ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԲՌՆԱԿԱԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ:

-Պարոն Թոքմաջյան, խորհրդարանում մայիսի 1-ին ՀՀԿ-ականների պահվածքն ինչպե՞ս եք գնահատում, երբ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին:
-Ես առանձնապես հույս չունեի, որ Հանրապետականն ընտրելու է Փաշինյանին վարչապետ: ՀՀԿ-ն այժմ խաղում է շատ դավադիր խաղ: Ցանկացած պարագայում կարող են լինել անակնկալ, կտրուկ գործողություններ: Մենք տեսել ենք, ճանաչում ենք այդ կազմակերպությանը` իր բոլոր վատ կողմերով: Իսկ չընտրեց ինչու. եթե ուշադիր լսենք իրենց ելույթները, արտահայտությունները, ակնհայտ է, որ այդ մարդիկ հասկանում են, որ իրենք 10 տարի կառավարել են եւ իրենց հանդեպ կուտակվել է հասարակական շատ վատ վերաբերմունք: Այս դեպքում մտածում են` ինչպես անել, որ այդ բացասականից խուսափեն: Իրենք չեն մտածում պետության մասին, իրենք մտածում են իրենց նեղ անձնական շահերի մասին: Արդեն ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո իրավական բոլոր ճանապարհներով այդ մարդիկ պատասխան են տալու: ՀՀԿ-ում շատ քիչ անմեղ մարդիկ կան. ես չգիտեմ` քանի անմեղ, քանի մեղավոր կա: Իրենք պետությունը տարել են ճգնաժամային հանգրվանի: Եվ սա երբեւէ լավ տեղ չի տանի, եթե այսպես շարունակեն:
-Ամեն դեպքում շարժումը շարունակվում է, եւ մարդիկ չեն պատրաստվում ետ կանգնել:
-Խնդիրն այն է, որ շարժումը մտել է մեխանիկական ռիթմի մեջ: Մարդիկ պատրաստ են մի ամիս, երկու, երեք ամիս, որքան որ պետք է` լինել փողոցներում: Մենք չգիտենք` իշխանությունը մինչեւ ուր կգնա, որովհետեւ մենք իրենց շատ վատ տեղերում շատ վատ կողմերից տեսել ենք, մեր մաշկի վրա զգացել ենք: Այս անգամ թե ինչ ծայրահեղության կգնան, թեկուզ զոհողության կգնան, չգիտենք: Հատկապես որ իշխանության ներսում կան հին ու նոր իշխանությունների, պայմանական ասած, թեւեր կան, որոնք նույնպես հասկանում են, որ շարժման ձեւակերպված հաղթանակի դեպքում իրենց համար լուսավոր ապագա ամեն դեպքում չի սպասվում:
-Տեսնում ենք, որ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը նույնպես ասպարեզում է եւ սկսել է հայտարարություններով հանդես գալ: Նա որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ այս իրավիճակի վրա: Մանավանդ որ Մարտի 1-ի դեպքերն իր անվան հետ են կապվում, քանի որ, ի վերջո, նա էր այդ շրջանում նախագահը:
-Գիտեք` ինձ դատարանի որոշում պետք չի, որպեսզի ես իմանամ, որ Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչներից մեկը Քոչարյան Ռոբերտն է: Ես ինքս մասնակցել եմ այդ շարժմանը, շարունակում եմ մասնակցել ցանկացած քաղաքացիական ու քաղաքական գործընթացի: Այո՛, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի 3-րդ հանրապետության ամենադաժան բռնակալն է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Հիշենք` քանի քաղաքական սպանություններ, «պատահական» սպանություններ են եղել: Անգամ բռնակալները շատ դեպքերում չեն համարձակվում կրակել իրենց ժողովրդի վրա, ինչն արեց Քոչարյան Ռոբերտը: Եվ հասկանալի է, որ Ս. Սարգսյանի եւ ՀՀԿ-ի` իշխանությանը մնալով` երբեւէ չի բացահայտվի այդ ամենը: Այսինքն` Քոչարյանը կարող է իրեն ապահով զգալ այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը կա: Եվ այս իշխանությունը կա նաեւ իր գործողությունների հետեւանքով եւ անկախ այն հակասություններից, որ եղել են 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, որով դե յուրե եւ դե ֆակտո Սարգսյանը փորձեց Քոչարյանի ետ գալը կանխել, իրենք համատեղ ունեն բազմաթիվ գործարքներ, որպեսզի ինչ-որ մի պահի իրար գցեն: Դրա համար են Քոչարյանի ջղաձգումները եւ կծկումները: Եվ կարծում եմ` պատահական չէին դրսեւորումները` ռուսական «Գազպրոմի» եւ Կարեն Կարապետյանի տեսքով: Այսինքն` բազմաշերտ խաղ է, ամեն ինչ պարզ չէ, բյուրեղացած չէ: Եվ միմյանց մեջ կա խնդիր, եւ միմյանց դեմ կա պայքար, բայց երբ հարցը հասնում է իշխանափոխությանը, ժողովրդին, իրենք միավորվում են:
-Այսինքն` Քոչարյանը որոշակի շահերից ելնելով` այժմ փորձում է միջամտե՞լ:
-Քոչարյանը ոչ միայն ունի շահեր, այլ շատ լուրջ ռեսուրսներ: Դա ես չեմ ասում. ռուսական լրատվամիջոցներն են ասում: Բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ մարդու կարողության վերաբերյալ: Հիմա ինչ-որ մեկը պիտի պատասխան տա, թե այն ժամանակ ընդամենը 600.000 դրամ աշխատավարձով նախագահ աշխատած մարդը 4,5-5 մլրդ դոլար կապիտալ ինչպե՞ս է կուտակել: Ինչպե՞ս է ստացվել, որ իր ընտանիքի որոշ անդամներ նոր բուհն ավարտած` 24, 25 տարեկանում, արդեն դոլարով միլիոնատեր էին: Իհարկե, նա ունի իր շահերը, իր լծակներն ուժայիններում, նաեւ դրսից «տղա բերելու» մոլուցքը միշտ եղել է: Մայիսի 1-ին խորհրդարանում` հանրապետականների ելույթներում, հենց ռուսաց ցարին դիմումը կարելի էր նկատել: Իհարկե, ռուսական միջավայրում էլ վերաբերմունքը միանշանակ չէ. նախագահական շրջանակում կան բազմաթիվ ուղղություններ, եւ այնտեղ, իմ կարծիքով, կոնսենսուս չկա, որից կարող էին օգտվել այստեղի իշխանությունները: Բայց այն, որ Ս. Սարգսյանին չի հաջողվել մինչեւ վերջ իր շրջապատը մաքրել քոչարյանական կադրերից, ակնհայտ է: Ե՛վ Արմեն Գեւորգյանը, ե՛ւ Վիգեն Սարգսյանը քոչարյանական կադրեր են, որոնք հավատարմության երդում էին տվել Ս. Սարգսյանին, բայց ներիշխանական համակարգում ի՞նչ երդում. ցանկացած պահի դա կարող է խախտվել: Իմ կարծիքով` ապրիլի 17-ին Սարգսյանի արած հայտարարությունը` հանգած հրաբուխների մասով, վերաբերում էր հենց Ռ. Քոչարյանին: Թե որքան շատ արյուն է սիրում Ռոբերտ Քոչարյանը, բոլորս գիտենք, նորություն չի: Պատահական չէ, որ այդ մարդուն որոշ շրջանակներում «վոյին» (ռազմիկ) են անվանում:
-Այս իրավիճակում կարծում եք` կրակելու հրաման կտրվի՞:
-Ես հույս ունեմ, որ Մարտի 1-ին բոլոր փամփուշտները սպառվել են: Ոչ ոք արյուն չի ուզում: Եվ ես հուսով եմ, որ ազգաբնակչությունը մինչեւ վերջ` ավելի զանգվածային, բոլոր շերտերն ընդգրկելով` կկանգնի փողոցներում: Կրակելու դեմ միակ զսպաշապիկը` շատ մարդիկ են փողոցներում: Ամեն մի մարդու ներկայությունը փողոցում 0,1 միլիոներորդականով նվազեցնում է կրակելու հավանականությունը: Հատկապես որ հիմա կոնկրետ պատասխանատու չկա: Եվ չեմ կարծում, թե Գասպարյան Վովան կենթարկվի, օրինակ, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, որը չունի ուժային լծակ` ուժային կառույցներին ղեկավարելու:
-Եթե դիտարկենք այլ երկրներում եղած հեղափոխությունները, դա ի՞նչ է հուշում` մեզ մոտ կհաջողի՞ հեղափոխությունը, թե՞ ոչ:
-Ես չգիտեմ նման խաղաղ հեղափոխություն, որի ընթացքում որեւէ ցուցափեղկ չի կոտրվում, մեքենա չի այրվում: Անկախ ամեն ինչից` կարծում եմ, որ այս շարժումը մտնելու է միջազգային բուհերում դասավանդվող քաղաքագիտություն առարկայի մեջ: Լինի գունավոր հեղափոխություն, ֆրանսիական, թե այլ, չէի ուզի զուգահեռ անցկացնել: Ամեն դեպքում, մեր շարժումն ունի առաջնորդներ, եւ բանակցել կարող են իրենք. դա կլինի Ն. Փաշինյանը, Դ. Սանասարյանը, թե Ա. Գրիգորյանը: Իրենք են իրենց վրա պատասխանատվություն վերցնելու վերջնական հաջողության համար, իսկ հասարակությունից ինչ պահանջվում էր` նա արդեն արել է:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՀՀԿ-ԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔ Է ՍԿՍՎԵԼ
Քաղաքացիական անհնազանդության լայն գործողությունները երեկ վերսկսվել էին նաեւ Շիրակի մարզում: Վաղ առավոտից ցուցարարները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները: Փակ են եղել նաեւ Բավրայի անցակետն ու տարբեր գյուղեր տանող ճանապարհները: Ցույցին միացել են դպրոցներ, արտադրամասեր, խանութներ ու պարզապես անհատներ, որոնք մինչ այս պահը չէին հավատում, որ հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել: Գյումրիում զուգահեռ հայտարարված էր համաներման օր. անձինք, որոնք հանդիսանում են ՀՀԿ անդամ, ձեռք բերեցին հնարավորություն` ազատվելու կուսակցական անդամատոմսից, դուրս գալու այդ կուսակցությունից ու միանալով պայքարող ժողովրդին: Վարդանանց հրապարակի կենտրոնում թել, կամ ինչպես գյումրեցիներն են ասում,«չվան» էր անցկացվել, որի վրա հերթով կախում էին ՀՀԿ անդամատոմսերը: Ու կարճ ժամանակում այդ պարանի վրա հայտնվեցին մի քանի տասնյակի հասնող ՀՀԿ անդամատոմսեր. ՀՀԿ-ական էին դարձել ստիպողաբար՝ աշխատանքից զրկվելու սպառնալիքով, երեկ կատարեցին իրենց քայլը. շպրտեցին ՀՀԿ անդամատոմսն ու դուրս եկան այդ կուսակցությունից: Նրանցից մեկն էլ ՀՀԿ անդամ Արտակ Առաքելյանն է, որը երկար տարիներ ղեկավարել է հանրապետականների Գյումրիի երիտասարդական թեւը: Նա հայտարարություն է տարածել, որ դուրս է գալիս կուսակցությունից ու միանում ժողովրդի պայքարին. «Որոշմանս պատճառը այն է, որ կուսակցությունն ապրիլի 17-ից հետո սկիզբ առած համաժողովրդական պայքարի շրջանակներում ժողովրդի օրինական եւ արդարացի պահանջին ականջալուր չի լինում, որը, ըստ իս, հակասում է ՀՀԿ հիմնական սկզբունքին՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։ Իրոք, ցավում եմ, որ կուսակցության քաղաքական ընթացքն այս ուղղությամբ է ընթանում»,- ասել է նա։
Քաղաքացիների՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը բնականաբար ջերմ ընդունվեց: Ցուցարարներից Ղարիբ Հարությունյանը երեկ արձանագրեց. «Հանրապետական կուսակցությունը վերջնականապես հեղինակազրկված է: Այն անձինք, որոնք ուզում են ազատագրվել այդ կուսակցությունից, կարող են ազատվել այդ խարանից, կարող են հանձնել կամ ոչնչացնել դրանք: Բնակչությունը կտեսնի, թե ինչպես է մինչեւ հիմա կուսակցությունը անդամագրել մարդկանց ու բռնի պահել»: Ի դեպ, Շիրակի մարզի բնակիչները, գյումրեցիները երեկ հպարտանում էին, որ իրենց պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից միակը եղավ, որ կողմ քվեարկեց համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Եւ նրանք կոչ էին անում ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորին՝ Արման Սահակյանին եւս ընդունել սխալ քվեարկությունը, շտկել այն:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՐԱՊՈՒՐԴ Է

Հայաստանում որոշ գերատեսչությունների աշխատողները դարձյալ մատնվել են պարապուրդի: Պատճառը երկրում առկա ներքաղաքական զարգացումներն են: Պարապուրդը հիմնականում այն գերատեսչություններում է, որոնց նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները դեռեւս մեկ շաբաթ առաջ են հրաժարականի դիմում ներկայացրել:

Խոսքը դաշնակցական նախարարների ղեկավարած կառույցների մասին է. տարածքային կառավարման եւ զարգացման, կրթության եւ գիտության, բնապահպանության նախարարների ԺՊ-ների մասին է: Նաեւ օրեր առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի ԺՊ Հրաչյա Ռոստոմյանն է հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ երեկ արդեն պաշտոնից հրաժարվեց մշակույթի նախարարի ԺՊ Արմեն Ամիրյանը, որն անցած տարվա խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել էր ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համարը: Տեւական ժամանակ է, ինչ այս գերատեսչությունների ղեկավարները չկան, նրանց ենթակաները, ըստ էության, մատնվել են պարապուրդի: Օրինակ` տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում նախօրեին փոխնախարար Վարազդատ Կարապետյանը հրաժարականի դիմումը չգիտեր, թե ում ներկայացներ: Այս նախարարություններում աշխատանքային կյանքը կարծես թե կանգ է առել: Ավելին` այս գերատեսչությունների պաշտոնական կայքէջերում պաշտոնաթող նախարարների ԺՊ-ի ուղերձներն են: Իսկ պաշտոնական լրահոսում այս նախարարության գործունեության մասին վերջին նորությունները տեղադրվել են ապրիլի 26-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս