Մայիսի 1-ին Ազգային ժողովում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը: Քվեարկության արդյունքում, սակայն, Հանրապետական կուսակցության մեծամասնությունը դեմ քվեարկեց Փաշինյանի վարչապետությանը: Վերջինս քաղաքացիներին կոչ արեց վերսկսել խաղաղ անհնազանդության գործողությունները, տոտալ գործադուլ ու դասադուլ հայտարարել: Գործադուլին միացել է նաեւ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ:
-Տիկի՛ն Ասատրյան, ի՞նչ տպավորություն ստացաք մայիսի 1-ին Ազգային ժողովում հնչած ելույթներից:
-Դրանք թույլ ռեժիսորի բեմադրած ներկայացման տպավորություն էին թողնում: Հանրապետականներից համատարած սուտ էր հնչում: Շատ տպավորված եմ Նիկոլ Փաշինյանի ելույթից, համարում եմ, որ նա իրոք վարչապետի արժանի թեկնածու է: Բայց քանի որ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, ես չեմ կարող հանգիստ գնալ աշխատանքի, դա դեմ է իմ խղճին եւ բարոյականությանը: Անկեղծ ասած, երբ հանրապետականները դեմ քվեարկեցին Փաշինյանին, մի պահ տրամադրության անկում ունեցա, բայց հետո էլի խանդավառվեցի եւ հիմա էլ ասում եմ, որ պետք չէ վհատվել, հարկավոր է առաջ գնալ:
-Ձեզ համար պա՞րզ էր՝ ինչու ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ժողովրդի թեկնածուին:
-Անկեղծ ասած՝ ոչ: Չեմ կարծում, որ նրանց մեջ չկար գոնե 5-6 հոգի, որոնք կցանկանային կողմ քվեարկել:
-Ուզում եք ասել՝ «վերեւներից» պատգամավորների վրա ճնշում է եղե՞լ:
-Նույնիսկ եթե եղել է, ՀՀԿ-ականները պետք է գիտակցեն, որ ապրում են Հայաստանում, որ իրենց երեխան գնում է դպրոց, ինչպե՞ս են նայելու մարդկանց աչքերի մեջ, որքան էլ որ շարժման մասնակիցները բարի են եւ անհատական թշնամանք չեն տածում իրենց նկատմամբ:
-Այս շարժումը երբեմն համեմատում են 1988-ի շարժման հետ: Ի՞նչ ընդհանուր եզրեր եք տեսնում:
-Իհարկե, դրանք շատ տարբեր շարժումներ են, այս շարժումը 88-ի շարժման շարունակությունն է, ինչ-որ առումով, բայց, միեւնույն ժամանակ, տարբերվում է դրանից: 88-ինը Սովետական Միության փլուզման գործընթացն էր, իսկ այս շարժման մասնակիցները անկախության սերնդի ներկայացուցիչներ են, երիտասարդներ, որոնք չեն տեսել ԽՍՀՄ-ն, այդ առումով ինֆորմացիայի պակասն օգնում է նրանց: Մեր երիտասարդները ազատ են, ուղիղ, համարձակ եւ ազնիվ:
-Տիկի՛ն Ասատրյան, այս օրերին որքանո՞վ եք կարեւորում շարժմանը մշակութային կառույցների միանալը:
-Շատ եմ կարեւորում: Մշակութային հարթակը լսելի հարթակ է:
-Ուշագրավ է հատկապես այն, որ պետական կառույցն է միանում շարժմանը, ինչպես եղավ Ձեր թանգարանի դեպքում:
-Այստեղ խնդիրն անգամ պետական կամ ոչ պետական կառույց լինելու մեջ չէ: Ամեն մարդ պետք է իր խղճի մտոք շարժվի: Լռելու ժամանակներն անցել են:
-Ինչպես որ արեց Ֆելիքս Ցոլակյա՞նը՝ միակ ՀՀԿ-ականը, որ քվեարկեց Փաշինյանի օգտին, ինչպես ինքն է ասել՝ խղճի թելադրանքով:
-Այո, կարելի է ասել, նա հերոսական քայլ արեց: Այդ շրջապատից իսկապես դժվար է դուրս գալ եւ քայլ անել. ինքը արեց:
-Շարժմանը մտավորականների ներգրավվածությունը Ձեզ բավարարո՞ւմ է:
-Ես չգիտեմ՝ այն, ինչ ես արել եմ՝ գործադուլը, դա ակտիվությու՞ն է: Ես գնում եմ ցույցերին, անում եմ իմ քայլը, չգիտեմ՝ դրանից բացի էլ ինչպես պետք է այդ ակտիվությունը դրսեւորվի: Ամեն դեպքում, եթե ժողովուրդը ցանկանա որեւէ մեկի ձայնը լսել, կարող է այդ մարդուն գտնել:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է լինելու ժողովրդի հաջորդ քայլը:
-Ուզի-չուզի՝ այս վիճակը պետք է որեւէ հանգուցալուծում ստանա, որովհետեւ այսպես շարունակվել չի կարող: Մարդիկ մեղք են: Չի կարելի ժողովրդին պահել այս լարված իրավիճակում: «Ինչ ուզենք՝ կանենք»-ը ժողովրդին վաղուց չի վախեցնում: Տեսնում ենք՝ որքան ուրախ են մարդիկ, այսինքն՝ ճնշումներն այլեւս որեւէ դեր չեն խաղում:
-Ըստ որոշ վերլուծությունների՝ ՀՀԿ-ականները հույս ունեն այժմ ժամանակ շահել եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նորից մեծամասնություն կազմել խորհրդարանում, ի՞նչ կասեք:
-Եթե ՀՀԿ-ականների մեջ բացի իրենց հոգու մաղձից՝ գոնե մի քիչ թասիբ եւ սթափություն է մնացել, պետք է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեն: Սա է իմ ասելիքը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԱՄԻՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՕՅԻՆ ՉԻ»
Երեկ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ լուրը հաստատեց Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:
Նշենք, որ թատրոնի եւ կինոյի մի շարք դերասաններ, մշակույթի այլ գործիչներ երեկ խնդրել էին հանդիպել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Նրանք հորդորում էին նախարարին միանալ ժողովրդին եւ պահանջել Հանրապետական կուսակցության հրաժարականը:
«Ես մշտապես ժողովրդի հետ եմ եւ այս պահին կատարում եմ նախարարի ժամանակավոր պարտականություններ, չեմ կարող թողնել աշխատանքը: Ես կկատարեմ իմ պարտականություններն այնքան ժամանակ, մինչեւ նոր կառավարություն կնշանակվի, եւ կփոխանցեմ ամբողջ գործերը նոր կառավարությանը: Ես խնդրում եմ՝ մի պարտադրեք»,-ի պատասխան մշակույթի գործիչների հորդորների՝ սկզբում նշեց Ամիրյանը: Ավելի ուշ տարածվեց հրաժարականի մասին լուրը:
Ի դեպ, նախարարության մոտ հավաքվածների թվում էին նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ: Հայտնիներից նրանց միացել էին դերասաններ Խորեն Լեւոնյանը, Սամվել Թադեւոսյանը, Արամոն, Տաթեւիկ Մելքոնյանը, Ելենա Բորիսենկոն, Իրինա Դանիելյանը, Արսինե Նավասարդյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը, նկարչուհի Անուշ Չուբարյանը եւ այլք:
Ելենա Բորիսենկոն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց. «Ես գիտեի, որ Արմեն Ամիրյանը հրաժարական կտա, որովհետեւ բոլոր նրանք, որոնց մեջ մարդկային ինչ-որ բան կա, չեն կարող այդ քայլը չանել, իսկ Ամիրյանի մեջ կա այդ մարդը: Շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ նրան: Սա մեծ քայլ էր»:
Այլ է գրող Արթուր Հայրապետյանի տեսակետը: Նա Ամիրյանին հորդորեց քայլ անել, այլապես հրաժարականը, ինչպես ինքն է ասում, «օյին չի». «Ո՞ւր է այստեղ կառավարություն, որ կառավարության անդամն էլ հրաժարական է տալիս, հետն էլ առիթը բաց չի թողնում՝ ծափահարողներ հավաքում։ Քայլ արա, Ամիրյան Արմեն, հանձնի՛ր ՀՀԿ անդամատոմսդ եւ միացի՛ր ժողովրդին, ու ես այդ դեպքում կծափահարեմ։ Թեեւ այս օրերին ժողովուրդը մի փոքրիկ բանից ուրախանում է, հասկանում եմ, բայց այս դեպքում ծիծաղելի է այն, որ Ամիրյանը որոշում է կրկին լավամարդ դուրս գալ։ Եվ սա այն դեպքում, երբ իր ղեկավարած նախարարությունը նման էր սիրուն տղայի, որն ամեն բան անում էր, որ իրեն գովեն, բայց ախր այդ մարդը մշակույթից գաղափար չուներ։ Հիմա ինչպե՞ս պատահեց, որ նրա հրաժարականը լսելով` ծափիկ-ծափիկ անողները սկսեցին հարգել նրա որոշումը։ Թեեւ ի՞նչ եմ ասում, այդ ծափահարողներից շատերը օգտվել են նրանից՝ ոսկորի զորությունը լավ գիտեն»:
Հիշեցնենք, որ Ամիրյանն ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակում 5-րդ հորիզոնականն էր զբաղեցնում;
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԵՐԿՈՒ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու ոսկե մեդալ:
82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչ գոտեմարտում մրցեց Բելառուսը ներկայացնող Սասունոսկու հետ: Մեր ըմբիշը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց 9:0 հաշվով` նվաճելով ոսկե մեդալ:
97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը փայլուն հանդես եկավ ու մրցակիցներին ոչ մի միավոր չտվեց ամբողջ մրցաշարի ընթացքում: Եզրափակչում Ալեքսանյանը 7:0 հաշվով հաղթեց սերբ Կաջայային ու նվաճեց ոսկե մեդալը: «Ճերմակ արջը» դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն:
ՇՈՒՏՈՎ ԿԳԱ
System of a Down խմբի մեներգիչ, աշխարհահռչակ Սերժ Թանկյանը խոստացել է շուտով գալ Հայաստան: «Ես շատ տխուր եմ, որ մինչեւ այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի-ուշով հետեւել եմ ձեզ եւ մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել»,-սոցցանցի իր էջում գրել է Թանկյանը:
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
«Բավարիա»-ի դարպասապահ Սվեն Ուլրայխը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Ռեալ»-ի հետ պատասխան խաղից հետո (2:2) ներողություն է խնդրել թույլ տված սխալի համար: «Ռեալ»-ի երկրորդ գոլից առաջ Ուլրայխը խայտառակ սխալ է թույլ տվել, ինչից օգտվել է մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեման ու գնդակն ուղարկել դատարկ դարպասը. «Չեմ կարող նկարագրել, թե որքան վշտացած եմ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով: Մենք շատ էինք ցանկանում դուրս գալ եզրափակիչ, եւ դրա համար արեցինք այն, ինչ կարող էինք: Ոչ պարտադիր սխալ թույլ տվեցի: Չեմ կարող դա բացատրել: Ներողություն եմ խնդրում: Ներողություն եմ խնդրում իմ թիմից եւ երկրպագուներից»,-գրել է դարպասապահը: Նշենք, որ «Ռեալ»-ն այսպիսով անցել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 36-րդ տուրում Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» 2:2 հաշվով է ավարտել Կուրսկի «Ավանգարդ»-ի դեմ տնային հանդիպումը: Դուբլի հեղինակ է դարձել 25-ամյա կիսապաշտպան Իշխան Գելոյանը: Նա հավասարեցրել է հաշիվը, ապա առաջ մղել «Լուչ-Էներգիա»-ին: Ընթացիկ առաջնությունում Գելոյանը գոլերի քանակը հասցրել է 7-ի: Այդ հաղթանակից հետո «Լուչ-Էներգիա»-ն 37 միավորով ժամանակավորապես բարձրացել է 16-րդ տեղ եւ շարունակել պայքարել` տեղը լիգայում պահպանելու համար: