ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է՝ ԻՆՉՈՒ ՀՀԿ-Ն ՎԱՐՉԱՊԵՏ ՉԸՆՏՐԵՑ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, թե աջակցելու է, որպեսզի մայիսի 8-ին պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուն ընտրվի վարչապետ: Երեկ արդեն պատգամավորների կողմից թեկնածու առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը, ում գլխավորությամբ մարտի 31-ից պայքար էր սկսվել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Եվ կարծես թե պայքարը տալիս է իր հերթական պտուղները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցեւմ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը կարծիք հայտնեց, թե խորհրդարանը վարչապետ պետք է ընտրեր դեռեւս մայիսի 1-ին, եւ զարմանալի է համարում իշխող ուժի խմբակցության անդամների պահվածքը: Միեւնույն ժամանակ նախկին պատգամավորի խոսքով` պայքարի հաջողության գրավականն ընտրված մեխանիզմն ու ժողովրդի՝ ավելացող դժգոհությունն էր:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
-Պարո՛ն Նուշիկյան, ըստ Ձեզ` ո՞րն էր համաժողովրդական պայքարի հաջողության գրավականը:
-Դրա համար շատ պատճառներ կան: Առաջին հերթին այն, որ ժողովուրդն իսկապես դժգոհ էր, եւ, իհարկե, պայքարի ձեւն ու մեխանիզմները: Բոլորը միասին բերեցին հաջողության: Բնական է՝ պայքարի ձեւերը, մեխանիզմները մշակված էին, ինքնաբուխ չեղան դրանք, բայց պատճառը դա չէր, դա հետեւանքն էր: Իսկ պատճառը՝ ժողովրդի, դժգոհության, անբավարարվածության մեջ էր: Վերջին հաշվով ժողովուրդը ոտքի կանգնեց ու արեց այն, ինչ արեց:
-Այսինքն` Դուք լինելով նաեւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր` չեք ժխտում, որ ժողովուրդը դժգոհ է եղել իշխող ուժի վարած քաղաքականությունից:
-Դժգոհ էր, որ այսպես եղավ: Եթե գոհ լիներ, ինչու պետք է պայքարեր: Չնայած փաստ է, որ բոլոր երկրներում էլ ժողովուրդներն իրենց իշխանություններից միշտ դժգոհ են, եւ դա լավ է ու ճիշտ, քանի որ դա է առաջ տանում, զարգացնում երկիրը: Ուղղակի մեզ մոտ այդ դժգոհությունները շատ ավելի մեծ էր, եւ այժմ ունենք այն, ինչ որ ունենք:
-Այն, որ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին կաջակցի պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված թեկնածուին, եւ այդ օրը կընտրվի վարչապետ, ամենաօպտիմա՞լ տարբերակն եք համարում:
-Ես այժմ կասեմ իմ կարծիքը: Շատ ավելի օպտիմալ կլիներ, եւ ես սպասում էի, որ այդ ընտրությունը տեղի ունենար մայիսի 1-ին: Անկեղծ ասած` ինձ համար մինչեւ այս պահն անհասկանալի է, թե ինչու այդպես եղավ, եւ ինչու այդ հարցը ձգվեց: Միգուցե ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով է դա, չեմ կարող ասել, քանի որ ես այդ ամեն ինչի մեջ չկամ, դժվար է մեկնաբանել: Բայց իմ կարծիքով` ավելի լավ կլիներ, որ դա լիներ ամսի 1-ին:
-Այսինքն` կարծո՞ւմ եք՝ եթե միեւնույն է` պետք է ընտրեին, ինչո՞ւ երկարացրին:
– Բնականաբար: Եթե պետք է ընտրեին, ապա դա պետք է անեին մայիսի 1-ին: Գուցե շատ բաներ կան, որ ես տեղյակ չեմ, միգուցե եւ ճիշտն էլ դա էր, բայց իմ տեսակետից ճիշտ կլիներ այնպես: Ինչու եմ դա ասում, քանի որ նույն խմբակցությունում եւ կուսակցությունում շատ ու շատ պարկեշտ մարդիկ կան, որոնց այս ընթացքում պիտակավորեցին, եւ բացարձակ դա իրենց հարիր չէ: Նրանք այդ մարդիկ չեն, որոնց ժողովուրդը վիրավորված այդ պիտակավորումները կպցնում է: Ու որ այդ ամեն ինչը չլիներ, ճիշտ կլիներ մայիսի 1-ին ընտրելը:
-Պարո՛ն Նուշիկյան, իսկ նոր իշխանությունների պարագայում ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են լինել, եւ այս իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան տնտեսության վրա:
-Ցանկացած երկրում եւ առավել եւս մեր նման երկրներում, իշխանափոխությունը տնտեսության զարգացման համար որոշակի արգելակում է առաջացնում, բայց երկրներ կան, որ այդ արգելակումից հետո շատ ավելի լավ տեմպերով է զարգացումը լինում, եւ երկրներ կան, որ ավելի ցածր է լինում, նայած թե այդ ժամանակվա իշխանությունն ինչ քաղաքականություն է վարում: Մեր բոլորի մոտ կա այդ ակնկալիքները, որ ավելի լավ է լինելու տնտեսության վիճակը, քան, ասենք, նախկինում: Թե չէ հակառակ դեպքում ինչու համար էր այս ամեն ինչը, եթե պետք է լավ չլինի: Ես շատ կուզենամ, որ հանկարծ մեր հասարակությունը չհիասթափվի, ինչպես եղավ 90-ականներին: Ես չգիտեմ՝ ինչպիսի կառավարություն է ձեւավորվելու, բայց մաքսիմալ պետք է փորձենք աջակցել, որ երկիրն ավելի զարգացում գնա ու ավելի բարձր տեմպերով:
-Ըստ Ձեզ` երկա՞ր ժամանակ է հարկավոր դրա համար:
-Համենայնդեպս չեմ կարծում, որ շատ կարճ ժամանակում մենք կկարողանանք: Մինչ կառավարության ձեւավորումը բավականին բացասական ազդեցություն կլինի, եւ ստարտային մեկնարկին հասնելու համար ժամանակ է հարկավոր, եւ առավել եւս երկար ժամանակ է հարկավոր ավելի առաջ գնալու համար:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
2009թ. սկսած` Վերահսկիչ պալատը երբեք իր նախաձեռնությամբ գլխավոր դատախազություն գործ չի ուղարկել. այդ մասին երեկ ԱԺ-ում ՎՊ 2017 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: «Հիմնականում եղել է ընթացիկ հաշվետվություն: Եղել է, որ դատախազությունն ուղղել է ողջ հաշվետվությունը՝ ուսումնասիրելու համար: Այն արձանագրությունները, որոնք մենք ուղարկել ենք գլխավոր դատախազություն, հրապարակային են: Ճիշտն ասած` իրավական դաշտում գործը կարճելուց հետո մեր քայլերը, որոնք պետք է լինեն, պատրաստ չեմ պատասխանելու, բայց հարցն ինքնին կարեւոր է: Մեզ մոտ չկա իրավաբանների այնպիսի քանակ, որ տեսնեն դատախազության կողմից մերժումների հիմնավորումները: Պետք է այդ ուղղությամբ մտածել՝ հաստիքների ավելացման ուղղությամբ գուցե: Գուցե նաեւ հարցը օրենսդրական կարգավորման դաշտում է»,- ասել է նա: Ավելի վաղ Լեւոն Յոլյանը հայտարարել էր, որ 2017 թվականի հաշվետվության արդյունքում արձանագրված նյութերից երեքում Վերահսկիչ պալատի խորհուրդը ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ, որոնք ուղարկել է գլխավոր դատախազություն:

 

 

ՈՒՇԱԴԻՐ ԵՆ
ՌԴ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ շարունակում են ուշադիր հետեւել Հայաստանում ներքաղաքական գործընթացին: «Ակնկալում ենք, որ տարաձայնությունները կլուծվեն իրավական, սահմանադրության շրջանակում՝ կողմերի կառուցողական երկխոսությամբ: Դա թույլ կտա շատ արագ վերականգնել պետական կառույցների կայուն աշխատանքը, հասարակության նորմալ կյանքը: Տրամադրված ենք շարունակել ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության եւ երկու ժողովուրդների շահերից բխող դաշնակցային փոխգործակցության ամրապնդման եւ զարգացման աշխատանքները»,- ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում:

 

 

ՍԱՐՈՅԱՆՆ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, պատասխանելով հարցին, թե մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ արդյո՞ք կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին, հայտարարել է. «Խմբակցությունն ինչ որոշի, դա էլ կանենք: Սա խմբակցություն է, մենք անհատական չենք ընտրվել, Հանրապետական կուսակցությունն է մեզ առաջադրել»: Հարցին, թե ո՞րն էր Հանրապետականի սխալը, որ երկրում նման իրավիճակ ստեղծվեց, Սեյրան Սարոյանը պատասխանել է` պատմությունը հետո ցույց կտա, եւ հավելել է. «Իմ խիղճը մաքուր է ժողովրդի առաջ»: Ընդդիմության դերում պատգամավորն իրեն շատ լավ պատկերացնում է. «Ես ե՞րբ եմ իշխանության հետ եղել, միշտ էլ ընդդիմադիր եմ եղել, միշտ ժողովրդի կողմից եմ եղել»,- ասել է նա:

 

 

ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ

Օֆշորային սկանդալում հայտնված ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, պարզվում է, ավտոմեքենա չունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից:

Պողոսյանը մեքենա չունի այն դեպքում, երբ իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը Հայաստանում ճապոնական արտադրության BYD ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է: Նրանք են այդ մեքենաները ներկրում, եւ ժամանակին պետական բյուջեի միջոցներով ԴԱՀԿ-ի համար հենց այս մակնիշի մեքենաներ էին ձեռք բերել` այդպես զարգացնելով Միհրան Պողոսյանի բիզնեսը: Փոխարենը պատգամավոր Պողոսյանն ունի շենքեր-շինություններ, հասարակական նշանակության 6 հատ շինություն, արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ հատ ավտոտնակ: Այս պատգամավորը շատերի մոտ հայտնի է որպես Քեթրինի Միհրան: Բանանի, ցիտրուսային եւ տրոպիկական մրգերի ներմուծող եւ մենաշնորհ ունեցող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն անմիջականորեն առնչվում է Միհրան Պողոսյանի հետ: Բանանի միակ ներկրող պատգամավորի դրամական միջոցները անցած տարում կազմել են 32 մլն դրամ եւ 153 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած 3 մլն 100 հազար դրամը:
Բայց հետաքրքիր հայտարարագիր է ներկայացրել նրա կինը` Կարինե Մխիթարյանը, ով 2016 թվականին 0 դրամ տարեկան եկամուտով 70 հազար դոլարով գնել է RANGE ROVER SPORT-HSE մակնիշի ավտոմեքենա: Ըստ նրա հայտարարագրի` չի աշխատել: Բայց փոխարենը ունեցել է 2 մլն դրամի չափով դրամական միջոց: Նկատենք, որ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն բացի բանանի, ցիտրուսային եւ տրոպիկական մրգերի ներմուծումից, զբաղվում է նաեւ պարարտանյութերի եւ թունաքիմիկատների ներկրմամբ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերությունը բուծում եւ բազմացնում է խոզեր, կովեր, ոչխարներ եւ հնդկահավեր: Բայց այս ամենի մասին հայտարարագրում եւ ոչ մի խոսք չկա: Ավելին` նրա անվան հետ է կապվում նաեւ «Կավկազսկայա պլեննիցա» ռեստորանը, «Գրիար» ՓԲԸ-ն, «Փարիզ» եւ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս