ՀՀԿ-ԻՑ ՈՎՔԵ՞Ր ԿՈՂՄ ԿՔՎԵԱՐԿԵՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 41 պատգամավորի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում կրկին առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես հայտնի է՝ Սահմանադրության համաձայն` երկրորդ փուլով վարչապետ ընտրելու համար արդեն անհրաժեշտ է պատգամավորների թվի 1/3-րդի ստորագրությունը, որն էլ տեղի ունեցավ «Ելք», «ՀՅԴ» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների ստորագրության շնորհիվ: Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված նիստից հետո հայտարարվեց, որ ՀՀԿ-ն քվեարկությամբ կօգնի, որպեսզի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուն ընտրվի: Փորձենք հասկանալ եւ վերլուծել, թե ովքեր են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին եւ ապահովելու նրա ընտրվելու համար անհրաժեշտ 53 ձայնը:

Իհարկե, Փաշինյանին առաջադրած խմբակցություններից եղել են նաեւ մարդիկ, որ չեն ստորագրել, սակայն սա չի խանգարել, որպեսզի հավաքված ստորագրությունները նվազագույնից նույնիսկ ավելի լինեն: Սակայն ամեն դեպքում նշենք, որ յուրաքանչյուր խմբակցությունից էլ չստորագրած պատգամավորներ են եղել: Մասնավորապես ձեւաթղթի տակ չի ստորագրել անձամբ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ստորագրահավաքին չի միացել ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, որը երեկ վայր դրեց մանդատը. սա էլ այն պատճառով, որ նա քավորսանիկական հարաբերությունների մեջ է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հետ: ՀՅԴ-ից 7 ստորագրության փոխարեն հավաքվել է 6-ը: Իսկ ահա «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից ձեւաթղթի տակ ստորագրել են 27-ը: Սակայն չորս պատգամավորները ոչ թե դիտմամբ չեն ստորագրել, այլ պարզապես բացակայել են երեկվա նիստից: Նրանք են՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Իշխան Զաքարյանն ու Մելիք Մանուկյանը: Ընդգծենք, որ վերջին երկու պատգամավորները ԱԺ-ում ներկա չեն եղել նաեւ վարչապետի նախորդ քվեարկությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում` մայիսի 8-ին կայանալիք հատուկ նիստի ժամանակ արդեն ներկա լինեն նաեւ նախորդ նիստից բացակայած պատգամավորները: Մեր տեղեկություններով` Մելիք Մանուկյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում առողջական խնդիրների պատճառով եւ դեռ նախորդ նիստի ժամանակ նաեւ գրություն է ուղարկած եղել խորհրդարան: Բայց այդ գրությունը հաշվի չեն առել, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` պատգամավորը նախապես գրավոր իր քվեարկության մասին կարող է հայտնել գործուղման մեջ գտնվելու դեպքում: Մեր տեղեկություններով` երեկվա դրությամբ Մանուկյանը խոստացել է, թե մինչ այդ օրը Հայաստանում կլինի եւ կներկայանա նիստին:
Չնայած նախորդ նիստի ժամանակ ամբողջ խմբակցության անդամներով փնտրում եւ չէին կարողանում գտնել Իշխան Զաքարյանին, սակայն մենք տեղեկացանք, որ վերջինս եւս իր գործընկերներին խոստացել է գալ եւ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Ինչպես նախորդ անգամ, մայիսի 8-ին էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւս կմասնակցի նիստին: Այսպիսով` ստացվում է, որ վարչապետի քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը կներկայանա իր ամբողջ կազմով` 31 հոգով:
Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, եւ միայն այդ օրը պարզ կլինեն ներկաներն ու քվեարկողները, չէ՞ որ անակնկալներ միշտ կարող են լինել: Ի վերջո, դեռեւս իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ի բնույթը բոլորին է հայտնի. նրանք դեռ ատամներով կառչած են աթոռներից ու կրկին կփորձեն տորպեդահարել քաղաքական գործընթացները:
ՀՅԴ-ում եւս կարծես թե ամեն ինչ հստակ է. խմբակցության վեց անդամներն էլ պատրաստ են ներկայանալ նիստին եւ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Չնայած այս կուսակցությունն էլ նախորդ նիստում ցույց տվեց, որ ունակ է անակնկալներ մատուցել, եւ Աղվան Վարդանյանի արարքն էլ դրա վառ ապացույցն է: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե ՀՅԴ խմբակցությունը միասնական է լինելու, եւ բոլորով կրկին կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին՝ առանց անակնկալների: Ստացվում է՝ արդեն առանց ՀՀԿ-ականների, Փաշինյանն ունի 46 ձայն, եթե այս ձայներին գումարենք դեռ նախորդ նիստում նրա օգտին քվեարկած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, ապա կողմ ձայների թիվը 47 է լինում:
Իսկ ահա ՀՀԿ խմբակցությունում ամեն ինչ խառն է: Պատահական չէ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշված էր, թե ՀՀԿ-ն կաջակցի, որպեսզի պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուն ընտրվի վարչապետ: Եվ աջակցել բառն էլ այստեղ պատահական չէ: Երեկ լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Աջակցել նշանակում է, որ կապահովի, որպեսզի վարչապետի թեկնածուն ունենա 53 ձայն կամ միգուցե ավել, որպեսզի դառնա վարչապետ»,- նշել է նա` հավելելով, թե դա ամենեւին չի նշանակում, թե բոլորը պետք է միասնական կողմ քվեարկեն: Ընդ որում, Շարմազանովը եւս մեկ անգամ հայտարարել է, թե մայիսի 8-ին միգուցե կրկին չտեսնելով Փաշինյանին վարչապետի եւ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, ՀՀԿ-ն այդուհանդերձ չխոչընդոտի, այլ, հակառակը, աջակցի, որ նա ընտրվի վարչապետ: Անձամբ Շարմազանովն արդեն հայտարարել է, որ կրկին դեմ է քվեարկելու: Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի քաղաքական թիմն, այնուամենայնիվ, դեմ կքվեարկի Փաշինյանին: Դեմ քվեարկողների թվում կարող են լինել նաեւ ոչ կուսակցականներ՝ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը: Երեկ Գեղամյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե ինչ էլ որոշի խմբակցությունը, ինքը դեմ է քվեարկելու: Բայց ՀՀԿ-ում կհոգան, որ կողմ քվեարկողների թիվը հասնի մոտ 10-ի:
Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դեռ մայիսի 1-ից առաջ որոշում է եղել, որ հենց այդ օրը գործարար-պատգամավորները պետք է կողմ քվեարկեն եւ հենց այդ օրն էլ վարչապետ դարձնեն Նիկոլ Փաշինյանին: Սակայն վերջին պահին փոփոխություններ են եղել, ըստ որոշ տեղեկությունների` գործարարների վրա ազդել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, որպեսզի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն գնար` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ձեռքին լծակներ ունենալով: Բայց չստացվեց այս սցենարը:
Հիմա գործարարները հայտնվել են անհարմար դրության մեջ: Մեր տեղեկություններով` նրանց մեջ վախ կա, որ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է հաշվեհարդար տեսնել իրենց հետ: Սակայն նախօրեին Սերժ Սարգսյանը նրանց կրկին հավաստիացումներ է տվել, եւ որոշում է կայացվել մայիսի 8-ին արդեն քվեարկել այնպես, ինչպես որոշված էր եղել: Մեր տեղեկություններով, սակայն, գործարարների թեւում եւս անհամաձայնություն կա, եւ ոչ բոլորն են միանշանակ հայտարարել, թե պատրաստ են քվեարկելու, մասնավորապես, Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը: Գործարար թեւից զատ` Նիկոլ Փաշինյանին կողմ կարող են քվեարկել նաեւ գեներալ-պատգամավորները, ովքեր դեռ նախորդ նիստից հետո փոշմանած են եղել, որ չեն վարվել Ֆելիքս Ցոլակյանի պես: Երեկ էլ լրագրողների հետ զրույցում գեներալ Սեյրան Սարոյանը նշեց, թե միգուցե Ցոլակյանը դեռ այդ ժամանակ էր հասկանում, որ կողմ քվեարկելն է ճիշտ: Սարոյանը նաեւ ասել է, թե ինքը միշտ էլ հոգով ընդդիմադիր է:
Ուշագրավ է, որ երեկ Գեղարքունիքի մարզից վարկանիշային կարգով պատգամավոր Հակոբ Հակոբյանն իրեն պատկանող ՀԷԿ-ի ջուրը փակած քաղաքացիներին հայտարարել է, թե ինքն էլ է կողմ քվեարկելու, սակայն մեր տեղեկություններով` նման որոշում այս պահին առկա չէ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԽԱՂԵՐ ՉԿԱՆ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հեռացվի նաեւ կուսակցությունից: «ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ»,- ասաց նա: Ռուստամյանն անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին հնչեցրած տեսակետին, թե պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով: «Պատգամավորը իրավունք ունի առաջնորդվել իր համոզմունքներով, սակայն սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ»,- ասաց նա: Աղվան Վարդանյանն էլ երեկ խորհրդարան էր եկել եւ լրագրողների հետ զրույցում հերքեց, թե այդպես է վարվել իր վրա եղած ճնշումների պատճառով: Նրա փոխարեն պատգամավոր կդառնա ՀՅԴ-ական Ռուզաննա Առաքելյանը: Հիշեցնենք` մանդատից հրաժարվել է նաեւ ՀՀԿ-ական Գրիգորի Ավալյանը, որը հակառակվել էր ՀՀԿ խմբակցության որոշմանը եւ չէր մասնակցել ու դեմ չէր քվեարկել Փաշինյանին: Ավալյանը վարկանիշային պատգամավոր է թիվ 13 ընտրատարածքից, եւ նրա փոխարեն Տավուշի մարզից մանդատ կստանա նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

 

 

ՎԱԽԵՑԱԾ
ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք անհարմար իրավիճակներից խուսափելու համար որոշել են իրենց մեքենաների վրայից հանել ԱԺ հատկացրած պետհամարանիշները` փոխարենը փակցնելով սովորական համարանիշներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներից շատերը վախից են այդպես վարվել, որպեսզի հանկարծ ցուցարարներն իրենց նկատմամբ անցանկալի գործողությունների չդիմեն, հատկապես, երբ ՀՀԿ-ականները չքվեարկեցին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես իր մեքենայից ԱԺ-ի կողմից տրամադրված համարանիշը հանել է ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը: Այդպես են վարվել նաեւ այն ՀՀԿ-ականները, որոնք Փաշինյանի դեմ ճղճիմ ելույթներ էին ունենում` այդպես հարուցելով բնակչության զայրույթը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կարապողոսյանին, սակայն պատգամավորը չցանկացավ պատասխանել որեւէ հարցի:

 

 

ԾԱՂԻԿՆԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ
Մինչ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նորանոր դրսեւորումներ էր ստանում, երկրի արտաքին քաղաքականությամբ զբաղվող թիվ մեկ կառույցը զբաղված էր հուշանվերներ գնելով։ Ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ԱԳՆ-ն ծաղիկներ է գնել, բնականաբար, «Էնի Ռոուզ» ընկերությունից, որը հայտնի է իր թանկարժեք ծաղիկներով։ Այսպես` ԱԳՆ-ն ապրիլի 23-ին գնել է 31 հատ վարդ՝ վճարելով 39 հազար 500 դրամ, նույն արժեքով մեկ հատ ծաղկային կոմպոզիցիա: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ԱԳՆ ապրիլի 25-ին գնել է երկու յուղանկար, յուրաքանչյուրը 200 հազար դրամով:

 

 

ՊԲ-Ն ՀԵՐՔԵԼ Է
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը, թե անցած գիշեր Աղդամի շրջանում հայկական ուժերը կրակ են բացել խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան: Ստեփանակերտը վստահեցնում է, որ Ղարաբաղի պաշտպանության բանակը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում:

 

 

ՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ
Մայիսի 8-ին վարչապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը անխուսափելի է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ «Կարծում եմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, քանի դեռ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունեցել», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա՝ հավելելով, որ իրենք պատկերացում ունեն այն ժամկետների վերաբերյալ, թե երբ պետք է անցկացվեն նոր ընտրությունները, բայց այս հարցը նախ պետք է քննարկվի մյուս քաղաքական ուժերի հետ: «Այդ հարցի վերաբերյալ կարեւոր է, որ ոչ թե ինչ-որ մեկի պատկերացումը պարտադրվի մյուսներին, այլ մենք ունենանք ընդհանուր ըմբռնում, որպեսզի քաղաքական ուժերի առնվազն մեծամասնության համար ընդունելի լինի»,- պնդել է Փաշինյանը:




Լրահոս