թեկնածուին այն հիմնավորմամբ, որ մեր երկրում պետք է տնտեսական կայունություն լինի: Սակայն մայիսի 1-ի գիշերվա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կրկին իրավիճակ է փոխվել, եւ գործարարները ստիպված եղան հրաժարվել իրենց խոստումից: Եվ հիմա նրանք հիմար վիճակում են հայտնվել: Սակայն քվեարկությունն էլ բնականաբար միասնական չի լինելու, կլինեն մարդիկ, որ կուսակցականությունից եւ սկզբունքայնությունից ելնելով` քվեարկելու են դեմ:
Ամեն դեպքում, դեռ վերջնական էլ պարզ չէ՝ կցրե՞ն խորհրդարանը, թե՞ մի որոշ ժամանակ էլ այն կպահեն՝ ընդունելով Նիկոլ Փաշինյանի կառավարության բերած ցանկացած ծրագիր, բայց մյուս կողմից շարունակելով տորպեդահարել այդ կառավարության բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը` այդպես ժողովրդի աչքում վարկաբեկելով նոր իշխանությանը:
Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը մարդկանց զգոնության կոչ է արել եւ ասել, որ մայիսի 8-ին եւս պետք է հավաքվել, նա լավ հասկանում է ռիսկերը: Ընդգծենք նաեւ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այն ժամանակ էլ էր նշել, թե մայիսի 1-ին կունենանք վարչապետ, սակայն այդպես չեղավ, եւ Փաշինյանն այժմ էլ հասկանում է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ԱՆԴԱՄԱՏՈՄՍԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, որ նաեւ ՀՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի խորհրդի նախագահն էր, հրաժարվել է իր կուսակցական պաշտոնից: Այս թեմայի շուրջ նա «Ժողովուրդ» օրաթերթին հայտարարեց, որ «վերացնելու» է ՀՀԿ-ի անդամատոմսը: «Ես ժողովրդավար տղա եմ, միշտ եղել եմ ժողովրդի կողքին եւ կշարունակեմ մնալ»,- հայտարարեց նախկին քաղաքապետը: Նշենք, որ անցած տարում Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն չսատարեց Վոլոդյա Խլոյանին: Հավանաբար սա է պատճառը, որ Խլոյանը իր նեղացվածությունը ՀՀԿ-ից այսպես է արտահայտում:

 

 

ԱՌԿԱԽՎԱԾ
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին ՀՅԴ-ից հեռացնելու գործընթացը դեռեւս առկախված է մնում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, թե այս պահի դրությամբ իրենք Աղվան Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու ոչ մի որոշում չունեն: Նշենք, որ ՀՅԴ-ում այնքան էլ հեշտ եւ արագ չեն կատարվում գործընթացները: Կանոնադրության համար պետք է երեք հոգուց բաղկացած «կուսակցական դատավորների» խումբ ստեղծվի, որը կքննի եղելությունը, կհարցաքննի Աղվան Վարդանյանին եւ նոր միայն որոշում կկայացնի:
Բացի այդ` ՀՅԴ-ն Ա. Վարդանյանից նախօրեին պահանջել է կուսակցական կարգապահությունը խախտելու համար վայր դնել պատգամավորական մանդատը: Երեկվա դրությամբ Վարդանյանը դեռ մանդատից հրաժարվելու դիմում չէր ներկայացրել: Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը վարչապետի քվեարկության ժամանակ անակնկալ կերպով հայտարարեց, թե ինքը Նիկոլ Փաշինյանին կողմ չի քվեարկի եւ պատրաստ է անգամ մանդատը վայր դնել: Մեր տեղեկություններով` Աղվան Վարդանյանն ի սկզբանե էլ դեմ է եղել Փաշինյանին սատարելուն եւ մինչեւ վերջ իր թիմակիցներին համոզել է անգամ դուրս չգալ ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից:

 

 

ՔՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՊՆ-ում այս օրերին բավականին լարված վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր տեղակալների հետ մինչեւ ուշ գիշեր մնում է ՊՆ-ում: Ավելին` արդեն մի քանի օր է, ինչ նրա տեղակալները մի շարք գեներալների հետ միասին գիշերը հերթապահում են ՊՆ-ում: Ըստ էության ատճառը ՀՀ-ում ներքաղաքական լարված իրավիճակն է, ինչպես նաեւ սահմանում հակառակորդի որոշակի տեղաշարժը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից: Նա ասաց, թե «նախարարը աշխատանքի է գալիս վաղ առավոտյան եւ գնում է ուշ երեկոյան, ուստի վերջինիս աշխատանքային գրաֆիկի մեջ որեւէ փոփոխություն չեմ նկատել»:

 

 

ՎԵՀԱՓԱՌԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՇԱՐԺՈՒՄԸ
Երեկ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սոցցանի իր էջում գրել է, որ իրեն է զանգահարել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: «Ինձ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Վեհափառը ողջունում է մեր շարժումը: Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր լուծումները»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ:

 

 

ՈՒՇԱՑԱԾ
Կառավարության այսօրվա նիստն առանձնահատուկ է. 18 նախարարներից 5-ը հրաժարական է ներկայացրել, ասել է, թե նիստին ներկա կգտնվի 12 նախարար, եթե իհարկե, նրանք էլ բարեհաճեն գալ: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ վերջին շաբաթներին ՀՀ կառավարության օրակարգը e-gov.am պաշտոնական կայքէջում անհասկանալի պատճառներով ուշ է տեղադրվում: Օրինակ` կառավարության այսօրվա օրակարգը նշված կայքէջում տեղադրվել է երեկ: Բնականաբար, սա խոսում է այն մասին, որ այս հարցի պատասխանատուներն իրենց տեղում չեն:




Լրահոս