ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերի ներքաղաքական իրադարձությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

-Պարո՛ն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում Ն. Փաշինյանի առաջնորդությամբ ծավալվող շարժումը:
-Շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ սա ժողովրդական մի զարթոնք է, գաղափարական շարժում, որ ժողովուրդը վստահեց Ն. Փաշինյանին, Ս. Միքայելյանին, Ա. Միրզոյանին եւ նրանց ընկերներին: Ըստ էության, ժողովուրդը վստահեց ինքն իրեն, որովհետեւ բարձրաձայնեց բոլոր այն խնդիրները, որ այսօր կան: Իհարկե, զարմանալի չէ, որ ճիշտ կշռադատող մարդիկ միշտ ասում են, որ նորօրյա պատմության ընթացքում մեր պետության կայացման բնականոն հունը մի քանի անգամ խաթարվել է. ընտրությունների միջոցով, ճիշտ գնահատականներ չտալու միջոցով, սահմանադրական բարեփոխումների ժամանակ, եւ ամենավերջին այդպիսի ոչ դրական քայլը 2017 թ. ԱԺ ընտրություններն էին: Դա կարծես թե վերջակետ դրեց բոլոր այն բացասական երեւույթներին, որ կային: Իհարկե, փորձեր արվել են գնալ ժողովրդավարության, բայց այս խորհրդարանական ընտրությունները, ի վերջո, ցույց տվեցին, որ տարիների այդ բնականոն հունի խաթարման գագաթնակետին հասցրինք մեր ժողովրդին դրամների բաժանմամբ, փողոցային տարբեր ոչ օրինական մարդկանց ճնշման ներքո եւ նախընտրական փուլում նույնիսկ անհատների, մտերիմների վրա ճնշմամբ, նաեւ այս ամենի արդյունքում մեր ժողովրդին տարանք նսեմացման, քաղաքական դաշտի ամբողջությամբ ոչնչացման: Ես չեմ ուզում նորից ետ վերադառնալ անցյալին, բայց, այնուամենայնիվ, գնահատականն այդպիսին է: Եվ ճիշտ որոշումը ժողովուրդը կայացրեց. տարիներով անտրտունջ տանելով այդ ցավն իր վրա` որոշեց ազատվել այդ ցավից, ազատվել այն բոլոր բացասական երեւույթներից, որոնք կան Հայաստանում: Ես նկատի ունեմ մթնոլորտ, հարաբերություններ, տարբեր տեսակի ճնշումներ, տնտեսական վատ վիճակ, արտագաղթ եւ այլն: Եվ տեսնում ենք. զարթոնքի հետ միասին ժողովուրդն անձնավորված եւ ըմբոստ քայլերով փորձում է նաեւ ցավ պատճառել այն իրականությանը, որը բերել է այս աստիճանին: Ճիշտ ուղղությունը մեկն է. եթե ժողովուրդը վստահում է այս առաջնորդներին, ապա մենք պետք է համարձակություն ունենանք ասելու` դուք եք այսօրվա մեր առաջնորդը, անկախ նրանից, թե մեզնից ով ում հետ ինչ հարաբերություններ ունի, ով ինչ ճանապարհ է անցել: Նրանք արեցին այն ամենը, ինչ շատ-շատերը չկարողացան տարիների ընթացքում անել:
-Շարժման արդյունքում Ս. Սարգսյանի հրաժարականը եղավ: Գուցե պետք է ավելի շո՞ւտ այդ որոշումը կայացվեր: Իսկ հետո վարչապետի առաջին ընտրությունը տապալվեց, երբ թեկնածուն Ն. Փաշինյանն էր: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ՀՀԿ-ն հեշտությամբ չի զիջում իշխանությունը:
-Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում ընդունում իր եզրահանգումների հիման վրա: Ժամանակների մեջ կարող են տարբերություններ լինել, թյուրըմբռնումներ լինել, ոչ ճիշտ ընկալումներ լինել: Եվ կարծում եմ` եթե ոչ ժամանակին, բայց այդ քայլը ճիշտ քայլ էր, որովհետեւ այլ ճանապարհ չկա, քան ժողովրդի հետ լինելը: Իհարկե, եթե մեզնից յուրաքանչյուրը լիներ, ավելի շուտ դա կհասկանար: Իշխանությունից հրաժարվելը դժվար է, քանի որ տարիներով կաղապարված, կարծրացած այդ ամենը գտնվում է մեկ ուժի ձեռքում, հեշտությամբ դա հանձնելը շատ դժվար է: Բայց մենք պետք է հասկանանք, որ եկել է ժամանակը, երբ այդ իշխանությունը քոնը չէ: Իշխանությունը ժողովրդինն է, եւ պետք է համարձակ տալ ժողովրդին: Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, եւ նրանց մեջ պետք է ընտրենք այդ մարդկանց, որոնք Հայաստանը, Արցախը կարող են տանել առաջ: Իհարկե, անհասկանալի է դատավարական գործընթացի նման այն գործողությունները, որ տեղի ունեցան ԱԺ-ում: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հարց տալ` մի՞թե այդ հարց տվողների մեջ եթե ընտրենք, կարող ենք ընտրել Ն. Փաշինյանից ավելի լավ վարչապետ, կամ արդյո՞ք բոլոր վարչապետներն են, որ խորհրդարանի հետ առնչվելու ժամանակ ժամանակին կարողացել են առանց կաշկանդվելու բոլոր պատասխանները տալ: Բոլոր այդ միանման հարցերը կարծես ուղղված էին մի մարդու, որն ամբաստանյալի աթոռին է նստած: Բայց Ն. Փաշինյանի պահվածքը շատ գրագետ էր. առանց թղթի, կշռադատված բոլոր հարցերին պատասխան տալը: Ի վերջո, ժողովրդին վրդովմունքի աստիճանի է հանել ոչ թե Նիկոլը, այլ հակառակը. նա առաջնորդել է: Եվ պետք է աշխարհին ցույց տանք մեր հանդուրժողականությունը, որը հիմք կհանդիսանա, որպեսզի Ն. Փաշինյանն իր թիմի հետ ձեւավորի այն ժամանակավոր կառավարությունը, որը երկիրը ճիշտ ուղղությամբ կարող է տանել:
-Այս իրավիճակում Դուք Փաշինյանին որտե՞ղ եք պատկերացնում եւ ի՞նչ կարգավիճակում:
-Ես տեսնում եմ, որ Ն. Փաշինյանը պետք է լինի ՀՀ վարչապետ: Դրանում որեւէ կասկած չի կարող լինել, որովհետեւ ինքը վաստակել է այդ իրավունքն իր թիմի հետ միասին: Եվ եթե նրանք կարողացել են մեր ժողովրդին առաջնորդել, ապա կարծում եմ, որ շատ հանգիստ կարող են լուծումներ գտնել եւ ձեւավորել այն կառույցը, որը կաշխատի գործադիր, առավել եւս` օրենսդիր հարթության վրա: 2012-13 թթ. մենք բանակում ծրագրային հենքի վրա ենք դրել հրամանատրում առաջադրանքի կատարումը: Դրա հաշվին է մեր բանակը կարողացել հաղթել: Այդ ամենը ցույց տվեցին Ն. Փաշինյանը, Ս. Միքայելյանը: Եթե ցույց տվեցին, ապա ինչու ենք վախենում, որ նրանք գերագույն հրամանատարի պաշտոնում այդ ամենը չեն կարող իրականացնել: Այնպիսի համախմբվածությամբ, որ ժողովուրդը կանգնած էր նրանց կողքին, նույն կերպ ՀՀ սահմաններում, Արցախում եթե մի բան պատահի, Ն. Փաշինյանի, Ս. Միքայելյանի գլխավորությամբ բոլորը մեկ մարդու պես կանգնած են լինելու:
-Երբ Դուք հրաժարական ներկայացրիք պաշտպանության նախարարի պաշտոնից, հետո կարծիք կար, թե Ս. Օհանյանն անհետացել է: Այս օրերին Դուք մասնակցում եք հանրահավաքներին: Սա արդյո՞ք նշանակում է, որ փորձում եք քաղաքականություն վերադառնալ:
-Յուրաքանչյուր որոշում բխում է ստեղծված իրավիճակից: Մենք այսօր շարժման մեջ ենք ոչ թե նրա համար, որ ձգտում ենք մեր քաղաքական, հասարակական գործունեությունն ակտիվացնել, այլ նրա համար, որպեսզի յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք` մեր ժողովրդի զարթոնքը ճիշտ ուղղությամբ տանելու համար:
-Այս նոր իրողության մեջ Դուք Ձեզ որտե՞ղ եք պատկերացնում եւ ի՞նչ կարգավիճակում:
-Ես պատկերացնում եմ ինձ ՀՀ օրինակելի քաղաքացու դերում` իր հնարավորությունների շրջանակում աջակցող մեր երկրի ղեկավարությանը:
-Եթե Ձեզ որեւէ պաշտոն առաջարկվի, մասնավորապես պաշտպանության նախարարի, ցանկություն ունե՞ք աշխատելու:
-Գտնում եմ, որ այսօրվա առաջնորդներն այնքան ողջախոհ մոտեցում ունեն այդ ամենին, որ կգտնեն ելքը` մեր երկրի թե՛ զարգացումը, թե՛ անվտանգությունն ապահովելու հարցում:
-Երբ Դուք հրաժարվեցիք նախարարի պաշտոնից, հարցեր առաջացան, թե Ձեր եւ Ս. Սարգսյանի միջեւ ի՞նչ խնդիրներ առաջացան, որոնք անհնարին դարձրին Ձեր համատեղ աշխատանքի շարունակումը:
-Ես չեմ ուզում իմ գործունեությունն անհատական հարաբերությունների դաշտ տանել, որովհետեւ հարգում եմ իմ բոլոր ընկերներին, գործընկերներին, մարտական ընկերներին: Պարզապես այդ պահին ես տեսա, որ փոփոխություններն անհրաժեշտություն են ՀՀ-ում, եւ ես կարող եմ իմ հնարավորություններն օգտագործել արդեն բանակից դուրս, բայց միեւնույն ժամանակ` բանակի համար թիկունք հանդիսանալով:
-Մարտի 1-ի դեպքերը բոլորս հիշում ենք: Ըստ Ձեզ` ինչո՞ւ իշխանությունն այս անգամ այդ քայլին չգնաց. կրակոցներ չեղան:
-Կարծում եմ` այս ոգեւորությունը, որ ունեինք, նաեւ դրսի աջակցությունը ստացավ: Դրսից եկած գնահատականները շատ բարձր էին: Հատկապես ՌԴ-ն իր գնահատականը տվել է, եւ իրենք աշխատելու են այն իրողության հետ, որ գոյություն ունի ՀՀ-ում: Առանց ուժի կիրառման, առանց զենքի, բաց ձեռքերով այս գործողությունները բերեցին դրան: Բայց մեկ ուժի հաջողությունը մյուս ուժի տապալման չի կարելի բերել, ու դրանից հետո թույլ չտալ, որ նրանք գործեն: Թեեւ ես կուզեի, որ նոր խորհրդարանական ընտրությունների ժամանակ համարձակ կերպով ժողովուրդը գնար նոր ուժերի ետեւից: Ժողովուրդն այսօր ոչ թե կուրորեն, այլ քաջ գիտակցելով գնում է Ն. Փաշինյանի ետեւից, եւ կարծում եմ` պետք է թույլ տալ, որ թարմ ուժերը գնան: Վստահենք Ն. Փաշինյանին, որպեսզի ինքը կարողանա ղեկավարել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑԻՆ
Երեկ կառավարության նիստը բավականին տխուր էր: Բանն այն է, որ կառավարության նիստին բացակայում էին հրաժարական ներկայացրած 5 նախարարները: Իսկ դեռեւս գործող նախարարներից շատերն էլ նիստի ավարտից հետո ոչ թե հեռացան կառավարության հիմնական մուտքից, այլ նպատակահարմար գտան «թռնել» հետնամուտքով, թեեւ ինչպես հայտնի է` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաք չկար: Ի դեպ, երեկ ՀՀ կառավարությունը անգամ լրատվամիջոցներին նպատակահարման չէր գտել պաշտոնապես ասելու, թե նիստը երբ է տեղի ունենալու, այլ ընդամենը պաշտոնական հաղորդագրություն էին ուղարկել` հայտնելով, որ նախարարներից որեւէ մեկը այսօր ճեպազրույցով հանդես չի գալու: Այսքանից հետո, ինքներդ եք հասկանում` խոսելու բան չի մնացել. հո վերջին նիստում իրենք իրենց վերջնականապես խայտառակ չէի՞ն անի:

 

 

ՄՈՌԱՑՎԱԾ ԱԺ
Ներքաղաքական զարգացումների համատեքստում այսօր Ազգային ժողովի նիստում քննարկված հարցերը կարծես թե այնքան էլ ուշադրության չեն արժանանում: Վառ ապացույցը երեկ խորհրդարանում քննարկված հարցերն էին: ԱԺ-ն պետք է ընտրի ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ: Այս պաշտոնում առաջադրվել է ղարաբաղցի Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Ընդ որում, այս ընտրությունը սահմանադրական օրենքի շրջանակներում է կայանալու, եւ անհրաժեշտ է լինելու պատգամավորների առնվազն 3/5-րդ ձայները, քվեարկությունն էլ տեղի կունենա այսօր: Երեկ խորհրդարանը նաեւ քննարկեց Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Կառույցի ղեկավար Լեւոն Յոլյանը նշեց, թե ՎՊ-ի իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են 18 ընթացիկ հաշվետվություններում, որից երեքի վերաբերյալ ՎՊ խորհուրդն ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ եւ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ընդ որում, դրանցից «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վերաբերյալ արդեն քրեական գործ է հարուցված: Բայց հետաքրքիրն այն է, որ հատկապես ՎՊ հաշվետվության քննարկումներն անցան շատ միապաղաղ մթնոլորտում, առանց լուրջ ելույթների, առանց հարցուպատասխանի: Կարծես այդ հաշվետվությունը քննարկման էր դրվել ընդամենը օրակարգը լցնելու, ժամանակ սպանելու համար: Այնինչ` նկատենք` ՎՊ հաշվետվությունը լուրջ ուսումնասիրելիս պետական գերատեսչություններում համատարած կոռուպցիայի մասին փաստեր կարելի է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է ՎՊ հաշվետվությանը: Եւ նկատենք, որ ընդդիմությունը կարող էր ՎՊ բացահայտումները դարձնել լուրջ ելույթների, իշխանությունների հասցեին քննադատությունների առարկա: Չնայած, մեծ հաշվով, Հայաստանում ՀՀԿ իշխանությունը փաստացի այլեւս չկա, պարզապես նրանք ժամանակավորապես մնացել են աթոռներին եւ դե յուրե կփոխվեն մայիսի 8-ից, երբ վարչապետ ընտրվի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս