ՎԵՐՑՐԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ ԵՎ ՀԱՅԴԵ՜

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող կառավարությունը հեռանալուց առաջ որոշել է վերջին վատությունն անել երկրին` հնարավորինս դատարկելով պետական գանձանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը: Որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը: Նրանք անխնա ծախսել են նաեւ արտաբյուջետային միջոցների, պահուստային ֆոնդի գումարը: Մի կողմից իշխանությունը թողնելուց առաջ նախարարները որոշել են վերջին անգամ օգտվել պետական բարիքներից: Եւ բացի այդ` այսպես բավական անհարմար դրության մեջ են դնում ապագա կառավարությանը՝ առանց այն էլ բազմաթիվ խնդիրներին զուգահեռ` վերջինիս ժառանգություն թողնելով գրեթե դատարկ գանձանակ: Հասկանալի է` ՀՀԿ իշխանությունը պատվով պարտվել չգիտի, ուստի հեռանալուց առաջ որոշել է այսկերպ վրեժխնդիր լինել երկրից, ժողովրդից, ապագա կառավարությունից՝ իրենց իշխանությունից հեռացնելու համար: Ինչպես հայտնի ֆիլմում էր ասված. «Նրանք վերցրել են հանրապետության փողերը եւ, հայդե՜, Փարիզ»:

 

 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին, նշել է, թե դրանք սպասելի էին. «Ճիշտ կշռադատող մարդիկ միշտ ասում են, որ նորօրյա պատմության ընթացքում մեր պետության կայացման բնականոն հունը մի քանի անգամ խաթարվել է. ընտրությունների միջոցով, ճիշտ գնահատականներ չտալու միջոցով, սահմանադրական բարեփոխումների ժամանակ, եւ ամենավերջին այդպիսի ոչ դրական քայլը 2017թ. ԱԺ ընտրություններն էին: Դա կարծես թե վերջակետ դրեց բոլոր այն բացասական երեւույթներին, որ կային: Իհարկե, փորձեր արվել են գնալ ժողովրդավարության, բայց այս խորհրդարանական ընտրությունները, ի վերջո, ցույց տվեցին, որ տարիների այդ բնականոն հունի խաթարման գագաթնակետին հասցրինք»»: Հարցին, թե Փաշինյանին տեսնո՞ւմ եք որպես վարչապետ, Օհանյանը դրական պատասխան է տվել. «Փաշինյանը պետք է լինի ՀՀ վարչապետ: Դրանում որեւէ կասկած չի կարող լինել, որովհետեւ ինքը վաստակել է այդ իրավունքը` իր թիմի հետ միասին»: Ինչ վերաբերում է իր՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելուն, Օհանյանն ասել է. «Յուրաքանչյուր որոշում բխում է ստեղծված իրավիճակից»:

 

 

Խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները երեկ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում. անհրաժեշտ 35 պատգամավորի փոխարեն հավաքվել է 41-ի ստորագրություն: Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն հայտարարել է, թե ոչ միայն չի խանգարի, այլեւ քվեարկությամբ կօգնի ԱԺ 1/3-ի նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուին ընտրվել պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՀՀԿ քաղաքական մասն, այնուամենայնիվ, դեմ է քվեարկելու Ն. Փաշինյանին: Սակայն ՀՀԿ խմբակցությունից կողմ ձայներն ապահովելու են: Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը: Փաշինյանին կողմ կքվեարկեն նաեւ գեներալները, օրինակ՝ Սեյրան Սարոյանը, առաջին փուլում, հիշեցնենք, հակառակ ՀՀԿ որոշման` Փաշինյանին կողմ քվեարկեց նաեւ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը: Փաշինյանի օգտին քվեարկել են պատրաստվում նաեւ մի քանի գործարարներ, որոնք մայիսի 1-ին եւս մտադրվել էին այդպես վարվել, սակայն վերջին պահին նրանց ստիպել են հրաժարվել այդ մտադրությունից:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական վերջին իրադարձություններին, ասել է, թե շատ ավելի լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեին միանգամից՝ հենց մայիսի 1-ին: «Շատ ավելի օպտիմալ կլիներ, եւ ես սպասում էի, որ այդ ընտրությունը տեղի ունենար մայիսի 1-ին: Անկեղծ ասած` ինձ համար մինչեւ այս պահն անհասկանալի է, թե ինչու այդպես եղավ, եւ ինչու այդ հարցը ձգվեց: Միգուցե ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով է դա, չեմ կարող ասել, քանի որ ես այդ ամեն ինչի մեջ չկամ, դժվար է մեկնաբանել: Բայց իմ կարծիքով ավելի լավ կլիներ, որ դա լիներ ամսի 1-ին»: Ըստ նրա. «Եթե պետք է ընտրեին Փաշինյանին, ապա դա պետք է անեին մայիսի 1-ին: Գուցե շատ բաներ կան, որ ես տեղյակ չեմ, միգուցե եւ ճիշտն էլ դա էր, բայց իմ տեսակետից ճիշտ կլիներ այնպես: Ինչու եմ դա ասում, քանի որ նույն խմբակցությունում եւ կուսակցությունում շատ ու շատ պարկեշտ մարդիկ կան, որոնց այս ընթացքում պիտակավորեցին, եւ բացարձակ դա իրենց հարիր չէ»:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ
Համաժողովրդական շարժմանը հաջողվեց Հայաստանում փաստացի իշխանափոխություն իրականացնել: Հրաժարական պարտադրվեց Սերժ Սարգսյանին, մարդու, որ դեռ մինչեւ վերջերս անպարտելի էր թվում: Նաեւ հաջողվեց կասեցնել ՀՀԿ-ի հակահեղափոխությունը, երբ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել իշխանությունը: Իշխանության ղեկին մնալու ՀՀԿ փորձերն անփառունակ վախճան ունեցան: Կարճ ժամանակ անց համաժողովրդական շարժման հաղթանակը կամրագրվի դե յուրե, երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վերջապես ընտրի վարչապետի պաշտոնում, ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, այնուհետեւ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Համաժողովրդական շարժումը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաղթեց իր «կիսադաշտում»` հանդես գալով որպես ընդդիմություն:
Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրենց կդրսեւորեն արդեն որպես իշխանություն: Այդ առումով նրանց առաջիկայում բավական լուրջ փորձություններ են սպասվում: Առավել եւս, երբ նոր իշխանությունը ՀՀԿ-ից բավական ծանր ժառանգություն է ստանալու: «Երկիրը շողուլի բերելու», վերջին քսան տարիներին ՀՀԿ իրականացրած ավերածությունները վերացնելու համար նոր իշխանություններից ահռելի ջանքեր կպահանջվեն, որովհետեւ ՀՀԿ-ն քսան տարի շարունակ ավիրել ու քայքայել է ամեն ինչ:
Կպահանջվի նաեւ վճռականություն, նաեւ քաղաքական կամք, նաեւ զգոնություն, նաեւ խելամտություն, նաեւ սթափություն, եւ, որ ամենակարեւորն է՝ պետական մտածողություն: Այսինքն` եթե ընդդիմադիր դաշտում պոպուլիզմը միգուցե հասկանալի է, ապա նույնը չես ասի իշխանությունը ստանձնելուց հետո: Ընդհակառակը, իշխանության ղեկին գտնվող ուժը պետք է առաջնորդվի բացառապես պետական շահերով` սթափ գնահատելով իրավիճակը, կայացնելով կշռադատված որոշումներ, որքան էլ դրանք առաջին հայացքից հասկանալի չլինեն լայն զանգվածների համար:
Բայց այդ որոշումները կայացնելուց պետք է նաեւ երկխոսել հասարակության հետ, բացատրել ու ապացուցել սեփական տեսակետի ճշմարտացիությունը: Քայլ, որը վերջին 20 տարում իշխանություններն այդպես էլ չփորձեցին իրականացնել: Ընդհակառակը, այս տարիներին նրանք գնալով օտարվել էին երկրից ու ժողովրդից: Իսկ եթե անգամ ինչ-որ պահերի ստիպված են եղել երկխոսության մեջ մտնելու, երբեք լսելի չեն եղել, որովհետեւ շատ էին միմյանցից հեռացել:
Այնպես որ, նոր իշխանությունը նախորդի սխալներից պետք է դասեր քաղի` թույլ չտալով դրանց կրկնությունը:




Լրահոս