Նախարար Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում դրամահավաքության վերաբերյալ փաստերն ուղարկելու է ոստիկանապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում տեղի ունեցած դրամահավաքության դեպքի վերաբերյալ փաստերը ուղարկելու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դրամահավաքության վերաբերյալ ահազանգով անսպասելի գնացել էր թիվ 189 դպրոց: Դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը ժողով էր հրավիրել՝ պարզելու դրամահավաքի հետ կապված խոսակցությունների իսկությունը:

Ծնողներից մեկը նշել էր, որ հարցրել են բոլոր ծնողների կարծիքը, և Վերջին զանգի առթիվ ծաղիկներ և այլ առարկաներ գնելու համար 15 հազար դրամ է հավաքել:

Այդ ամբողջ գործընթացը նախարարի օգնականը նկարահանել էր և հրապարակել:

Միջադեպից հետո ԿԳՆ նախարարը տեսաուղերձով հայտարարել է, որ հրապարակված տեսանյութերը ուղարկելու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` հետաքննություն անցկացնելու համար:

«Բոլոր հրապարակված տեսանյութերը այդ մարդկանց անուններով, ինչպես և խոստացել էի ուղարկվելու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որպեսզի հետաքննություն իրականացվի:Անմեղության կանխավարկածից ելնելով ոչ մեկին չեն մեղադրում:Պարզապես կսպասենք քննության ավարտին: Վստահ եմ` մեղավորները կպատժվեն»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը անդրադառնալով մայիսի 18-ին թիվ 189 դպրոցում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ դրամահավաքության մասին տեղեկացել է առավոտյան և որոշել է անսպասելի այցելել դպրոց:

«Մայիսի 18-ի առավոտյան տեղեկություն ստացա, որ դրամահավաքի հետ կապված իրարանցում կա այս դպրոցում` մեկը մյուսից բողոքում է, մի ծնող չի ուզում գումար տա, փորձել են կարգի հրավիրել ծնողին և այլն: Ու որոշեցի այդ ժողովին գնալ, և իհարկե ժողովուրդը անակնկալի եկավ: Շատ տհաճ էր, որ երբ հարց տվեցի դրամահավաքի վերաբերյալ, ծնողներից ոչ մեկը չարձագանքեց: Հետո երկուսը արձագանքեցին փաստելով, որ եղել է դրամահավաք և փաստացի 30 աշակերտից 15 հազարական դրամ են հավաքել: Պարզվեց, որ դա միայն Վերջին զանգի նվերների գումարն է: Հետո ասացին, որ գումար են հավաքել նաև խնջույքի համար»,- ասել է նախարարը:




Լրահոս