Ես երջանիկ հրամանատարներից մեկն եմ. Լևոն Երանոսյանը հրաժեշտ տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի սիրելի զինծառայողներ. այսօր ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` մեր համատեղ ծառայության համար: Ծառայություն, որի նպատակն ամուր, ուժեղ, կայուն և զարգացող Հայաստանի տեսլականն է: Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է: Եվ մենք` լինելով այդ հայրենիքի նվիրյալն ու զինվորականը, փորձել ենք անել ամեն հնարավորն ու անհնարինը կերտելու մեր բոլորի երազած հզոր ու անվտանգ Հայաստանը: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության առաջին օրվանից ես ներդրել եմ ամեն ջանք ու եռանդ, գիտելիք ու հմտություն, որ մեր գործը հաջողի: Ունեցել ենք բազում դժվարին օրեր ու անքուն գիշերներ, մեկը մյուսին հաջորդող դժվարին պահեր ու վայրկյաններ:

Բայց ի պատիվ բոլորիս, մենք այդ բոլոր փորձությունները պատվով ու արժանապատվորեն ենք հաղթահարել. հաղթահարել ենք հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների ու ծնողների, հանուն հայ ժողովրդի: Որպեսզի նրանք վաղվա օրն արթնանան ավելի անվտանգ ու կայուն Հայաստանում:

Մեր ծառայության ընթացքում մենք մեր համար ուղենիշ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության համար կռիվ տված, այդ հանրապետության համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած իմ սերնդակիցների, ձեր հայրերի ու նրանց եղբայրների պայքարի ուղին, որն էլ փորձել եմ փոխանցել ձեզ մեր համատեղ ծառայության ընթացքում: Հեշտ առաքելություն դրված չի եղել մեր առջև. ներքին անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանություն, հատուկ և կարևոր օբյեկտների պահպանություն և պաշտպանություն, ինչպես նաև հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելը: Այո′, դժվարին ու բարդ առաքելություն, որն իրականացնել կարող են միայն ուժեղները, ովքեր ունեն իրենց առջև դրված նպատակ և երազանք: Այն է` ունենալ ամուր պետականություն, հզոր երկիր և երջանիկ ժողովուրդ: Մենք փորձեցինք ու երևի թե հաջողեցինք մեր գործում:

Գնահատականը կտան հաջորդ սերունդները: Սիրելի զինակիցներ, ոստիկանության զորքերի վերջին տարիների գործունեությունը արժևորվում է ծառայողամարտական գործունեության մեջ նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով: Մենք պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները` հանուն մեր երկրի, պետականության և ժողովրդի: Վստահ եմ, որ վաղն էլ ոստիկանության զորքերը կշարունակեն կատարել օրենսդրորեն ամրագրված իր պարտականությունները` դրսևորելով զսպվածություն, համախմբվածություն, կարգապահություն, վճռականություն և կամք:

Լինելով սեփական փորձի և բարի ավանդույթների կրողը, հստակ գիտակցելով իր առջև դրված պարտականությունների կատարման կարևորությունը ձեռնամուխ կլինի անձնակազմի մարտական ոգու կոփմանն ու կշարունակի ծառայել ի շահ հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի: Յուրաքանչյուր հրամանատարի համար էլ պատիվ է ծառայել այնպիսի զինվորական կոլեկտիվի հետ, որը ներշնչում է վստահություն ու հավատ, ումից զգում ես հավատարմություն ու նվիրվածություն, սեր, հարգանք Ես այդ երջանիկ հրամանատարներից մեկն եմ:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶԱՆԻՑ

Բայց ավելի շնորհակալ կլինեմ, երբ մեր սկսած գործը նման եռանդով ու նվիրվածությամբ շարունակեք առաջ տանեք, հմտանաք ու կատարելագործվեք, ուժեղանաք ու հզորանաք: Ես դրանում վստահ եմ, և դուք տվել եք այդ առիթն ինձ: Ես այսօր հպարտությամբ կարող եմ ասել. «Շնորհակալ եմ ձեզանից, որ տվեցիք ինձ հնարավորություն այդ զգացումներն ապրելու համար»:

Հիշե′ք, սիրելի զինծառայողներ, հայրենիքին ծառայելը չի սահմափակվում, չի վերջանում ինչ որ պաշտոններում ծառայելով: Այն շարունակական է, այն միշտ է, այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ու արարում ենք: Վստահ եմ, որ ոստիկանության զորքերը, որպես մարտական հարուստ ավանդույթներ եւ փորձ ունեցող կայացած կառույց, այսուհետ էլ կշարունակի պատվախնդրորեն և պատասխանատվության մեծ զգացումով կատարել իր ծառայողամարտական խնդիրները, լինել երկրի անվտանգության, իրավակարգի եւ սահմանադրական կարգի պահպանության առաջամարտիկը՝ տարեցտարի ամրապնդելով մարտական փորձն ու ձեռք բերած հաջողությունները:

Լևոն ԵՐԱՆՈՍՅԱՆ

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՈԳՈՒ ԽՈՍՔՆ Է` ՈՉ ՇՈՒՐԹԻ…Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի սիրելի…

Gepostet von Vostikanutyan Zorqer am Donnerstag, 17. Mai 2018




Լրահոս