«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կառավարության անդամների մի մասը, պայմանավորված ներքաղաքական իրադարձություններով, հրաժարականի դիմումներ է պատրաստել` ցանկություն հայտնելով միանալ ժողովրդին: Նախարարները դիմումները պատրաստ` սպասում էին Ազգային ժողովում վարչապետի ընտրություններին: Եթե այդ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը հաղթեր, ապա նախարարները կներկայացնեին հրաժարականի դիմումները: Մեզ հասած տեղեկություններով` կառավարության ներկայացուցիչները ասել են, որ չեն ցանկանում ժողովրդի թշնամին լինել եւ պարզապես դիմում կգրեն եւ կգնան, սակայն դիմում գրած նախարարներին հասկացրել են, եթե այդ քայլին դիմեն, ապա քրեական պատասխանատվությունը չի ուշանա, քանի որ իրենց դեմ կոմպրոմատների հսկա տրցակներ կան, եւ ուրեմն անհրաժեշտ պահի դրանք գործի կդրվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյան
-Պարո՛ն Ասատրյան, մեզ հասած տեղեկությունների համաձայն` երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` մի շարք նախարարներ ցանկացել են հրաժարական տալ, սակայն վերջիններիս հիշեցրել են իրենց ոլորտում առկա բացահայտված չարաշահումները: Ձեզ, օրինակ, հիշեցրել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատան չարաշահումները, որոնց մեջ ներգրավված են Ձեր մտերիմները, Նորքի տուն ինտերնատի չարաշահումները եւ այսպես շարունակ:
– Լավ եղե՛ք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իգնատի Առաքելյան
-Պարո՛ն Առաքելյան, ասում են` Դուք ցանկացել եք գնալ, սակայն Ձեզ ասել են` եթե դիմում գրեք, ապա Ձեր ոլորտում առկա բացթողումները կհրապարակվեն եւ Ձեզ քրեական պատասխանատվության կկանգնեցնեն: Ձեզ սպառնացե՞լ են:
-Ո՛չ, չեն եղել:
-Եթե չի եղել, ինչո՞ւ չմիացաք ժողովրդին, մայիսի 2-ին Ձեր գործընկեր, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց, եթե Ձեզ չեն սպառնացել, միանայիք, ի՞նչ խնդիր կար:
-Ես գտնում եմ, որ այսօր նպատակահարմար չէ պատասխանել այդ հարցին:
-Ինչո՞ւ, ինչի՞ն եք սպասում, թե ի՞նչ կասի ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, ի վերջո, երբ նա նշանակվեց վարչապետ, Դուք եկաք կառավարություն եւ համարվում եք նրա թիմակիցը:
-Երբ կառավարությունը ձեւավորվի:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյան
-Պարո՛ն Կարապետյան, Վերահսկիչ պալատը Ձեր ոլորտում չարաշահումներ էր հայտնաբերել, ավելին` այս օրերին ազգային անվտանգության ծառայությունում քննվում է բանակին կարագի փոխարեն մարգարին մատակարարելու քրեական գործը, որի արդյունքում մեղադրյալի աթոռին են հայտնվել Ձեր ղեկավարած ոլորտի պաշտոնատար անձինք: Ձեզ այս իրավիճակը չի՞ մտահոգում:
-Չեմ մեկնաբանում, քանի որ այդ մասով մեկնաբանություն եղել է:
-Ի՞նչ մեկնաբանություն:
-Որեւէ բան չեմ ասելու:
-Իսկ կարո՞ղ է Ձեզ սպառնացել են` ասելով` եթե դիմում գրեք, գնաք, ապա այս բոլոր քրեական գործերի համար լավ օրեր Ձեզ չեն սպասվում:
-Չեմ մեկնաբանում որեւիցե բան:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, ասում են, որ նախարարներին սպառնացել են` քրեական պատասխանատվության ենթարկելով, եթե միանան հասարակությանը եւ մերժեն իշխանություններին, Ձեզ սպառնացե՞լ են:
-Ո՛չ, չի եղել նման բան:
-Այսինքն` մտավախություն չունե՞ք` եթե միանաք, Ձեզ հիշեցնեն նախկինում կատարած արարքները:
-Ինչի՞ց մտավախություն ունենամ:
-Ձեզ հիշեցնեն նախկինում կատարած արարքները, եթե թիմին դեմ գնայիք:
-Չի եղել նման բան:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան
-Պարո՛ն Նազարյան, Ձեզ սպառնացե՞լ են` ասելով, եթե հրաժարականի դիմում գրեք, միանաք ժողովրդին, քրեական պատասխանատվության կենթարկվեք:
-Իմ մասով չի եղել, եթե երեկ հարցնեիք, կարող է պատասխանեի, արդեն ուշ է:
-Ի՞նչ է փոխվել:
-Դե, հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել, եւ հետո` ես դիմում չեմ կարող գրել, իմը 5 տարվա պաշտոնավարման ժամկետով է, ո՞ւմ դիմում գրեմ:
-Մի՞թե դժվար էր չսպասել պաշտոնավարման ժամկետի լրանալուն, եւ միանայիք հասարակությանը:
-Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, թող դա մնա իմ խղճի վրա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԲԱՆԿ ԹԱԼԱՆԵԼ
Երեկ` 15:00-ի սահմաններում, ավազակային հարձակում է իրականացվել HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա: Իսկ ավազակային հարձակում իրականացնողը ոչ ավել, ոչ պակաս եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, գնդապետ Դանիել Դանիելյանը: Նա դեմքը փակված վիճակում, որսորդական հրացանով, դանակով եւ նռնակով ներխուժել է HSBC բանկ: Նախ կրակել էր առաստաղին եւ պահանջել գումար: Բանկի անվտանգության աշխատակիցը նրան ուղեկցել էր դեպի այն տարածք, որտեղ գտնվում է գումարը: Ու մինչ աշխատակիցները գնացել են գումարի հետեւից, բանկում պահպանություն իրականացնող ոստիկանության ՊՊԾ ջոկի հրամանատար Արա Շախգուլյանը, ինչպես նաեւ անվտանգության 19-ամյա եւս մեկ աշխատակից ձեռնամարտի են բռնվել գնդապետի հետ: Ձեռնամարտի ժամանակ էլ գնդապետը դանակով մի քանի անգամ հարվածել է անվտանգության աշխատակցին, որը տեղում մահացել էր: Նա նաեւ հասցրել էր հրազենով մարմնական վնասվածքներ հասցնել Շախգուլյանին: Ավելի ուշ երկրորդ բոթը լսվեց, բժիշկներին չհաջողվեց փրկել ոստիկանության սպա, երկու երեխաների հայր Արա Շախգուլյանի կյանքը:
Կատարվածից հետո գնդապետ Դանիելյանը վերցրել է գումարները եւ որոշել փախչել: Գնդապետ Դանիելյանը փորձել էր գողանալ մոտ 15 միլիոն դրամ: Սակայն բանկից մի քանի մետր հեռավորության վրա ոստիկանների եւ քաղաքացիների համատեղ ջանքերով բռնվել է: Նույնիսկ տեսանյութում երեւում էր, թե ինչպես են քաղաքացիները զայրացած, նրան ոտքերով խփում: Ավելի ուշ, երբ հրապարակվեցին ձերբակալվածի նկարները, նրա դեմքին երեւում էին լուրջ վնասվածքներ, կապտուկներ:
Նկատենք, որ դեպքից հետո իրավապահները ինքնաձիգներով շրջապատել էին բանկին հարակից տարածքը, այդ թվում՝ բանկին մոտ գտնվող շենքերի մուտքերը, սկսվել են ստուգումներ: Կասկածներ կային, որ գնդապետը միայնակ չի եղել, այլ նրան դրսում սպասողներ են եղել: Առայժմ ոստիկանությունը չի հայտնաբերել որեւէ մեկին:
Ի դեպ, տեսակետ կա, որ առաջիկայում նրա՝ ոստիկանական գործունեության մասով եւս այլ աղմկալի բացահայտումներ լինեն: Հետաքրքիր է՝ ի՞նչն է դրդել ոստիկանության գնդապետին ավազակային հարձակում կատարել` սպանելով երկու ոստիկանների: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց նրա ունեցվածքի հայտարարագիրը, եւ պարզեցինք, որ նա ունի երկու անշարժ գույք, բացի այդ` ունեցել է 5 մլն դրամ գումար, իսկ եկամուտն էլ կազմել է 4 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Իսկ ահա տարեկան հայտարարագրի համաձայն` գնդապետը ներկայացրել է 6 մլն ռուսական ռուբլու արժեթղթեր, 6 մլն դրամի միջոց, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կրկին կազմել է 6 մլն դրամ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի կառավարության հերթական նիստը, որը վերջին անգամ վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «Այս կազմով կառավարության վերջին նիստն է, եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքիր ժամանակահատված»,- ասել է Կ. Կարապետյանը:
ԿԱՐԴԱՑԵԼ Է
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե լինի անհրաժեշտություն, կհանդիպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ Փաշինյանի` իրենք բաց են լինելու քննարկումների համար: Հարցին, թե արդյո՞ք ծանոթացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության հետ եւ ինչպես է մեկնաբանում, Փաշինյանն ասել է. «Կարդացի եւ ընդունեցի ի գիտություն»:
ԵՐԲ ՉԻ ԼԻՆՈՒՄ ԵԼՔ ՈՒ ՃԱՐ
ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո հրաժարական ներկայացրեց նաեւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 11 ամիս առաջ՝ ՀՅԴ քվոտայով: Երեկ արդեն կառավարության որոշմամբ դադարեցվեցին Խաչատրյանի լիազորությունները: Մինչեւ հեռանալը արդեն նախկին մարզպետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ մարզում աշխատելով` հասկացել է՝ շատ հարցերում իշխանավորը հեռացած է եղել ժողովրդից: Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ Խաչատրյանն ասել է. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն այսօր արդեն իրականություն է: Ժողովուրդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում: Երկիրը թեւակոխում է զարգացման նոր փուլ: Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել, որ փոշիանան: Անցյալի սխալները պետք է սերտել` նոր սխալներից խուսափելու համար»:
ՊՈՒՏԻՆԸ ԶՈՀԱԲԵՐԵԼ Է
«The Washington Post»-ի փոխանցմամբ` ՀՀ-ն ձերբազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից եւ ժողովրդական շարժման շնորհիվ փորձում է իրականացնել ժողովրդավարական փոփոխություններ` հավասարություն պահպանելով Արեւմուտքի ու ՌԴ-ի հետ հարաբերություններում: Նշվում է, որ վերջին 25 տարվա ընթացքում ՀՀ-ի առջեւ կանգնած էր երկընտրանք` իր արեւմտամետ սիմպատիաները համատեղել ՌԴ-ից ռազմական կախվածության հետ, ինչը հանգեցրել է Սերժ Սարգսյանի շուրջ մոսկվայամետ օլիգարխների խմբակի ձեւավորմանը: Պուտինը որոշեց` ավելի լավ է զոհաբերել իր դաշնակից Սարգսյանին, սակայն պահպանել ամբողջ ՀՀ-ն` երկրորդ Ուկրաինան թույլ չտալու համար:
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԻ
Ռուս քաղաքագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովի նկատառմամբ` ադրբեջանական բլոգոսֆերայում վերջին շրջանում կան քննարկումներ, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ կլինեն որոշակի փոխզիջումների գնալ Ղարաբաղի հարցում: Սակայն նա նշել է, որ դժվար թե Հայաստանի դիրքորոշումը մեծապես փոխվի այս հարցում, եւ զիջումներ լինեն: «Որոշակի կոնսենսուս այս հարցի շուրջ հայաստանյան քաղաքական դաշտում եւ հանրությունում կա: Դրա համար չեմ կարծում, որ եթե նոր իշխանությունը որոշի ինչ-որ բան փոխել, ապա կսկսի Ղարաբաղից»,- ասել է նա: